«Ժողովուրդ» օրաթերթը սեպտեմբերին կայանալիք պատերազմյան թեմայով ներկայացման, նոր գեղարվեստական ֆիլմում նկարահանվելու, դերասանական դպրոցի փակվելու պատճառների եւ այլ թեմաների շուրջ զրուցել է «Որոգայթ», «Ճակատագրի գերիները», «Ժառանգներ», «Հատուցում», «Անծանոթը», «Կարմիր բլուր» հեռուստասերիալներից հայտնի դերասան Սարգիս Գրիգորյանի հետ։
-Սարգի՛ս, առաջիկայում Ձեզ նոր դերերում կտեսնե՞նք։ Ի՞նչ պլաններ ունեք, որոնց մասին արդեն կարող եք բարձրաձայնել։
-Նոր դերեր, իհարկե, կլինեն, պարզապես այս շրջանում «Կարմիր բլուր» սերիալն ինձնից շատ ժամանակ է խլում, թեեւ աշխատանքիս արդյունքն ինձ գոհացնում է։ Աշնանը, հավանաբար, կնկարահանվեմ նոր գեղարվեստական ֆիլմում, բայց դրա վերաբերյալ փակագծեր դեռ չեմ բացի։ Փոխարենը կպատմեմ կրկին աշնանը կայանալիք մի ներկայացման մասին, որտեղ կմարմնավորեմ գլխավոր հերոսին։ Այդ ներկայացման գլխին ես եմ կանգնած՝ նաեւ որպես ֆինանսավորող։ Պրեմիերան կլինի Պատանի հանդիսատեսի թատրոնում։ Թեման պատերազմն է։ Կարծում եմ՝ զիլ ներկայացում կստացվի։
-Խոսքը կոնկրետ որեւէ պատերազմի մասի՞ն է, թե՞ առհասարակ պատերազմ հասկացության։
-Առհասարակ՝ պատերազմի։ Տվյալ դեպքում պատերազմը պատրվակ է՝ մարդուն բացահայտելու եւ նրա անսահման հնարավորությունները ցույց տալու համար։ Ներկայացումն այն մասին է, թե պատերազմական միջավայրում մարդն ինչից ինչ կարող է դառնալ։ Խոսքն այն մարդու մասին է, որը կարող է չհասկանալով դառնալ հերոս եւ հասկանալով դառնալ ճիճու։ Բոլոր իրադարձությունները ծավալվում են իմ կերտած կերպարի շուրջ։ Բեմադրիչը Դավիթ Հարությունյանն է, սցենարը գրում է Էդուարդ Զորիկյանը, կոմպոզիտորն Արման Էլբերտն է։ Դերասանական ցանկը դեռ հստակեցված չէ, բայց ես գիտեմ, որ զիլ դեմքեր կհավաքվեն այդ նախագծի շուրջ։
-Որքան էլ Ձեր քայլերն ուղղեք թատրոն, կարելի՞ է ասել, որ գեղարվեստական ֆիլմերում հանդես գալը Ձեզ համար գերխնդիր է։
-Իհարկե, դա իմ մասնագիտությունն է, ինչպե՞ս կարող է գերխնդիր, գերնպատակ չլինել։ Ֆիլմերում նկարահանվելը պարզապես հաճույք է դերասանի համար։ Ցավոք, այդ հաճույքից այսօր հազվադեպ ենք օգտվում։ Ինչ արած՝ երկրի վիճակն է այդպիսին, հուսանք՝ կշտկվի։ Երկրի վիճակն էլ անմիջապես շղթայական էֆեկտով ազդում է մշակույթի ոլորտի վրա։ Այդպես է, բայց հո չե՞նք թողնելու, փախչենք։
-Սարգի՛ս, դերասանական Ձեր դպրոցը, որքանով տեղյակ եմ, փակվել է։ Կարո՞ղ եք պարզաբանել՝ ինչո՞ւ, ի՞նչ խնդիր եղավ։
-Դպրոցը փակվեց պարզ պատճառով. հասկացա, որ պատրաստ չեմ մանկավարժության։ Ես ոչ ոքի չեմ մեղադրում, նախ եւ առաջ մեղադրում եմ ինքս ինձ։ Դասավանդելն ինձ մոտ վատ չէր ստացվում, բայց դա շատ մեծ պատասխանատվություն է, եւ ես կուզեմ, որ շատ մարդիկ հասկանան դա։
-Սաների հետ ինչ-որ խնդիր եղե՞լ է։
-Ո՛չ, բացարձակապես։ Ասեմ, որ ինձնից ոչ ոք չի նեղացել, եւ ես շարունակում եմ կապս պահել սաներիս հետ։ Պարզապես եկա այն համոզման, որ մանկավարժ լինելու համար որոշակի տարիք է պետք, որպեսզի որակ տաս։ Իսկ եթե տվյալ տարիքում փորձել ես մանկավարժ լինել, բայց չի ստացվել, սխալներ ես գործել, ուրեմն դու ես մեղավոր։ Պարտավոր ես անել այնպես, որ դա չկրկնվի։
-Այսինքն՝ կարելի՞ է ասել, որ Ձեզնից մանկավարժ դուրս չեկավ։
-Ինձնից մանկավարժ դուրս կգա, ուղղակի, էլի եմ ասում, դեռ դրա ժամանակը չէ։ Ես փորձեցի ժամանակից առաջ ընկնել, եւ ժամանակն ինձ դրեց տեղը։
-Եվ վերջում՝ որպես դերասան` հիմա Ձեր ստեղծագործական կյանքում ի՞նչն եք ամենաշատը կարեւորում, ի՞նչ փուլ եք թեւակոխել։
-Հիմա ինձ մոտ իմաստուն փուլ է եկել, մոտենում եմ քառասունին, սեփական նախաձեռնություններս ավելի են շատանում։ Ժամանակին ուղղվում էի դեպի առարկայական հաճույքները, դեպի գումար վաստակելու ճանապարհները, հիմա արդեն ձգտում եմ դեպի հոգեւոր նպատակները։ Մտել եմ այնպիսի փուլ, երբ մարմնական հաճույքներին եկել են փոխարինելու հոգեւոր արժեքները։
Զրուցեց ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆԸ
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՎԵՑ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի եւ նույն տարածքում գործող «Գոյ» թատրոնների միջեւ վերջերս տարաձայնություն ի հայտ եկավ՝ կապված կոմունալ ծախսերը վճարելու սիստեմի հետ։ Սունդուկյան թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը նամակ էր գրել «Գոյ»-ի տնօրեն Սարգիս Չոլոյանին՝ տեղեկացնելով, որ ապրիլի 1-ից չեն պատրաստվում վճարել նրանց կոմունալ ծախսերը եւ առաջարկելով, որ նրանք դառնան առանձին բաժանորդ։
«Ինչո՞ւ պետք է Սունդուկյան թատրոնը վճարի ուրիշ թատրոնի ծախսած հոսանքի համար»,-նման հարցադրում է անում Վարդան Մկրտչյանը։ Նա նշում է, որ «Գոյ»-ի տնօրենին մի քանի անգամ բանավոր զգուշացում կատարելուց հետո նոր միայն դիմել է իրավաբաններին։ Ի դեպ, Վարդան Մկրտչյանի նամակը «Գոյ» թատրոնը հրապարակել է ֆեյսբուքյան էջում՝ հետեւյալ մեկնաբանությամբ. «Ների՛ր նրանց, տե՛ր, քանզի չգիտեն, թե ինչ են անում»։ «Ժողովուրդ» օրաթերթը թեմայի շուրջ զրուցեց Վարդան Մկրտչյանի հետ՝ պարզելու համար` տարաձայնությունը, ի վերջո, հարթվե՞ց, թե՞ ոչ։
«Մենք եկանք ընդհանուր հայտարարի, նորից հանդիպեցինք, եւ, բնականաբար, իմ դիրքորոշումն անփոփոխ էր։ Ինձ խնդրեցին, որ ժամանակ ավելացնենք, որպեսզի իրենք դառնան առանձին բաժանորդ։ Մենք տվեցինք այդ ժամանակը։ Մենք որեւէ մեկին նեղացնելու նպատակ չունենք, պարզապես մեր միջոցները հաշված են եւ սուղ, եւ մենք պետք է ավելի սթափ լինենք։ Ի դեպ, ջուրը կշարունակենք «Գոյին» անվճար տրամադրել, քանի որ ջրի խողովակի անցկացումը, տնօրինության խոսքով, ահռելի ծախսերի հետ է կապված»,-մեկնաբանեց Մայր թատրոնի տնօրենը։
Նա հավելեց, որ իրեն ասել են, թե նախկինում երկու թատրոնների տնօրինությունների միջեւ եղել է բանավոր պայմանավորվածություն, ըստ որի` կոմունալ վճարների գումարը «Գոյը» տվել է Սունդուկյան թատրոնին, որպեսզի վերջինս վճարի նաեւ այդ գումարը: «Սունդուկյան թատրոնի սուբսիդիայի պայմանագրում, սակայն, նման բան նշված չէ, հետեւաբար թե ով ում հետ նախկինում ինչ է պայմանավորվել, ես դրա մեջ խորանալու ցանկություն չունեմ»,-շեշտեց մեր զրուցակիցը։ Նա նաեւ հավելեց, որ մտադրություն չունի կոնֆլիկտի մեջ մտնել «Գոյի» տնօրինության հետ: «Ես ուզում եմ իրավական լուծումներով առաջնորդվել։ Եթե մարդիկ դրան ուրիշ երանգ են հաղորդում, Աստված իրենց հետ»,-եզրափակեց Վարդան Մկրտչյանը։
ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ