«ԱՅԼԵՎՍ ՉԵՄ ՎԱԽԵՆՈՒՄ ՄԻԱՅՆԱԿ ՄՆԱԼՈՒՑ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է հարցազրույցների շարքը կանանց նվիրված միամսյակի շրջանում։ Մենք անդրադառնում ենք կին լինելու դժվարություններին, առավելություններին, խոսում գեղեցիկ սեռի վախերի, թուլությունների եւ երազանքների մասին։ Այս անգամ մեր զրուցակիցը երգչուհի Ջուսն է։

-Ջո՛ւս, նախ՝ գերավանդական հարցը՝ հայաստանցի կին լինելը հե՞շտ է, թե՞ դժվար։
-Եթե կինը ոչ միայն գեղեցիկ է, այլեւ խելացի, ցանկացած երկրում կհասնի հաջողությունների, խոչընդոտներն էլ հեշտությամբ կհաղթահարվեն։
-Ձեզ նման ազատ մտածելակերպով կնոջ համար դժվար չէ՞ ապրել շատ հարցերում կարծրատիպային մտածողությամբ հասարակության մեջ։
-Դժվար է, բայց հիմա կյանքն առաջ է գնում, կանայք ամեն ինչ վերցրել են իրենց ձեռքը, ավելի ուժեղ են դարձել, ու ես դա ողջունում եմ։ Հիմա, կարելի է ասել, ամեն ինչ կինն է որոշում։ Նախկինում, իհարկե, կարելի էր ասել, որ շատ բաներ տղամարդկանց ձեռքին էր, բայց հիմա կանայք դարձել են դոմինանտ, դարձել են որոշող։ 21-րդ դարի կյանքն է այդպիսին։ Եվ դա ինձ դուր է գալիս։
-Ո՞րն է տղամարդու պատճառած ցավի դեմ Ձեր հակազդելու միջոցը։
-Ինքս ինձ վրա հենվելու միտումը։ Կինը պետք է ամեն ինչի կուլ չգնա։ Դա ես սեփական փորձից եմ ասում։ Նա պետք է երբեք ինքն իրեն չխղճա, այլապես վրայով կանցնեն։ Կինը պետք է առաջ գնա եւ միշտ հաղթող լինի։
-Այս պահին որպես կին ի՞նչ վախեր ունեք։
-Ես միշտ կարծել եմ, որ եթե մենակ եմ, տղամարդ կողքիս չունեմ, դա շատ վատ է։ Մտածել եմ, որ տղամարդու շնորհիվ պետք է ամեն ինչի հասնեմ, որ ինքը պետք է ինձ պահի։ Բայց դա շատ սխալ մտածելակերպ է։ Ես ամուսնալուծվելուց հետո հասկացա, որ պետք է ինքս ինձ վրա հենվեմ։ Եթե կինը այդպես չի մտածում, պետք է անպայման փորձի դուրս գալ հոգեբանական այդ վիճակից։ Այդ ժամանակ ամեն ինչ ճիշտ հունով կընթանա։ Ես միշտ ասում եմ, որ կինն ուժեղ սեռի ներկայացուցիչ է։ Եթե նրա կողքին կա տղամարդ՝ ավելի լավ, եթե կա ուժեղ տղամարդ՝ առավել եւս, բայց այսօրվա դրությամբ կանայք իշխում են աշխարհը, եւ, պատկերացրեք` դա նրանց մոտ վատ չի ստացվում։
-Ո՞րն եք համարում Ձեր կանացի թուլությունը։
-Դա սերտորեն կապված է վախերիս հետ։ Նախկինում ունեի թուլություն, երբ մտածում էի, որ կարող եմ միայնակ մնալ։ Բայց հիմա այլեւս դրանից չեմ վախենում։ Ամուսնալուծությունից հետո այդ առումով եւս շատ եմ փոխվել. դա շատ լավ դաս էր ինձ համար։ Ինձ միշտ ասում են՝ վա՜յ, առանց տղամարդու, առանց երեխաների կմնաս։ Ընտանիք կնոջը, իհարկե, պետք է, բայց այն դեպքում, եթե այն լինի ամբողջական։ Եվ հետո, միշտ չէ, որ միայնակ կանայք դժբախտ են։ Կան շատ կանայք, որոնք ունեն զավակներ, սակայն իրենց չափազանց միայնակ են զգում։
-Երբ կինը հաճախ է փոխում սանրվածքը, նշանակում է՝ հոգեբանական խնդիր է լուծում, մտադիր է փոխել նաեւ անձնական կյանքը։ Ձեր դեպքում է՞լ է այդպես։
-Այո՛, կա նման բան։ Հաճախ առավոտյան արթնանում եմ եւ ցանկանում եմ ուրիշ լինել։ Զգում եմ, որ դա ինձ չափազանց ուրախացնում է։ Առհասարակ, կինը պետք է ինքն իրեն ուրախացնելու առիթը բաց չթողնի։ Նա մի քիչ էլ էգոիստ պետք է լինի, միայն՝ ոչ երեխաների նկատմամբ։
-Ջո՛ւս, եւ վերջում՝ հիմա՝ որպես կին, ինչի՞ մասին եք երազում։
-Երազում եմ թե՛ արտաքնապես, թե՛ հոգեպես, թե՛ կարիերայում կատարելագործվելու մասին։ Հիմա ամբողջ ուժերս կարիերայիս եմ ուղղել։ Երեխաներ ունենալ, օրինակ, շատ եմ ուզում, բայց սկզբում ցանկանում եմ ունենալ իմ անձնական բնակարանը։ Այն տունը, որտեղ ապրում եմ, վարձակալում եմ։ Ես շատ պարտաճանաչ եմ, եւ առանց տուն ունենալու՝ երեխա ունենալ չեմ ուզում, քանի որ այն համոզման եմ, որ երեխային պետք է ապահովել բոլոր պայմաններով, նա պետք է իր կողքին ուժ զգա։ Առաջ Աստված, տեսնենք՝ ինչպես կստացվի։

Զրուցեց ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆԸ

 

 

 

ԼԻԴՈՒՇԻԿԸ՝ ՓՈՔՐԵՐԻ ԱՇԽԱՐՀԻՑ ԴՈՒՐՍ

Մանուկների սիրելի երգչուհի Լիդուշիկը պատրաստվում է դուետով հանդես գալ դերասաններ Սարգիս եւ Մանո Գրիգորյանների կրտսեր դստեր՝ Յանայի հետ։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրեց Լիդուշիկի պրոդյուսեր Գոհար Ավագյանը։ «Գեղեցիկ աշխատանք ենք պատրաստվում ներկայացնել՝ երգելով կրկին փոքրերի աշխարհի մասին»,-ասաց պրոդյուսերը։

Հարցին, թե, այնուամենայնիվ, կարելի՞ է ասել, որ Լիդուշիկը մուտք է գործել մեծերի շոու-բիզնես, հատկապես, եթե հաշվի առնենք, որ նա 19 տարեկան է եւ արդեն կատարում է նաեւ սիրային երգեր, տիկին Գոհարը պատասխանեց. «Վերջերս վերադարձանք Միացյալ Նահանգներից, ուր մեկնել էինք համերգների, եւ հասկացանք, որ երեխաները Լիդուշիկի լսարանի մշտական մասն են կազմում։ Ավետ Բարսեղյանը երբեմն նույնիսկ հումորով ասում է, որ հերթական համերգի ժամանակ զգուշացնելու ենք՝ մինչեւ տասը տարեկան երեխաների մուտքը խստիվ արգելվում է։ Ինչ-որ հետաքրքիր ձգողականություն կա, որով Լիդուշիկը գրավում է փոքրիկներին։ Մենք էլ ենք աշխատում, որ անցումը մեծերի շոու-բիզնես շատ կտրուկ չլինի, որ երեխա հանդիսատեսներին չկորցնենք։ Չէ՞ որ հենց այդ անկեղծ լսարանն է կայացրել երգչուհի Լիդուշիկին»։
Մենք հետաքրքրվեցինք՝ որ տարիքում էլ լինի՝ Լիդուշիկը կշարունակի՞ երգել մանկական երգեր. «Եթե հանդիսատեսը ցանկանա՝ այո, պետք է երգի։ Ի դեպ, ասեմ, որ Միացյալ Նահանգներում մենք ունեցանք հանդիպում երկրպագուների հետ եւ նրանց ասացինք, որ իրենք են ընտրելու՝ Լիդուշիկը համերգի ընթացքում ինչ երգեր կատարի։ Այսինքն՝ սցենարը ինտերակտիվ կերպով կազմեց հանդիսատեսը։ Պատկերացրեք՝ երեխաները պահանջում էին «Փոքրերի աշխարհ» երգը, որը նա կատարել է տասը տարի առաջ»,-եզրափակեց տիկին Գոհարը։
Նա հավելեց, որ կա եւս երկու երգ, որոնց վրա Լիդուշիկը աշխատում է, դրանք դեռ աշխատանքային պրոցեսում են եւ առաջիկայում կներկայացվեն երկրպագուների դատին։ Ինչ վերաբերում է տեսահոլովակին, մեր զրուցակիցը ոչ մի հստակ տեղեկություն դեռ չհաղորդեց։

Ա. ԱՆՏՈՆՅԱՆ

 

 

 

ՄՐՑԱՆԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆԻՆ
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալ»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը ստացել է Հայաստանի 2017թ. լավագույն ֆուտբոլիստի մրցանակը: «Շատ մեծ հաճույքով եմ ստանում այդ պարգեւը: Կփորձեմ հաջորդ տարիների ընթացքում նույնպես լինել առաջինը` իհարկե, հարգելով իմ թիմակիցներին»,- ասել է Հենրիխ Մխիթարյանը մրցանակը ստանալու արարողությանը:
Նշենք, որ նա վաստակել է 190 միավոր` 8-րդ անգամ իր կարիերայի ընթացքում եւ 7-րդ անգամ անընդմեջ դառնալով Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ:
2017 թվականի ընթացքում Մխիթարյանը նվաճել է Եվրոպայի Լիգայի, Անգլիայի լիգայի գավաթները, ընդգրկվել է Եվրոպայի Լիգայի խորհրդանշական հավաքականում: 35 միավորով երկրորդ տեղը զբաղեցրել է Հայաստանի ազգային հավաքականի եւ մակեդոնական «Վարդարի» հարձակվող Տիգրան Բարսեղյանը, ում անունը 10 անգամ նշվել է երկրորդ, 5 անգամ` երրորդ տեղում:
25 միավորով երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Հայաստանի ազգային հավաքականի եւ ռուսական «Ուրալ» թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը, ում անունը 7 անգամ նշվել է երկրորդ, 4 անգամ` երրորդ հորիզոնականում:

 

 

55 ՄԻԼԻՈՆ ԵՎՐՈ
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալ»-ի ֆրանսիացի պաշտպան Ռաֆայել Վարանին: Անգլիական ակումբը կրկին կփորձի իրականացնել 24-ամյա ֆուտբոլիստի տեղափոխությունը: Ավելի վաղ ֆրանսիացին խոստովանել էր, որ մանչեսթերցիների ներկայացուցիչները կապ են հաստատել նրա հետ:
Նշենք, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը 55 միլիոն եվրո է առաջարկում Վարանի տրանսֆերի համար:

 

 

ՊՈՒՏԻՆԸ ՀՈԿԵՅ ԿԽԱՂԱ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է` մայիսի 4-20-ը Դանիայում կայանալիք հոկեյի աշխարհի առաջնությունից հետո հոկեյ խաղա Ռուսաստանի ազգային հավաքականի հետ, այս մասին հայտնել է կրկնակի օլիմպիական չեմպիոն Վյաչեսլավ Ֆետիսովը: «Կարծում եմ, որ դա կարող է տեղի ունենալ գիշերային լիգայի շրջանակում»,-ասել է Ֆետիսովը` հավելելով, որ Պուտինի հետ խաղը տեղի կունենա, հավանաբար, առաջնության ավարտից հետո: Հայտնի է, որ փետրվարի 28-ին Կրեմլում Օլիմպիական խաղերի մեդալակիրների պարգեւատրման արարողությունից հետո հոկեյի ազգային հավաքականը Պուտինին հրավիրել էր խաղալու, իսկ նախագահն էլ չէր մերժել:




Լրահոս