ՓՈՐՁԵԼ Է ՔՑԵԼ «ԴԱԼՄԱՅԻՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առաջին դեպքը չէ, որ հայտնի պաշտոնյաներին պատկանող ընկերությունները հայտնվելով ֆինասական չարաշահումների կամ ֆինանսական խնդիրների առաջ` շտապում են դատարան՝ սնանկ ճանաչվելու նպատակով: Իսկ այդ քայլին գնում են կուտակած պարտքը չվճարելու համար` պարտատերերին էլ թողնելով բախտի քմահաճույքին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Ռուսաստանում ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ Գարրի Զախարովի ընտանիքի հետ կապվող ընկերությունը սնանկ է ճանաչվել, որպեսզի չվճարի «Դալմա» առեւտրի կենտրոնի եւ ՊԵԿ-ի նկատմամբ կուտակած եւ մոտ 20 մլն դրամի հասնող պարտքը:

Եվ այսպես` 2017 թվականին «Իդալգո» ՍՊԸ-ն դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան եւ խնդրել, որ իրեն սնանկ ճանաչեն:
Մասնավորապես տեղեկացանք, որ «Իդալգո» ՍՊԸ-ն դատարան ներկայացրած դիմումով հայտնել է, որ ընկերությունը պարտք է «Դալմա Ինվեստ» ՓԲԸ-ին, պարտքի չափը կազմում է 17 միլիոն 500 հազար 000 ՀՀ դրամ, իսկ ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի պարտքի չափը կազմում է 939 հազար 900 դրամ: Ընկերությունը դատարանին հայտնել է, որ չունի բավականաչափ ֆինանսական միջոցներ՝ մարելու նշված պարտավորությունները: Ավելին` ուշագրավն այն է, որ դատարանում ընկերությունը հայտնել է, թե ֆինանսական առողջացման ծրագիր ներկայացնել այս պահին չի ցանկանում:
Ըստ էության ստացվում է այսպես, որ «Իդալգո» ընկերությունը «Դալմա» առեւտրային կենտրոնում վարձակալել է ամենաթանկարժեք տաղավարներից մեկը, տեւական ժամանակ գործունեւթյուն է ծավալել եւ հիմա որոշել է «քցել» պարտատերերին` չվճարելով պարտքերը:
Արդյունքում` 2018 թվականի հունվարի 8-ին դատավոր Կարինե Պետրոսյանը այս գործով հրապարակել է վճիռը՝ բավարարելով ««Իդալգո» ՍՊԸ-ի դիմումը` սեփական սնանկությունը ճանաչելու պահանջի մասին»: Ըստ այդմ, ընկերությանը ճանաչել են սնանկ:
Ստացվում է, որ «Իդալգո» ՍՊԸ-ն իր հարցերը լուծեց: Իսկ թե ինչ պետք է լինի «Դալմա» առեւտրի կենտրոնի չվճարված գումարի կամ պետական եկամուտների կոմիտեի գումարների հետ, խիստ մշուշոտ է:
Սակայն նկատենք, որ մշտապես այս օրինակ պատմություններից ջրից չոր են դուրս գալիս հայտնի պաշտոնյաները: Բանն այն է, որ «Իդալգո» ՍՊԸ-ն պատահական մարդկանց չի պատկանում: Մասնավորապես «Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան, որ ընկերությունը կապվում է դեռեւս 2013 թվականից Ռուսաստանում ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ գեներալ-մայոր Գարրի Զախարովի անվան հետ. այս ՍՊԸ-ն գրանցված է վերջինիս կնոջ բարեկամուհու անունով:
Ինչեւէ: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել Ռուսաստանում ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ Գարրի Զախարովի հետ, սակայն մեր փորձերը անցան ապարդյուն:
Ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեցինք դատարանում «Իդալգո» ընկերության սնանկության գործով փաստաբան Միքայել Ավետիսյանի հետ: Վերջինից հետաքրքրվեցինք, թե ինչպես է ստացվել, որ Ռուսաստանում ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ գեներալ-մայոր Գարրի Զախարովի անվան հետ կապվող ընկերությունը իրեն սնանկ է ճանաչել եւ մի շարք ընկերությունների թողել է անհարմար վիճակում: Ի պատասխան` փաստաբան Ավետիսյանը նշեց. «Բարեկամական կապը, իհարկե, ես ո՛չ կարող եմ հաստատել եւ ո՛չ էլ հերքել, քանի որ չգիտեմ Ձեր նշած անձնավորությանը կամ բերակամական կապը, իսկ ինչ վերաբերում է սնանկության հետ կապված խնդրին, եթե տնտեսվարող սուբյեկտի 1 միլիոնը գերազանցում է իր պարտավորություններին, դա համապատասխանում է սնանկության հատկանիշներին, դրա համար տնօրենը պարտավոր է կամավոր դիմել, որ իրեն սնանկ ճանաչեն, ինչը այդ դեպքում արվել է»:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ԴԱՏԻ ԵՆ ՏՎԵԼ
ԱՆ քրեակատարողական վարչությունը անելանելի վիճակի մեջ է գցել իր աշխատակիցներին: Բանն այն է, որ ԱՆ ՔԿՎ-ն համապատասխան փաստաթուղթ չի տրամադրում իր աշխատակիցներին, որպեսզի վերջիններս այն կարողանան ներկայացնել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերով նախարարություն եւ թոշակ ստանան: Եվ այսպես` «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2018 թվականի մարտի 22-ին Մելսիդա Խաչատրյանը դիմել է ՀՀ վարչական դատարան եւ պահանջում է, որ դատարանը պարտավորեցնի ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությանը կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ նշանակել:

 

 

ՍԵՎ ԱՄՊԵՐ ԼՈՌՈՒ ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԻ ԳԼԽԻՆ
Լոռու մարզի իրավապահների գործողությունների մասով բացահայտումները շարունակվում են: Բանն այն է, որ քրեական հեղիանկություն Վահագն Աբգարյանի գործողությունները պարտակելու նպատակով կաշառք վերցնելու համար կալանավորվել են Լոռու մարզի քննչականի պետ Թաթուլ Շուշանյանը եւ եւս երկու քննիչ: Սակայն, ինչպես նկատում ենք, բացի քննիչներից` Լոռու մարզի ոստիկանության պաշտոնատար անձինք եւս հայտնվել են մեղադրյալի աթոռին:
Ըստ նախաքննությունը իրականացնող մարմնի` ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Սարգիս Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու կեղծ տպավորություն ստեղծելու նպատակով, ինչպես նաեւ ոստիկանության Ստեփանավանի բաժնի աշխատանքային ցուցանիշներն արհեստականորեն բարձրացնելու խմբային շահերից ելնելով` իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որի հետեւանքով էական վնաս է պատճառվել Դավիթ Դավթյանի իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաեւ պետության օրինական շահերին:
Նույն արարքի համար մեղադրյալի աթոռին է հայտնվել ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Արմեն Իսրայելյանը: Վերջիններիս մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի առաջին մասի` պաշտոնեական լիազորությունները չարաշահելը պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը չորս տարի ժամկետով: Նշենք, որ պաշտոնատար անձանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

 

 

ՉԻ ՈՒԶՈՒՄ
Մինչ մի շարք ՀՀԿ-ական պատգամավորներ ջանում են գովեստի խոսքեր հնչեցնել Սերժ Սարգսյանի հասցեին` որպես անփոխարինելի թեկնածու վարչապետի պաշտոնում, որոշ պատգամավորներ խուսափում են ընդհանրապես խոսել այս մասին: ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը այս թեմայով armlur.am-ի հարցին արձագանքել է. «Ինչու եք շտապում, ում տեսնում, այդ հարցն եք տալիս, սպասենք, ժամանակը կգա, եւ հստակ կպատասխանեն: Ես հիմա չեմ ուզում այդ հարցերին պատասխանել: Չեմ ցանկանում խոսել: Ով ասեց, որ ես ուզում եմ էդ թեմայով խոսել»:

 

 

ԴԺԲԱԽՏ ԴԵՊՔ
Երեկ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երեւանում: Ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Բադալ Մուրադյան 7-րդ շենքի բնակարաններից մեկում հայտնաբերել են կնոջ դի: Տանը հայտնաբերել են տանտիրուհու` 65-ամյա Ֆ. Ղ.-ի դին, իսկ նրա 11-ամսական տղա թոռանը` Ա. Պ.-ին, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել են Մուրացանի մանկական հիվանդանոց: Ըստ տեղեկությունների` նա թոռանը լողացնելիս է եղել, որից հետո փորձել է էլեկտրական սրբիչով երեխային փաթաթել, ինչն էլ ողբերգական ավարտ է ունեցել: Բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար: «Մուրացան» ԲԿ-ից հայտնել են` «էլեկտրահարվածություն, ձախ սրունքի այրված վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 10 ամսական երեխա: Բնակարանում` գետնին, հայտնաբերվել է մանկահասակ երեխայի տատիկի դին: Ննջասենյակում հայտնաբերվել է վնասված էլեկտրական սավան: Նշանակվել են դատաբժշկական եւ դիակի դատաբժշկական փորձաքննություններ: Փոքրիկի կյանքին, այս պահի դրությամբ, վտանգ չի սպառնում:

 

 

ՀԵՏԱՁԳՎԵԼ Է
Աշտարակի դատարանում շարունակվում է 2017թ. օգոստոսի 1-ին Շամիրամ գյուղի սգո սրահում տեղի ունեցած չորս անձանց սպանության գործով դատաքննությունը` դատավոր Սուրեն Մնոյանի նախագահությամբ: Երեկ դատական նիստը հետաձգվել է: Ամբաստանյալների պաշտպան Կրոմվել Գրիգորյանը միջնորդություն էր ներկայացրել դատական նիստը հետաձգելու վերաբերյալ: Պաշտպանը դիմումում նշել էր, որ մարտի 23-25-ը չի գտնվելու Հայաստանում, իսկ ապրիլի 30-ի նիստը խնդրել էր հետաձգել աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով: Միջնորդության վերաբերյալ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչն ու տուժողի իրավահաջորդները նշել են, որ փաստաբան Կրոմվել Գրիգորյանի վարքագիծը նիստերը հետաձգելու խոչընդոտ է ստեղծում: Դատարանը բավարարեց պաշտպանի միջնորդությունը եւ հաջորդ դատական նիստը նշանակվեց ապրիլի 6-ին:

 

 

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
Ս.թ. մարտի 24-ին` կեսօրից մինչեւ մարտի 25-ի կեսօր, հանրապետության տարածքում սպասվում են վտանգավոր ուժգնության քամիներ: Շիրակում, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում եւ Սյունիքում քամու պոռթկումները կարող են հասնել 30-35 մ/վրկ-ի, Կոտայքում, Արմավիրում, Արագածոտնում, Արարատում, Վայոց ձորում եւ Երեւանում` 20-25 մ/վրկ-ի: Քամու արդյունքում հնարավոր վնասները նվազեցնելու նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է ուշադրության կենտրոնում պահել ջերմոցները, մասնավորապես լրացուցիչ ամրացնել թաղանթապատ ջերմոցների ծածկերը, ամուր փակել ջերմոցների օդանցքները:




Լրահոս