«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է ՌԴ Պետդումայի պատգամավոր, պաշտպանության եւ անվտանգության հարցերով կոմիտեի փոխնախագահ Վիկտոր Վոդոլացկին, ով Պետդումայի իր գործընկերների հետ այս օրերին հանդիպումներ է ունենում ՀՀ ԱԺ պատգամավորների հետ:
-Պարո՛ն Վոդոլացկի, հայտնի է, որ հայ պատգամավորների հետ նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ Ղարաբաղյան կոնֆլիկտին: Ինչպե՞ս եք տեսնում հարցի կարգավորումը, եթե Ադրբեջանի կողմից մշտապես զենքի ուժով այն լուծելու կոչեր են արվում:
-Ռուսական կողմը բոլոր կոնֆլիկտների պարագայում կողմ է այն խաղաղ ճանապարհով լուծելուն: Այդ մասին ասել է նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Մեզ պետք է նստել բանակցությունների սեղանին, միմյանց զենքով սպառնալը քաղաքակրթության ոչնչացում է: Այն, ով կոչ է անում զենքով գալ եւ այդ հարցերը լուծել, ապա պետք է հասկանա, որ այն սպանում է: Ես կարծում եմ, որ Մինսկի խումբը եւ ՌԴ-ն այս պահի դրությամբ մաքսիմալ կերպով փորձում են այնպես անել, որ հարցը խաղաղ կերպով կարգավորվի: Մենք պետք է արագացնենք գործընթացը, քանի որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն այնպիսի վիճակում է գտնվում, որ ամեն օր սպասում է հերթական դիվերսիայի մասին լուրերին: Եվ այն, որ Լեռնային Ղարաբաղի նախագահը եղել է ԱՄՆ-ում, այնտեղ խոսել ԱՄՆ-ի աջակցության մասին, ապա կարող ենք ասել, որ մենք երկու ձեռքով կողմ ենք այն երկրներին, ովքեր կաջակցեն Ռուսաստանին, որպեսզի Լեռնային Ղարաբաղը վերջապես կարգավիճակ ձեռք բերի:
-Դուք նշեցիք, թե Վլադիմիր Պուտինը եւս կողմ է հարցի լուծման խաղաղ ճանապարհին: Բոլորս ենք հիշում, երբ Պուտինը հայտարարել էր, թե անբարոյականություն է պատերազմող կողմերին զենք վաճառելը, սակայն դրանից հետո ռուսական կողմը շարունակում է Ադրբեջանին զենք վաճառել: Դա ինչպե՞ս հասկանանք:
-Առաջին՝ սա պետք է իմանան Հայաստանի բոլոր բնակիչները: Հայաստանի հանդեպ ցանկացած սպառնալիք դա սպառնալիք է նաեւ Ռուսաստանի հանդեպ: Այսօրվա դրությամբ աշխարհում ոչ մի պետություն, Աստված չանի, որեւէ վատ բան սկսի մտածել Հայաստանի դեմ անելու մասին, ապա այդ գործողությունները դառնում են ՌԴ-ի դեմ: Մեզ մոտ այդպիսի պայմանագրեր են, եւ այդ պատճառով Հայաստանի բնակիչները կարող են հանգիստ ապրել: Իսկ ինչ վերաբերում է սպառազինության վերաբերյալ պայմանագրերին, որոնք եղել են ՌԴ-ի եւ Ադրբեջանի միջեւ, դրանք երկարաժամկետ էին եւ ստորագրված են եղել մինչ 2016 թվականի ապրիլյան իրադարձությունները: Այդ պատճառով էլ մենք շարունակում ենք կատարել մեր պայմանավորվածությունները դեռ այդ դեպքերից առաջ ստորագրված պայմանագրերի հիման վրա: Հետագայում հայ պատգամավորներն այդ հարցը շատ խիստ կերպով բարձրաձայնել են, մենք բազմաթիվ բանակցություններ ունեցանք, եւ որոշվեց, որ Ռուսաստանը պետք է վերանայի սպառազինության տրամադրման շուրջ բոլոր առկա փաստաթղթերը, որպեսզի դրանք վտանգ չսպառնան: Հետագայում մենք այլեւս չենք ստորագրելու այնպիսի պայմանագրեր, որոնք կարող են վնաս հասցնել, ինչու չէ, նաեւ Ռուսաստանին: Իսկ այժմ այդ զենքերը մատակարարվում են նախկինում եղած փաստաթղթերի հիման վրա պարզապես:
-Ապրիլյան պատերազմից հետո՞ եք այդպիսի որոշում կայացրել:
-Դա այն պատճառով, որ մենք Հայաստանի անվտանգության շուրջ բազմաթիվ պայմանավորվածություններ ենք ձեռք բերել: Այսօրվա դրությամբ Հայաստանի հանդեպ ցանկացած գործողություն առաջին հերթին գործողություն է հենց ՌԴ-ի հանդեպ:
-Ապրիլին Հայաստանը նոր վարչապետ կունենա, ում ձեռքին կենտրոնացված են լինեու բոլոր լիազորությունները: ՌԴ-ի համար կարեւո՞ր է, թե ով է լինելու Հայաստանի վարչապետը:
-Իմ կարծիքով, դա ոչ մի կերպ չի անդրադառնա հայ-ռուսական հարաբերությունների վրա: Մենք այսօր Հայաստանի հետ այնքան պայմանագրեր ունենք ստորագրած, որ գալով այստեղ` մենք մեզ տանն ենք զգում: Եվ անկախ նրանից` ով կլինի վարչապետ, մենք այնպիսի ճանապարհ ունենք որդեգրած, որ դրանից չենք շեղվի:
-Ամեն դեպքում` կարեւո՞ր չէ՝ Սերժ Սարգսյանը կլինի՞ վարչապետ, թե՞ ոչ:
-Հաշվի առնելով ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ստորագրված բազմաթիվ համաձայնագրերը, ես կարծում եմ, որ նա կարող է եւ պետք է այդ ամենն ավարտին հասցնել արդեն վարչապետ լինելով՝ ցույց տալով նաեւ, որ ՌԴ-ի հետ առկա հարաբերությունները ճիշտ են եղել: Յուրաքանչյուրը պետք է այդ ամենի պտուղները տեսնի: Հիմա պատկերացրեք՝ մեկ այլ մարդ է գալիս եւ ասում, որ այդ պայմանագրերն այլ մարդ է ստորագրել, ես պատասխանատվություն չեմ կրում դրանց համար:
-Ի՞նչ իրավիճակ է ՌԴ-ում նախագահական ընտրություններից հետո: Մենք ականատես եղանք, որ հետընտրական զարգացումներ չեղան, իսկ Վլադիմիր Պուտինն էլ ռեկորդային թվով կողմ ձայներ էր ստացել:
-Գիտեք, այսօր ՌԴ-ի շուրջն այնքան էլ հանգիստ իրավիճակ չէ: Մեր շուրջը տեղեկատվական եւ տնտեսական պատերազմ է ընթանում: Պարզապես այն ընդդիմադիր կուսակցությունները, որ կան, հասկանում են, որ Աստված չանի՝ ինչ-որ բան լինի, ապա տուժելու են նաեւ իրենք կամ իրենց երեխաները: Այդ պատճառով էլ մեզ մոտ չկան կատակլիզմներ, քանի որ նույնիսկ ընդդիմադիրները հասկանում են, որ պետք է հանգստություն, որպեսզի երկիրը զարգանա, ինչի մասին էլ խոսել է Պուտինը: Նրանք հասկացել են՝ եթե չսատարեն Պուտինին, ապա արտաքին առումով ճնշումներն ավելի կմեծանան:
Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
ԱՐՏԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ ԿՈՂՄ ԵՆ ՊԱՅՔԱՐԻՆ
Ինչպես հայտնի է` թե՛ քաղաքական, թե՛ քաղաքացիական մի քանի ուժեր նախաձեռնել են պայքար` ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ փորձել է պարզել, թե նախկինում խորհրդարանում եղած ուժերը, մասնավորապես՝ ՕԵԿ-ն ու «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները, որոնք այս անգամ ներկայացված չեն օրենսդիրում, արդյո՞ք մասնակցելու են այդ պայքարին:
ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանն ասաց, որ իրենք քաղաքակիրթ պայքարի կողմնակից են: «Այսօր, ըստ էության, քաղաքական դաշտը գտնվում է հետեւյալ վիճակում՝ օլիգոպոլ իշխանություն, խորացող սոցիալ-տնտեսական եւ ժողովրդագրական ճգնաժամով ու մարտահրավերներին հաղթահարելու անկարողությամբ»,-նշեց նա: Բիշարյանի խոսքերով` ընդդիմությունն այժմ երկու ճանապարհ ունի. «1-ին` ընդդիմադիր գործունեությամբ «ծռության» ճանապարհը՝ այն է փողոցային պայքար, հարթակներ, հանրահավաքներ: Այս ճանապարհը այն քաղաքական ուժերի համար է, որոնք ինչպես նախկինում, այնպես էլ այժմ հանդես են եկել կոշտ, արմատական ընդդիմության դիրքերից: Եվ սրա կողմնակիցներն այն ուժերն են, որոնք խորհրդարանում եւ թե դրանից դուրս հանդես են եկել «Մահ ռեժիմին», «Անսերժ Հայաստան» եւ նմանատիպ կարգախոսներով: Ընդդիմության 2-րդ խումբը առավել ինստիտուցիոնալ քաղաքականության կրողներն են: Այո՛, իշխանափոխություն, այո՛, արմատական փոփոխություններ երկրում, այո՛, համակարգային լճացման դեմ պայքար, բայց ոչ թե փողոցում եւ հրապարակում, այլ զուգակցելով ըստ անհրաժեշտության հանրահավաքային պայքարը քննարկումների հետ` հանրության տարբեր շերտերի մոտ արմատավորելու իշխանափոխության անհրաժեշտությունը, իշխանությունների անկարողությունը ստեղծված իրավիճակը փոխելու հարցերում»:
«Ազատ դեմոկրատներ»-ը նույնպես կողմ է իշխանափոխությանը: Այս մասին նշեց կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը` շեշտելով. «Մենք այժմ խորհրդակցությունների մեջ ենք: Եվ առաջիկայում որոշում կկայացնենք, թե ինչ ձեւաչափով, ում հետ կպայքարենք: Իսկ այն, որ Սերժ Սարգսյանի վարչապետությունն անթույլատրելի հանգամանք է, միանշանակ է»: Եվ այդ համակարգի վերարտադրությունը ՀՀ շահերից չի բխում: ԱԴ փոխնախագահը շեշտեց նաեւ, որ դեռեւս նպատակահարմար չէ նշել, թե որ ուժերի հետ է քննարկումը: Իսկ արդյո՞ք բացառում են փողոցային պայքարը, ասաց. «Իհարկե, չենք բացառում: Դա էլ քաղաքական պայքարի մի հանգրվան է, որը ցանկացած ուժ անցել է»: Իսկ թե հնարավո՞ր է համագործակցություն ՔՊ կուսակցության հետ, գործիչն ասաց. «Որեւէ մեկին այդ ուժը չի դիմել, որպեսզի միանան իրենց: Իրենք պետք է բաց լինեն համագործակցության համար, եւ կարծում եմ` բաց են: Ես ողջունում եմ բոլորին, ովքեր ինչ-որ գործընթացներ են իրականացնում»:
Այլ կերպ ասած` երկու կուսակցությունն էլ թեեւ իրենց հայտարարել են ընդդիմադիր, ասում են, որ կողմ չեն Սերժ Սարգսյանի վարչապետությանը, սակայն նաեւ հասկացնում են, որ չեն պատրաստվում փողոց դուրս գալ, ասել է, թե որեւէ քայլ չեն անելու` իշխանության վերարտադրությունը վիժեցնելու համար: Այլապես անհասկանալի է, թե իրենք ինչպե՞ս են պայքարելու, երբ ԱԺ-ում ներկայացված չեն, հետեւաբար՝ վարչապետի քվեարկության վրա որեւէ կերպ ազդել չեն կարող:
ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՉԵՆ ԼՌԵԼՈՒ
«Կոնվերս բանկի» Սայաթ-Նովա մասնաճյուղից դեկտեմբերի 17-ին 200 հազար դոլարի հափշտակության գործը դոփում է տեղում: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այս գործով կալանավորվածների պաշտպանները նշեցին, որ չեն պատրաստվում լռել եւ առաջիկայում կբարձրաձայնեն, որ անցել է 5 ամիս, սակայն կալանավորված չորս անձանց՝ Դավիթ եւ Արսեն Գրիգորյանների, Մարատ Գալստյանի եւ Աշոտ Մանուկյանի մասով քննչական գործողություններ չեն իրականացվում եւ իրենց պաշտպանյալներին անհիմն պահում են կալանքի տակ: Ի դեպ, մեզ հասած լուրերի` իրավապահները սպասում են, որ Վրաստանի գերագույն դատարանը ապօրինի սահմանահատման համար 29-ամյա Պյոտր Ցիգանկովին ազատազրկման դատապարտի, որից հետո նոր նրան տեղափոխեն Հայաստան, իսկ թե երբ կլինի դա, ժամկետների մասին որեւէ մեկը հստակ չգիտի, մանավանդ, եթե Ցիգանկովը որոշի դատավճիռը բողոքարկել, տեւական ժամանակ կանցնի:
ՀԵՆՑ ԸՆԵ՞ՆՑ
Օրերս Սերժ Սարգսյանը հանդիպել էր Հանրային խորհրդի անդամների հետ, գովասանքի խոսքեր շռայլել այդ կառույցի ղեկավար Վազգեն Մանուկյանի հասցեին: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ Մանուկյանին հարցրեց, թե ո՞ւմ է համարում վարչապետի պաշտոնում արժանի թեկնածու, արդյո՞ք կողմ կլինի, որ Ս. Սարգսյանը շարունակի իշխանավարումը: «Դա ՀՀԿ-ն կորոշի, իմ կարծիքն այս հարցում որեւէ նշանակություն չունի»,- եղավ Մանուկյանի պատասխանը: Հիշեցմանը, թե ժամանակին ինքն ամենակոշտ խոսքերով քննադատել է նույն Ս.Սարգսյանին, վերջինս էլ նույնքան կոշտ պատասխանել իրեն` անգամ որոշակի վիրավորական արտահայտություններ հնչեցնելով, ՀԽ ղեկավարն ասաց. «Դատարկ խոսակցություններ եք վարում: Հենց ընենց հարցեր եք տալիս, Ձեզնից հնարովի»: Ափսոս, Մանուկյանը չմանրամասնեց, թե ո՞րն է հնարովի, որ Ս.Սարգսյանն իրեն անվանել էր բախտախնդի՞ր, իշխանատե՞նչ, ավանտյուրաների միջոցով իր մասին հիշեցնո՞ղ: Բայց, դե, տխուր է հիշել նման անցյալը:
ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ՝ ՄՐՑՈՒՅԹՈՎ
ՀՀ առողջապահության նախարարությունը մշակել է մի նախագիծ, որով սահմանում են պետությանը սեփականության իրավունքով պատկանող բժշկական հաստատությունների բժշկական անձնակազմի ընտրության օրինակելի կարգը եւ պայմանները: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախագծով սահմանված դրույթով բուժաշխատողը ընտրվելու է բաց կարգով հարցազրույցի միջոցով անցկացվող մրցույթի արդյունքների հիման վրա: Թեեւ որպես նախաձեռնության հիմնավորում նշվում է, որ այն հնարավորություն կտա բուժաշխատողների զբաղեցրած պաշտոններին նրանց համապատասխանության նկատմամբ հսկողություն իրականացնել, բայց եւ շատ հնարավոր է, որ այս դեպքում կամայական մոտեցում ցուցաբերվի անցանկալի բուժաշխատողների նկատմամբ: