ՎԵՐՀԻՇԵԼՈՎ ԱՆՑՅԱԼԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանը Հանրային խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ գովասանքի խոսքեր է շռայլել Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հասցեին: «Ես պետք է առանձնահատուկ գնահատանքի խոսք հղեմ ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանին՝ ոչ միայն կապված ՀԽ խորհրդի գործունեության եւ կայացման հետ, այլեւ մեր նորագույն պատմության մեջ նրա դերակատարման: Պարոն Մանուկյանը …բեկումնային պահերին վարել է վարչապետի եւ պաշտպանության նախարարի պաշտոնները: …Շատերը չեն պատկերացնում, թե ի՞նչ է նշանակում ստանձնել վարչապետի կամ պաշտպանության նախարարի պաշտոնն ու պատասխանատվությունը: …Եվ այս առումով մեկ անգամ եւս ուզում եմ շնորհակալություն հայտնել Վազգենին ու նաեւ մեկ անգամ եւս ընդգծել, որ իմ կարծիքով` ՀԽ-ն գոնե այսօրվա տեսքը չէր ունենա, եթե չլիներ Վ. Մանուկյանի առաջնորդությունը՝ իր սուր մտքով եւ լայնախոհությամբ»:
«Ժողովուրդ» օրաթերթն առաջարկում է վերհիշել, թե նույն Սերժ Սարգսյանը տարիներ առաջ ինչպե՞ս է արտահայտվել նույն Վազգեն Մանուկյանի հասցեին:
1996թ. նախագահական ընտրություններից հետո, երբ Վազգեն Մանուկյանը կողմնակիցների հետ գրոհել էր ԱԺ շենքը, սեպտեմբերի 26-ի ասուլիսում այն ժամանակ ԱԱ նախարար Սերժ Սարգսյանն ասել էր. «Այսօր Հայաստանի պատմության մեջ խայտառակվեցինք, որովհետեւ հայերը կրակեցին հայերի վրա: Խայտառակվեցինք մի խումբ բախտախնդիրների իշխանատենչության պատճառով: Խայտառակվեցինք, որովհետեւ մի խումբ մարդիկ ամեն գնով ցանկանում են ունենալ իշխանություն, բայց, փառք Աստծո, այս խայտառակությունը արյունահեղության չվերածվեց` միայն ու միայն հանրապետության նախագահի սառնասիրտ կեցվածքի պատճառով»:
2007թ. փետրվարին էլ Սերժ Սարգսյանն իր հարցազրույցում անդրադառնալով Վազգեն Մանուկյանի՝ իշխանություններին «իդիոտ» որակավորմանը` ասել էր. «Իդիոտը ինքն է, որ չի կարողանում այս կյանքում իր տեղը գտնել եւ ամեն անգամ ավանտյուրաներով փորձում է հասնել նրան, որ իր մասին չմոռանան»:
2008թ.-ից Վազգեն Մանուկյանը Սերժ Սարգսյանի կողմնակիցն է, եւ հիմա նրա մասին առանձնահատուկ գնահատանքի խոսքեր են հնչում: Մեկնաբանությունները թողնում ենք ընթերցողներին:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթին լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ ապրիլի 9-ից հետո ձեւավորվելիք կառավարության կազմում ուշագրավ փոփոխություններ են սպասվում: Մասնավորապես ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը լքելու է պաշտոնը` փոխարենը դառնալով ՀՀ ԱԳ նախարար: Ըստ մեր աղբյուրների` Վ. Սարգսյանի տեղափոխման հարցում լուրջ դեր է խաղացել ՊՆ բարձրաստիճան զինվորական անձնակազմի դժգոհությունը, որ նրանք պարբերաբար արտահայտել են Սերժ Սարգսյանի հետ հանդիպումներում: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գեւորգ Ալթունյանին: Նա պատասխանեց. «Ինքս չեմ համարում, որ ես պաշտպանության նախարարության երրորդական, չորրոդական պաշտոնյա եմ, գոնե ինքս նման խոսակցության ականատես չեմ եղել: Շատ շատերը, այդ թվում ես, շատ մեծ ցանկություն ունեք, որ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը շարունակի պաշտոնավարել: Իսկ ինչ վերաբերում է քաղաքական նշանակումներին, ապա լինելով քաղաքական գործիչ` Վիգեն Սարգսյանի որեւէ այլ պաշտոնի նշանակման հետ կապված խնդիրը, ենթադրում եմ, հարցադրումը պետք է ուղղել ոչ թե ՊՆ-ին, այլ ՀՀԿ-ին»:

 

 

 

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն իր գոյության վեց տարիների ընթացքում մատնված է բացարձակ անգործության, բայց դա չի խանգարել, որպեսզի հանձնաժողովին բյուջեից ահռելի գումարներ հատկացնեն: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանը ստանում է մոտ 1 մլն 200 հազար դրամ, նրա տեղակալ Արմեն Խուդավերդյանը` 1 մլն 120 հազար դրամ, իսկ հանձնաժողովի անդամներ Արտակ Սարգսյանը, Էդգար Շաթիրյանը եւ Լիլիթ Պետրոսյանը` 1 մլն 50 հազար դրամի չափով: Չնայած այս ամենին` էթիկայի հանձնաժողովն ըստ էության որեւէ գործունեություն չի ծավալում. տարվա ընթացքում նրանց ստացած դիմումները չի գերազանցում 15-20-ը, ընդ որում, այդ դիմումներից ոչ բոլորի կապակցությամբ են իրենք վարույթ հարուցել, հարուցելուց հետո էլ որոշումները կայացրել են հիմնականում հօգուտ իշխանության ներկայացուցիչների` բացառությամբ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արամ Հարությունյանի՝ Բուլկի Արամի դեմ ներկայացված դիմումի, եւ նրա ««Չափդ ճանաչի, ականջներդ կկտրեմ, լակո՛տ» արտահայտությունը հանձնաժողովը համարել է էթիկայի խախտում՝ առանց որեւէ իրավական կամ քաղաքական հետեւանքների:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՌԴ-ում ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ Գարրի Զախարովի ընտանիքի հետ կապվող «Իդալգո» ՍՊԸ-ն վերջերս դիմել է դատարան՝ իրեն սնանկ ճանաչելու համար: Իսկ պատճառը «Դալմա» առեւտրի կենտրոնի եւ ՊԵԿ-ի նկատմամբ կուտակած եւ մոտ 20 մլն դրամի հասնող պարտքն է եղել, որ «Իդալգո» ՍՊԸ-ն չի ցանկացել վճարել: Ընդ որում, իրեն սնանկ ճանաչելու հայցով դիմելիս «Իդալգո» ՍՊԸ-ն հրաժարվել է առողջացման ծրագիր ներկայացնել: Իսկ դատավոր Կարինե Պետրոսյանն էլ բավարարել է նրանց հայցը: Հատկանշական է, որ այս ամենի արդյունքում անելանելի վիճակում է հայտնվել «Դալմա ինվեստ» ՓԲԸ-ն, որը չի կարող ետ ստանալ 17.5 մլն դրամ պարտքը, որ «Իդալգո» ՍՊԸ-ն կուտակել է տաղավարների վարձակալության արդյունքում: Զախարովից մեկնաբանություններ ստանալու մեր բոլոր փորձերն անցան ապարդյուն, «Իդալգո» ընկերության սնանկության գործով փաստաբան Միքայել Ավետիսյանը նշեց, թե 1 մլն դրամը գերազանցող պարտքի դեպքում ընկերությունը կարող է կամավոր դիմել դատարան՝ սնանկ ճանաչվելու խնդրանքով:

 

 

 

ՀԻՄԱ ԷԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ
Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման ծրագիրն իսկապես պատուհաս է դարձել Հայաստանի կառավարության գլխին: Ի սկզբանե ակնհայտ էր, որ այս ծրագիրը Հայաստանի դեպքում տնտեսապես շահավետ չէ, ընդհակառակը, այն ֆինանսական միջոցների անտեղի վատնում է ենթադրում, առավել եւս, երբ այդ գումարի մի մասը վարկերն էին: Բայց նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը Սերժ Սարգսյանի հետ համատեղ, «երկու ոտքը մեկ կոշիկ դրած», պնդեց ծրագրի իրականացման անհրաժեշտությունն, ու սկսեցին շինարարությունը: Բայց կարճ ժամանակ անց պարզվեց՝ իշխանության ամենավերին օղակներն այս ծրագիրը ձեռնարկելով` փորձում էին ընդամենը լուծել իրենց գերհարստացման խնդիրը. ի վերջո, այդ ծրագիրն ատկատի գրեթե անսպառ աղբյուր էր: Շինարարությունը վստահվեց իսպանական ընկերությանը, որի հետ որոշակի առնչություն ուներ Տիգրան Սարգսյանը: Ավելի ուշ նրան հաջորդած վարչապետը՝ Հովիկ Աբրահամյանը, իսպանական ընկերությանն անվանել էր չարիք, դժգոհություն հայտնել ծրագրի կառուցման ընթացի եւ որակի մասին, մանավանդ, որ ՎՊ-ն էլ իր հերթին էր լուրջ չարաշահումներ եւ որակական չափանիշներից շեղումներ բացահայտել: Այս ծրագրից իր վարչապետության մոտ մեկ ու կես տարվա ընթացքում բազմաթիվ դժգոհություն է հայտնել նաեւ Կարեն Կարապետյանը: Բայց հիմա նա էլ փորձում է այս ծրագրում ռուսական ընկերությանը ներգրավել: Երեկ Կարապետյանն ընդունել է ռուսական «ՎԻՍ» կորպորացիայի տնօրենների խորհրդի անդամ Սերգեյ Ռոմաշովի գլխավորած պատվիրակությանը, նրանք քննարկել են Հյուսիս-հարավ ավտոմայրուղու Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման հարցը: Կողմերը պայմանավորվել են ստորագրել արձանագրություն՝ աշխատանքային խումբ ու կոմիտե ստեղծելու եւ ծրագրերի իրականացմանն ուղղված հետագա քայլերը դրանց շրջանակում քննարկելու նպատակով: Ասել է, թե նրանք դեռ որոշելու եւ քննարկելու են հետագա քայլերը: Իսկ թե ե՞րբ, ի վերջո, կավարտվի այդ ծրագրի կառուցումը, անհայտ է:
Ի դեպ, չնայած Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման ծրագրի անմխիթար վիճակին, նկատենք՝ այլեւս նահանջի ճանապարհ չկա. հնարավոր չէ կիսատ թողնել ծրագիրը: Ընդհակառակը, Հայաստանը պատրաստվում է ավելացնել ֆինանսավորումը, քանի որ նորանոր միջոցներ է այն պահանջում: Եթե ի սկզբանե հաշվարկված էր, որ այս ծրագիրը կարժենա 970 մլն դոլար, հիմա արդեն խոսվում է 2 մլրդ դոլարի մասին: Համաձայնեք` բավական տխուր վիճակ է:




Լրահոս