Մոտ երկու շաբաթ անց` ապրիլի 9-ին, Սերժ Սարգսյանը հրաժեշտ կտա նախագահի պաշտոնին: Մինչ ոմանք նրա պաշտոնավարման օրերն են հաշվում, նա ընդհակառակը, ծրագրել է շարունակել իշխանավարումը, այս անգամ՝ վարչապետի պաշտոնում, քանի որ նոր Սահմանադրության պարագայում երկրի փաստացի ղեկավարը լինելու է վարչապետը: Վերջին հարցազրույցում էլ Սարգսյանը, ըստ էության, չէր հերքել վարչապետ դառնալու հավանականությունը:
Ինչեւէ, մինչ այդ վերհիշենք Սերժ Սարգսյանի նախագահության անցած տասը տարիները` տնտեսական ցուցանիշների համատեքստում:
2008 թվականին, երբ Սերժ Սարգսյանը ստանձնեց ՀՀ նախագահի պաշտոնը, երկրում անվանական համախառն ներքին արդյունքը` ՀՆԱ-ն, կազմում էր 11, 7 մլրդ դոլար, իսկ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն` 3 հազար 606 դոլար: 2017 թվականին անվանական ՀՆԱ-ն կազմել է 11,6 մլրդ դոլար, իսկ մեկ շնչին բաժին ընկնողը` 3 հազար 880 դոլար:
2008 թվականին մեր երկրի պետական պարտքը 1 մլրդ 730.7 մլն դրամ էր: Տասը տարվա ընթացքում Սերժ Սարգսյանին «հաջողվեց» պարտքն ավելացնել ոչ ավել, ոչ պակաս մոտ 5 մլրդ դոլարով` հասցնելով 6,8 մլրդ դոլարի, իսկ մի քանի ամիս անց՝ այն կհատի 7 մլրդի սահմանագիծը: Եվ պետական պարտքն աճել է` իր բոլոր հնարավոր հետեւանքներով: 2008-ին պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը 16,3 տոկոս էր, 2017-ին 58, 6 տոկոսի է հասել: Նշենք, որ «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքի համաձայն` երկրի կառավարության պետական պարտքը չի կարող գերազանցել ՀՆԱ-ի 60 տոկոսը: Հիմա, փաստորեն, մենք հետեւողականորեն մոտենում ենք այդ ցուցանիշին:
Հատկանշական է նաեւ, որ մեկ շնչի հաշվով պարտքը 2008 թվականին կազմում էր 617 դոլար, նախորդ տարվա տվյալով` հասել է 2 հազար 274 դոլարի: Այլ կերպ ասած` այսօր յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի 2 հազար 274 դոլար պարտք ունի՝ Սերժ Սարգսյանի իշխանության վարած քաղաքականության արդյունքում: Սա հետեւանքն է ընտրություններում քաղաքացիների վերցրած 10 հազարական դրամ ընտրակաշառքի:
Օտարերկրյա ներդրումների առումով էլ ցուցանիշները, մեղմ ասած, լավատեսական չեն: 2008 թվականին մեր երկրում կատարվել է 1 մլրդ դոլարի օտարերկրյա ներդրում, իսկ 2016 թվականին` 130,4 մլն դոլարի: Ստացվում է` մոտ 8 անգամ նվազ ներդրում է կատարվել:
2008-ին տնտեսական աճը կազմել է 6,8 տոկոս: Հաջորդ տարի` Սարգսյանի կառավարումից մեկ տարի անց, արձանագրվեց 14,1 տոկոս տնտեսական անկում: Հատկանշական է նաեւ, որ ո՛չ Տիգրան Սարգսյանի, ո՛չ Հովիկ Աբրահամյանի վարչապետության տարիներին այդպես էլ 7 տոկոս տնտեսական աճ չապահովվեց: Ու թեեւ Սարգսյանը հայտարարել էր, որ 7 տոկոս տնտեսական աճ չապահովող կառավարությունը պետք է հրաժարական տա, սակայն վերոնշյալ վարչապետներից որեւէ մեկը չազատվեց պաշտոնից: Նախորդ տարի տնտեսական աճը կազմեց 6,7 տոկոս: Իսկ այս տարվա համար կանխատեսվում է ավելի համեստ ցուցանիշ` 4,5 տոկոս:
Հաջորդ տխուր ցուցանիշը ժողովրդագրության ոլորտում է, ընդ որում, այստեղ իրավիճակն այնքան լուրջ է, որ առանց չափազանցնելու կարելի է համարել սպառնալիք ՀՀ ազգային անվտանգությանը: Պատահական չէ, որ անգամ Սերժ Սարգսյանն էր խոսել ժողովրդագրության բնագավառում տիրող մտահոգիչ վիճակի մասին: Բայց չնայած նրա խոսքերին` որեւէ դրական տեղաշարջ չկա:
2008 թվականին երկրում մշտական բնակչության թիվը 3 մլն 230.1 հազար էր: Իսկ 2018թ. հունվարի 1-ի դրությամբ մշտական բնակչության թիվը հասել է 2 մլն 972 հազար 900-ի: Ասել է, թե միայն պաշտոնական տվյալների համաձայն` Սերժ Սարգսյանի նախագահության տասը տարիների ընթացքում ՀՀ բնակչությունը պակասել է 257 հազար 200-ով: Իրականում, իհարկե, այս թիվն ավելի մեծ է. պաշտոնական վիճակագրությունը չի ներկայացնում առկա բնակչության թիվը, այն հաշվարկվում է միայն մարդահամարների ժամանակ: Այս դեպքում պատկերն ավելի տխուր կարող է ստացվել: Միջին հաշվարկով` երկրից տարեկան մեկնում է 30-40.000 քաղաքացի: Նախորդ տարի, օրինակ, ազգային վիճակագրական ծառայության տվյալով` Հայաստանից անդարձ հեռացել է ավելի քան 37 հազար 5 հարյուր քաղաքացի: Միաժամանակ տարեցտարի գնալով նվազում է ծնելիության մակարդակը, նվազում է բնական հավելաճը:
Ու վերջապես մեկ թիվ էլ. 2008-ին, պաշտոնական տվյալներով, աղքատության մակարդակը մեր երկրում 27,6 տոկոս է կազմել, 2016 թվականի տվյալով` 29,4 տոկոս է: Սա միայն պաշտոնապես, իսկ դրանից դուրս մասնագետները հաճախ են շեշտում, որ աղքատությունը երկրում իրականում ոչ թե 29,4, այլ 30-35 տոկոս է:
Անդրադառնանք նաեւ դրական ցուցանիշներին, որոնք իրականում բավական քիչ են: 2008 թվականին նվազագույն սպառողական զամբյուղը Հայաստանում կազմում էր 36.262 դրամ, նախորդ տարվա տվյալով` 57.418 դրամ է: Միջին ամսական անվանական աշխատավարձի պարագայում էլ դրական տեղաշարժ կա. տասը տարի առաջ այն կազմում էր 87.406 դրամ, 2017-ի տվյալով` 195.074 դրամ: Իհարկե, գովելի է, որ բնակչության շրջանում միջին ամսական անվանական աշխատավարձը մոտ 107 հազար դրամով ավելացել է, սակայն պետք է շեշտենք, որ Սերժ Սարգսյանն առավել շռայլ է գտնվել սեփական անձի նկատմամբ: Տասը տարի առաջ մեր երկրում նախագահի աշխատավարձը կազմում էր 400.000 դրամ, իսկ այժմ` 1 մլն 322 հազար 800 դրամ:
Այսպիսով` վերոնշյալ ցուցանիշները փաստում են, որ Սերժ Սարգսյանը պաշտոնավարման տասը տարիների ընթացքում հատկապես տնտեսության ոլորտում ձախողել է: Ու չնայած այդ ամենին` Սերժ Սարգսյանը ցանկանում է շարունակել իր իշխանավարումը, հիմա էլ վարչապետի պաշտոնում: Հաշվի առնելով այս տասը տարիների դառը փորձը` դժվար չէ գուշակել, թե ապագայում ինչ է սպասվում. իրավիճակը շարունակելու է մնալ նույնը:
ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
ՀՅԴ-Ն ՀՀԿ-Ի ԴԵՄ
Իշխող ՀՀԿ-ն հերթական անգամ մերժել է կոալիցիոն գործընկերոջ՝ ԱԺ ՀՅԴ խմբակցության օրինագիծը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՅԴ-ն տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրինագծում առաջարկել է դրույթ, ըստ որի` այդ հանձնաժողովում յոթ անդամներից մեկի թեկնածությունն առաջադրի խորհրդարանական ընդդիմությունը: Նախագծին դեմ է եղել ոչ միայն ՀՀԿ խմբակցությունը, այլեւ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը, նա հայտարարել է, որ ընդդիմության կողմից առաջադրված թեկնածուն կարող է իր գործունեության ընթացքում քաղաքական շահեր պաշտպանել, իսկ հանձնաժողովը ապաքաղաքական մարմին է: Սակայն նույն Շաբոյանը մոռանում է իր կուսակցական պատկանելիության մասին. նա ՀՀԿ խորհրդի անդամ է: Փաստորեն, նախկինում ընդդիմադիր, հիմա կոալիցիայի անդամ ՀՅԴ-ն որոշել է մեկ ու մեջ պաշտպանել ընդդիմությանը:
ԹԱՔՑՆՈ՞ՒՄ Է
ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը դեռեւս ՀՀ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով չի ներկայացրել 2017 թվականի հայտարարագիրը: Մինչ այդ, նրա՝ 2016 թ. հայտարարագրից պարզ է դառնում, որ փոխնախարարի եկամուտը միայն ստացած պետական աշխատավարձն չէ։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նա որպես եկամուտ հայտարարագրել է ոչ միայն իր ամսական 608 հազար դրամի չափով աշխատավարձը, այլեւ վարձակալության դիմաց ստացված 2 մլն 400 հազար դրամի չափով վճարը։ Ըստ նրա պաշտոնական հայտարարագրի` դրամական միջոցները կազմել են 8 մլն դրամ։ Ի դեպ, տեղեկացնենք, որ առողջապահության ոլորտում վերջերս իրար հաջորդած աղմկահարույց որոշումներն ընդունելու հարցում գործուն մասնակցություն ունի Սերգեյ Խաչատրյանը։ Նշենք, որ Ս. Խաչատրյանը նախարար Ալթունյանի համակուրսեցին է եղել:
ԱՆՀԵՏԱՑԵԼ Է
Ոստիկանները չեն կարող հայտնաբերել 2017թ. ԱԺ ընտրությունների ժամանակ լրագրողների նկատմամբ բռնություն կիրառած Ջուլիետա Կոկոլյանին, ում հանդեպ մեկ ամիս առաջ դատարանի որոշմամբ հետախուզում էր հայտարարվել: ՀՀԿ օգտին աշխատող Կոկոլյանն այս գործով մյուս մեղադրյալի` Լեւոն Գասպարյանի հետ խոչընդոտել էր լրագրողներ Շողիկ Գալստյանի եւ Սիսակ Գաբրիելյանի մասնագիտական օրինական գործունեությանը: Դատերին նա չէր ներկայանում` պատճառաբանելով, թե գտնվում է հոգեկան ծանր վիճակում, «հոգեմետ դեղեր է ընդունում»: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Կոկոլյանին գտնելու հանձնարարականը տրվել է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությանը: Բայց, փաստորեն, Կոկոլյանն անհետացել է, գոնե ոստիկանների համար: Դժվար չէ կռահել՝ իրականում ոստիկանները չեն էլ փորձում ՀՀԿ-ի օգտին աշխատած տիկնոջը հայտնաբերել, այլապես նա վաղուց արդարադատության առաջ կանգնած կլիներ:
ԼԵԳԻՏԻՄԱՑՐԵԼ ԵՆ
«Ես կարող եմ հստակ ասել, որ այսօր պառլամենտում ներկայացված բոլոր չորս ուժերը՝ Հանրապետական կուսակցությունը, ՀՅ դաշնակցությունը, «Բարգավաճ Հայաստան»-ը եւ «Ելք»-ը, ըստ էության, միասնաբար, ձեռք ձեռքի տալով` իրականացրին Սերժ Սարգսյանի վերարտադրման ծրագիրը՝ լեգիտիմացնելով սահմանադրական հանրաքվեն, փորձելով շեղել ժողովրդի պայքարն, այնուհետեւ այդ նույն ուժերը հայտնվեցին պառլամենտում, չգիտես ինչու, ով որ ակտիվորեն ընդդիմացավ, ոչ մի շանս չունեցավ խորհրդարան անցնելու, բայց այդ ուժերը հայտնվեցին պառլամենտում»,- «Ազատություն» ռ/կ եթերում հայտարարել է ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը` հավելելով, որ այդ ուժերը նաեւ «լեգիտիմացրին Սերժ Սարգսյանի ռեժիմի վերարտադրման երկրորդ էտապը։ Այսինքն՝ իրենք ասացին, որ այդ ընտրություններն օրինական էին` ըստ էության ասելով, որ ժողովուրդը գնացել է եւ իր ձեռքով քվեարկել Հանրապետականի օգտին։ Այսինքն՝ այս երկու էտապում, երբ որ որոշվում էր Սերժ Սարգսյանի վերարտադրման խնդիրը, ըստ էության, մենք տվեցինք էդ պայքարը, ճիշտ է, եղել են այլ քաղաքական ուժեր, որոնք մեզ օգնել են, միացել են, կամ առանձին տարել են այդ պայքարը»:
ՊԵՏՔ ՉԷ ՇՏԱՊԵԼ
ՌԴ Դաշնային ժողովի պետական դումայի ԱՊՀ գործերով եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինն ասել է, որ Եվրասիական տնտեսական միությունը ողջ թափով դեռեւս չի գործել: Ըստ նրա` ԵԱՏՄ գործունեության մասին հնչեցրած գնահատականներում շտապել պետք չէ: «Ճտերն աշնանն են հաշվում, իմաստ չկա դրանք ավելի շուտ հաշվել»,- շեշտել է Զատուլինը: Նա հավելել է նաեւ, որ Ռուսաստանը բավական հեշտ է վերաբերել նրան, որ Հայաստանը համաձայնագիր ստորագրեց Եվրամիության հետ: «Մենք դիտարկում ենք Հայաստանը որպես Եվրասիական միության անդամ, մենք Հայաստանի կարեւոր ներդրողն ենք, եւ եթե որեւէ մեկը սա չի տեսնում, ես ցավում եմ, ուրեմն այստեղ թերի աշխատանք կա. կա՛մ մենք ենք թերանում, կա՛մ նրանք»,- նշել է Կոնստանտին Զատուլինը: