ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ՝ ՍՆԱՆԿ ՃԱՆԱՉՎԵԼՈՒ ԵԶՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Ուզունյանին սնանկ ճանաչելու պահանջով օրերս դատարան է դիմել «Արարատ բանկ» ԲԲԸ-ն: Ուզունյանը բանկից մոտ 5 մլն դրամ վարկ է վերցրել, չի կարողացել վճարել գումարը: Ուզունյանի անունը հանրությանը հայտնի է հոկտեմբերի 27-ի գործով. ժամանակին հենց նրան էր վիճակված այդ դաժան փորձությունը: Ու հիմա, փաստորեն, հայտնի դատավորը լուրջ խնդրի առաջ է կանգնած: Հետաքրքիրն այն է, սակայն, որ բանկը ցանկանում է Ուզունյանին սնանկ ճանաչել այն դեպքում, երբ նա հայտարարագրել է 3 մլն դրամ, նաեւ բազմաթիվ անշարժ գույք, որի մի մասը ձեռք է բերել 2016 թվականին: «Ժողովուրդ»-ին նաեւ հայտնի դարձավ, որ հայաստանյան առեւտրային մեկ այլ բանկ էլ սնանկ ճանաչելու պահանջով դատական հայց է ներկայացրել մեկ այլ դատավորի՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանի դեմ. նա էլ իր հերթին է 5 մլն դրամ վարկ վերցրել: Թեեւ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Մելքումյանն ասել է, որ ինքն արդեն ամբողջությամբ վճարել է գումարը: Իսկ Ուզունյանից մեկնաբանություններ ստանալու մեր բոլոր փորձերն անցան ապարդյուն:
Մինչ այդ երկու դատավորի սնանկ ճանաչելու մասին իրար հաջորդած հայցերը լուրջ մտահոգություն են առաջացրել դատական համակարգում: Դատավորները վճիռ են կարդում հանուն Հայաստանի Հանրապետության, ուստի այդ դեպքում, մեղմ ասած, ճիշտ չի ընկալվում փաստը, որ հանուն Հայաստանի Հանրապետության վճիռ կայացնող դատավորը սնանկ ճանաչվի: Հիմա դատական համակարգում սպասում են վճիռներին, որից հետո դատավորների ճակատագրի մասով որոշում կկայացնեն:

 

 

«Ռուսաստանը պետք է վերանայի սպառազինության տրամադրման շուրջ բոլոր առկա փաստաթղթերը, որպեսզի դրանք վտանգ չսպառնան: Հետագայում մենք այլեւս չենք ստորագրելու այնպիսի պայմանագրեր, որոնք կարող են վնաս հասցնել, ինչու չէ, նաեւ Ռուսաստանին: Իսկ այժմ այդ զենքերը մատակարարվում են նախկինում եղած փաստաթղթերի հիման վրա պարզապես»,- «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում երեկ հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր, պաշտպանության եւ անվտանգության հարցերով կոմիտեի փոխնախագահ Վիկտոր Վոդոլացկին: Նա նաեւ հավելել է, թե ՌԴ-ի եւ Ադրբեջանի միջեւ սպառազինությունների մատակարարման մասին պայմանագրերը երկարաժամկետ էին եւ ստորագրված են եղել մինչ 2016 թվականի ապրիլյան իրադարձությունները: «Այդ պատճառով էլ մենք շարունակում ենք կատարել մեր պայմանավորվածությունները դեռ այդ դեպքերից առաջ ստորագրված պայմանագրերի հիման վրա»: Հատկանշական է փաստը, որ Հայաստանում Վոդոլացկին ու մյուս խորհրդարանականները պնդում են, թե Ադրբեջանին զենք չեն վաճառի, մինչդեռ ՌԴ գործադիրի ներկայացուցիչները` փոխվարչապետների գլխավորությամբ, բազմիցս ասել են, որ դա ընդամենը իրենց բիզնեսն է:

 

 

 

Երկու շաբաթ անց` ապրիլի 9-ին, Սերժ Սարգսյանը հրաժեշտ կտա նախագահի պաշտոնին: Մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրել է Սարգսյանի նախագահության ընթացքում տնտեսության ոլորտում գրանցված արդյունքները. պատկերը բավական հիասթափեցնող է: Եւ այսպես` ժողովրդագրական առումով իրավիճակը, մեղմ ասած, աղետալի է. 2008 թվականին երկրում մշտական բնակչության թիվը 3 մլն 230.1 հազար էր, 2018թ. հունվարի 1-ի դրությամբ այն կազմել է 2 մլն 972 հազար 900: Ասել է, թե միայն պաշտոնական տվյալների համաձայն` Սերժ Սարգսյանի նախագահության տասը տարիների ընթացքում ՀՀ բնակչությունը պակասել է 257 հազար 200-ով: Եթե 2008թ. ՀՀ-ում անվանական ՀՆԱ-ն 11.7 մլրդ դոլար էր, հիմա հազիվ 11.6 մլրդի է հասել: Եթե Հայաստանի պետական պարտքը 2008թ. 1 մլրդ 730.7 մլն դոլար է եղել, հիմա այն մոտեցել է 7 մլրդի սահմանագծին, ավելի կոնկրետ՝ 6.8 մլրդ դոլար է: Եւ վերջապես, աղքատության ցուցանիշը. 2008թ. պաշտոնական տվյալներով` այն 27.6 տոկոս էր, հիմա՝ 29.4, եւ այսպես շարունակ:

 

 

 

ՀՅԴ ԳՄ կազմում արմատական փոփոխություններ են տեղի ունեցել: Հանգստյան օրերին Աղվերանում անցկացված ՀՅԴ Հայաստանի 21-րդ Գերագույն ժողովի ժամանակ ընտրված ԳՄ կազմում տեղ չեն գտել ԱԺ ՀՅԴ-ական պատգամավորներն ու նախարարները: Նոր ԳՄ-ն ունի հետեւյալ կազմը՝ Արսեն Համբարձումյան, Հրաչ Թադեւոսյան, Իշխան Սաղաթելյան, Արթուր Եղիազարյան, Սիմոն Սիմոնյան, Սպարտակ Ղարաբաղցյան, Վահագն Մատինյան, Արթուր Ղազարյան, Կարեն Մնացականյան: ԳՄ ներկայացուցիչ էլ ընտրվել է Արսեն Համբարձումյանը՝ փոխարինելով Աղվան Վարդանյանին: ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կատարվածը մեկնաբանել է սերնդափոխությամբ: «Դա մեր ընդհանուր որոշումն էր, որ այս փուլում գործադիրի եւ օրենսդիրի անդամները չլինեն ԳՄ-ում, որովհետեւ յուրաքանչյուրս մեր տեղում ծանրաբեռնված ենք: Եվ դա եղավ մեր առաջարկությամբ: Ամենակարեւորը նաեւ սերնդափոխության հարցն է, մենք ուզում էինք նոր մարդկանց ներգրավել եւ կարծում ենք` շատ ճիշտ որոշում ենք կայացրել»,- ասել է նա: Թեեւ, նկատենք, որ այս կազմը այնքան էլ սերնդափոխության մասին չի վկայում. պարզապես օրենսդիր եւ գործադիր մարմնի ՀՅԴ-ական ներկայացուցիչները չկան, բայց եւ հին դեմքերն են:

 

 

 

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՄՔ
Իշխանությունները` ցույց տալու համար, որ Հայաստանում պայքարում են կոռուպցիայի դեմ, հերթով օրենքներ են ընդունում: Սկզբում իշխանությունները քրեականացրին ապօրինի հարստացումը: Նաեւ օրենսդրական պահանջ կա, որ պաշտոնյաները ներկայացնեն գույքի եւ եկամուտների հայտարարագիր: ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը շրջանառության մեջ է դրել «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը: Ըստ այդմ, գույքի եւ եկամուտների վերաբերյալ հայտարարագիր են ներկայացնելու ոչ միայն պաշտոնյաները, այլեւ նրանց ընտանիքի անդամները: Ընդ որում, նախագծի համաձայն` պաշտոնյաների ընտանիքի անդամները պատասխանատվություն են կրելու հայտարարագիր չներկայացնելու կամ այնտեղ կեղծ տեղեկություններ գրելու, ըստ այդմ՝ ունեցվածքը թաքցնելու համար: ԱԺ փոխնախագահը, անշուշտ, լավ առաջարկ է ներկայացրել: Ու պետք է նկատենք, որ կոռուպցիայի դեմ պայքարի առումով Հայաստանում օրենսդրությունն իրոք բարելավվում է:
Միայն թե, օրենսդրական դաշտի ստեղծումը դեռ բավարար չէ կոռուպցիայի դեմ պայքարելու համար. շատ ավելի կարեւոր է ընդունված օրենքները հավասարաչափ կիրառելը: Եւ հենց այստեղ է, որ Հայաստանի իշխանությունները մատը մատին չեն խփում, մեղմ ասած:
Ի վերջո, կարելի է ընդունել հակակոռուպցիոն բնույթի ամենատարբեր օրենքներ` սահմանելով խիստ պատիժ: Կարելի է պարտադրել, որպեսզի ոչ միայն բարձրաստիճան պաշտոնյաները, այլեւ անգամ պետական համակարգում աշխատող հավաքարարները հայտարարագրեր ներկայացնեն, այն էլ իրենց ողջ ազգուտակով: Բայց եթե որեւէ մեկը չի հետեւելու այդ օրենքների կիրառմանը, ապա իրավական ակտերը դառնում են անիմաստ: Նույնն է նաեւ այս դեպքում. եթե համապատասխան լիազոր մարմինը չի հետեւելու պաշտոնյայի կամ նրա ընտանիքի անդամների ներկայացրած հայտարարագրերի իսկությանը, չի ստուգելու դրանցում առկա տեղեկությունները, ապա արդեն կապ չունի՝ օրենքում ինչ է գրված: Հայաստանյան իրականությունը, ցավոք, այս հարցում ստիպում է մռայլ կանխատեսումներ անել Օրուելի հայտնի խոսքերով. «Բոլոր անասունները հավասար են, բայց որոշ անասուններ ավելի հավասար են, քան մյուսները»: Այնպես որ, կոռուպցիայի դեմ պայքարի համար նախ եւ առաջ անհրաժեշտ է քաղաքական կամք, եւ միայն այդ կամքի առկայության դեպքում կարելի է ակնկալել դրական տեղաշարժեր:




Լրահոս