ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐ ԼՈՌԻՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Լոռու մարզի դատախազությունում ուսումնասիրվել է ՀՀ հողօգտագործողներին գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով պարարտանյութերի հատկացման, ինչպես նաեւ տեղական սերմարտադրողներից եւ Ռուսաստանի Դաշնությունից աշնանացան ցորենի սերմացուի ձեռքբերման, բաշխման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակը: ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ հայտնաբերվել են ՀՀ Լոռու մարզի Միխայլովկա, Ձյունաշող համայնքների իրավասու պաշտոնատար անձանց կողմից առերեւույթ կատարված հանցագործության հատկանիշներ մատնանշող փաստական տվյալներ: Պետական աջակցության ծրագրի շրջանակներում տրամադրված աշնանացան ցորենի սերմացուի եւ ազոտական պարարտանյութերի բաշխման գործընթացում իրավասու պաշտոնատար անձանց կողմից առերեւույթ չարաշահումներ թույլ տալու վերաբերյալ ուսումնասիրության արդյունքները 2018թ. մարտի 16-ին ուղարկվել են ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Տաշիրի բաժին` ՀՀ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու եւ ընթացքը լուծելու համար: 2018թ. մարտի 21-ին Լոռու մարզի դատախազությունում հարուցվել են երկու առանձին քրգործեր:

 

 

ԵՄ-Ի ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը նվիրված միջոցառման ժամանակ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին նշել է, որ ԵՄ-ի հիմքում ընկած արժեքներից մեկն այն է, որ չի կարող լինել երկրորդ կարգի քաղաքացի: «Այս պարզ սկզբունքն արտացոլված է մեր հիմնարար իրավունքների խարտիայում, որը պարունակում է շատ հստակ դրույթներ, որոնք կիրարկվում են ոչ միայն ԵՄ անդամ պետությունների կողմից, այլ նաեւ այն երկրների կողմից, ովքեր ձգտում են ավելի սերտ հարաբերություններ ունենալ ԵՄ-ի հետ»:
ԵՄ-ն պատրաստ է անհրաժեշտ աջակցություն տրամադրել Հայաստանի իշխանություններին` որպես մեր համաձայնագրի իրականացման եւ կիրարկման մեխանիզմ: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանն ու այլ մարմիններին մենք կարող ենք հնարավորություն տալ օգտվել հնարավոր գործիքներից: Կարող եմ բաց հայտարարել, որ կառավարության մեր հայ գործընկերների հետ երեկ քննարկել ենք մարդու իրավունքների բյուջետային աջակցության գործիքի կիրառումը, որը պարունակում է շատ լուրջ ծավալներ, որոնք ուղղված են կոնկրետ նախագծերին եւ ծրագրերին, հաշմանդամություն ունեցող երեխաների հատուկ կարիքներին»:

 

 

ԿԱՆԳՆԱԾ ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է
Վրաստանի մայրաքաղաքում ավելի խիստ կհետեւեն այն միկրոավտուբուսներին, որոնք կանոնները խախտում են եւ ուղեւորներին կանգնած տեղափոխում: Երթուղայիններում ուղեւորների կանգնած տեղափոխությունն արգելված է: Վրաստանի վարչական իրավախախտումների օրենսգրքի համաձայն` ուղեւորների տեղափոխության կանոնների խախտումը պատժվում է 100 լարի (մոտ 40,8 դոլար) տուգանքով:
Ըստ Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի` իրենք պետք է ավելի խիստ լինեն կատարման իմաստով: Սա կրկին արվում է ուղեւորների անվտանգության ապահովման նպատակով: Քաղաքապետը նաեւ մեկնաբանել է Վրաստանի պետական աուդիտի ծառայության հաշվետվությունը, որում հատուկ ուշադրություն է դարձված քաղաքային տրանսպորտին: Պարզվել է, որ Թբիլիսիում հին տեսակի քաղաքային ավտոբուսների 68 տոկոսը տեխզննում չի անցել: Պահանջներ կան նաեւ միկրոավտոբուսների վերաբերյալ: Հաշվետվության համաձայն` 2017-ին վարորդների 48 տոկոսը միկրոավտոբուսների տեխզննում չի անցել:
Քաղաքապետն ասել է, որ հին տեսակի քաղաքային ավտոբուսները պետք է փոխարինել նոր` ժամանակակից տեսակի ավտոբուսներով:

 

 

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԿՕԳՏՎԵՆ ՏԵՂՈՒՄ
Արտասահմանում մշտական բնակություն հաստատած մեր հայրենակիցներն այսուհետ հնարավորություն կունենան ՀՀ հյուպատոսական հիմնարկների միջոցով դիմելու եւ ստանալու ինչպես իրենց գույքի նկատմամբ գրանցված իրավունքների եւ սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվություն, այնպես էլ ավարտական փաստաթղթեր (գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականներ, տեղեկանքներ եւ այլն): Կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը, անդրադառնալով այդ մասին կառավարության որոշման փոփոխություններին, ասել է. «Այսինքն` առանց ՀՀ այցելելու օտարերկրյա պետությունում բնակվող մեր հայրենակիցները կարող են հյուպատոսական հիմնարկների միջոցով տեղում օգտվել կադաստրի պետական կոմիտեի կողմից մատուցվող ծառայություններից»:

 

 

ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՑՎԵԼ Է
Երեկ ՀՀ կառավարության նիստին որոշում է ընդունվել, որի համաձայն` ՀՀ կառավարությունը «Հայփոստ» ՓԲԸ-ի` «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»-ին հավատարմագրային կառավարման հանձնելու պայմանագրի ժամկետը երկարացրել է մինչեւ 2019թ. փետրվարի 15-ը: Նշենք, որ ըստ նախագծի հիմնավորման` ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն առաջարկել է ընթացք տալ «Հայփոստ»-ի մասնավորեցման գործընթացին, ինչի շրջանակում քննարկումներ են իրականացվում միջազգային կազմակերպությունների հետ, եւ որը նախատեսվում է իրականացնել մինչեւ 1 տարվա ընթացքում: Կառավարության եւ «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ-ի միջեւ 2016թ. դեկտեմբերի 14-ին 9 ամսով կնքված «Հայփոստ»-ի` ՀՀ սեփականությունը հանդիսացող բաժնետոմսերով հավաստված իրավունքների հավատարմագրային կառավարման մասին պայմանագրի ժամկետը նախ երկարացվել էր 4 ամսով, հետո` եւս 2 ամսով:




Լրահոս