«Ցանկացած պարագայում զենքով հարցեր լուծերը անհուսալի եւ մարգինալ ուժերի դիրքորոշում է»,- երեկ Ազգային ժողովի ճեպազրույցների ժամին այսպիսի հայտարարություն արեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Եվ սա ասում է այն կուսակցության ներկայացուցիչը, որի անվան հիմքում «հեղափոխություն» բառն է:
Երբ ՀՅԴ-ն է այդպիսի հայտարարություններ անում, այլ բան չի մնում անելու, քան հիշեցնելու իրենց անցյալը, մասնավորապես «Դրոյի» եւ «30+1» գործերը: 90-ականների արմատական ընդդիմադիր ՀՅԴ ներկայացուցիչները ձերբակալվել էին Հայաստանում զենքով հեղաշրջում կազմակերպելու փորձի համար, ավելին՝ «Սասնա ծռեր» զինված խմբավորման այսօրվա անդամների մի մասը ժամանակին եղել է ՀՅԴ անդամ:
Մի փոքր պատմական ակնարկ. 1995թ. հուլիսին, երբ բացահայտվեց ՀՅԴ-ի գործունեությունը, այդ ժամանակ ՀՀ ազգային անվտանգության խորհուրդն այսպիսի հայտարարություն էր տարածել. «Ակնհայտ է, որ Դաշնակցություն կուսակցությունը նպատակ չունի իր գործունեությամբ մաս կազմել երկրի նորմալ քաղաքական գործընթացներին եւ իրեն իրավունք է վերապահում ամեն միջոց գործադրել, այդ թվում՝ սպանություններ, ապակայունացնող եւ երկրի նորմալ գործունեությունը խոչընդոտող` իր նպատակներին հասնելու համար»։ Մյուս գործողությունն էլ ստացել էր «Դրո» անվանումը, երբ ՀՅԴ ներսում գործած «Դրո» ահաբեկչական կառույցը երկու խոշոր գործողություն էր իրականացրել՝ «Քերոբ» եւ «Թոփ-1» անուններով։
Մեկ հիշեցում էլ. «31-ի գործը» բացահայտել եւ ամբողջ քննությունը վարել է այն ժամանակ ներքին գործերի նախարար, այսօր նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանը: Եվ այս պարագայում հետաքրքիր են նաեւ իրենց այն հայտարարությունները, երբ նրանք նշում են, թե քաղբանտարկյալներ եղել են միայն դաշնակցականները, եւ իրենցից հետո այլեւս որեւէ քաղբանտարկյալ չի եղել: Սակայն տեղն եկած ժամանակ նրանք կողմ են քվեարկում հենց նաեւ իրենց քաղբանտարկյալ չհամարող անձանց կամ նրանց ներկայացրած նախագծերին: Նույն Արմեն Ռուստամյանը ձերբակալվել էր, այսինքն՝ քաղբանտարկյալ էր դարձել վերը նշված «31»-ի գործի շրջանակներում, որը բացահայտած անձի, այսինքն՝ Սերժ Սարգսյանի կուսակցության հետ նրանք գտնվում են քաղաքական համագործակցության մեջ: Սա՝ հիշեցինք իմիջիայլոց:
ՀՅԴ-ն այն ուժերից է, որ նորանկախ Հայաստանի պատմության մեջ հաճախ փոխել է իր դիրքորոշումը՝ ընդդիմադիրից դառնալով կոալիցիայի անդամ: Հայաստանում ընտրություններից հետո կոալիցիաներ ձեւավորելու ավանդույթը հիմնել է Ռոբերտ Քոչարյանը, իսկ ՀՅԴ-ն էլ այս ընթացքում որդեգրել է «դեմ ըլլալով՝ կողմ ըլլալու» քաղաքականությունը։ 2003 եւ 2007 թվականներին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո կոալիցիա կազմելով, ՀՅԴ-ին անգամ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունները չստիպեցին հետ կանգնել իրենց որոշումից: Եվ միայն 2009թ. Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները պատճառ դարձան, որ ՀՅԴ-ն դուրս գա կոալիցիայից եւ իրեն հայտարարի ընդդիմություն։
2012թ. խորհրդարանում իշխող Հանրապետական կուսակցությունը կոալիցիա կազմեց միայն «Օրինաց երկիր» կուսակցության հետ։ Իսկ ահա 2016թ. ՀՅԴ-ն կրկին քաղաքական համագործակցության համաձայնագիր ստորագրեց ՀՀԿ-ի հետ։ Այդ համաձայնագիրը կնքելուց հետո ՀՅԴ-ն ստացել է 3 նախարարական, 2 մարզպետական եւ համեմատաբար ավելի ցածր բազմաթիվ այլ պաշտոններ։ Եվ չնայած ժամանակ առ ժամանակ ՀՅԴ-ն հիշում է նախկինում ունեցած իր ընդդիմադիր կեցվածքի մասին եւ քննադատում իշխող ուժին, սակայն դա չի խանգարում ՀՀԿ-ի շահերը պաշտպանելով` օրենքներ անցկացնել:
Հավելենք, որ օրեր առաջ՝ մարտի 23-25-ը, Աղվերանում տեղի է ունեցել ՀՅԴ Հայաստանի 21-րդ Գերագույն ժողովը, որի ժամանակ ընտրվել է Գերագույն մարմին հետեւյալ կազմով՝ Արսեն Համբարձումյան, Հրաչ Թադեւոսյան, Իշխան Սաղաթելյան, Արթուր Եղիազարյան, Սիմոն Սիմոնյան, Սպարտակ Ղարաբաղցյան, Վահագն Մատինյան, Արթուր Ղազարյան, Կարեն Մնացականյան: ՀՅԴ Հայաստանի նորընտիր Գերագույն մարմնի անդրանիկ նիստում Գերագույն մարմնի ներկայացուցիչ ընտրվել է Արսեն Համբարձումյանը՝ փոխարինելով Աղվան Վարդանյանին: Ընդ որում, այս փոփոխությունը միակը չէ: Գերագույն մարմնի այս կազմից բացակայում են կարկառուն դաշնակցականներ Լեւոն Մկրտչյանը, Դավիթ Լոքյանը, Արծվիկ Մինասյանը, Միքայել Մանուկյանը, ովքեր կային երկու տարի առաջ ընտրված ԳՄ կազմում: ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այդպիսի ռադիկալ փոփոխությունները բացատրեց սերնդափոխության հանգամանքով: «Դա մեր ընդհանուր որոշումն էր, որ այս փուլում գործադիրի եւ օրենսդիրի անդամները չլինեն Գերագույն մարմնում, որովհետեւ յուրաքանչյուրս մեր տեղում ծանրաբեռնված ենք: Եվ դա եղավ մեր առաջարկությամբ: Մի շատ կարեւոր հանգամանք կա նաեւ, որ ՀՅԴ-ի պարագայում ԳՄ-ն եւ Բյուրոն համագործակցում են համախոհաբար: Ամենակարեւորը նաեւ սերնդափոխության հարցն է, մենք ուզում էինք նոր մարդկանց ներգրավել եւ կարծում ենք` շատ ճիշտ որոշում ենք կայացրել»:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀԻՆ ԸՆԿԵՐՆԵՐԸ
2018թ. մարտի 11-ին Իջեւանի տարածաշրջանի Ազատամուտ համայնքում կայացան ավագանու արտահերթ ընտրություններ: Ավագանու 9 տեղի համար գրանցվել է 15 թեկնածու, սակայն հետո 5 թեկնածու ինքնաբացարկ է ներկայացրել: Ընտրությունների արդյունքում Ազատամուտ համայնքի ավագանու անդամներ ընտրվեցին Վահագն Ալավերդյանը, Մարտիկ Այվազյանը, Վոլոդյա Բալասյանը, Արթուր Բեգինյանը, Աշխեն Դավթյանը, Ալիկ Էլարյանը, Լուսինե Մատինյանը, Արման Նազարյանը, Խալաթ Պապյանը: Ազատամուտի ավագանու ընտրություններից ավելի քան երկու շաբաթ է անցել, սակայն Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքի` tavush, mtad.am, «Համայնքներ» բաժնի «Համայնքի ղեկավար եւ ավագանի» խորագրի տակ Ազատամուտ համայնքի ավագանու հին կազմն է զետեղված: Ավագանու հին կազմից միայն 3 հոգի` Ալիկ Էլարյանը, Լուսինե Մատինյանը եւ Մարտիկ Այվազյանն են մարտի 11-ին ընտրվել ավագանու անդամ:
Նշենք, որ Տավուշի մարզխորհրդի նիստերում մարզպետարանի ղեկավարները քննադատում են մարզի համայնքների ղեկավարներին, որ նրանք չեն թարմացնում համայնքների ինտերնետային կայքերը, դրանցում զետեղված է հնացած տեղեկատվություն: Մարտի 11-ից բավական ժամանակ է անցել, դժվար չէր լինի մարզպետարանի ինտերնետային կայքում Ազատամուտի ավագանու նոր անդամների անունները զետեղելը:
ԴԱՏԻ Է ՏՎԵԼ
Իջեւանի տարածաշրջանի Ազատամուտ գյուղում գործող «Իջեւանի բենտոնիտ կոմբինատ» ԲԲԸ բաժնետեր Արտյոմ Մահտեսյանը Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան հայցադիմում է ներկայացրել ընդդեմ «Իջեւանի բենտոնիտ կոմբինատի»: Նա պահանջում է հարգելի ճանաչել բաժնետոմսերը հետ գնելու մասին գրավոր պահանջ ներկայացնելու ժամկետը բաց թողնելու պատճառները, բաժնետոմսերի հետ գնման գինը որոշել եւ բաժնետոմսերը շուկայական գնվող հետ գնելուն պարտավորեցնել: 2018թ. փետրվարի 15-ին Իջեւան քաղաքում Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմա Իսկանդարյանը որոշել է հայցադիմումը ընդունել դատարանի վարույթ եւ այդ գործով նախնական դատական նիստ նշանակել ապրիլի 12-ին: Գագիկ Մահտեսյանը 2012թ. եղել է Իջեւանի բենտոնիտ կոմբինատի տնօրեն: Կոմբինատի ներկայիս սեփականատերերը ջավախահայ բանաստեղծ Օքրո Օքրոյանի որդիներն են: Երբեմնի հսկա գործարանը սեփականաշնորհվելուց հետո տարբեր սեփականատերեր է ունեցել, գույքի մեծ մասն օտարվել է: Կոմբինատը այժմ իր արտադրական հզորությունների փոքր մասով է աշխատում:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՋԵՐՄՈՑԱՏԵՐԵՐԻՆ ՉԻ ՓՈԽՀԱՏՈՒՑԻ
Ինչպես հայտնի է՝ հանգստյան օրերի ուժգին քամու պատճառով ՀՀ մի շարք մարզերի բնակիչներ հսկայական վնասներ են կրել: Օրինակ` վնասներ արձանագրվել են Շիրակի մարզի 16 համայնքների 26 բնակավայրերում: Նշենք, որ Շիրակի մարզպետի հանձնարարականով մարզպետարանում ստեղծվել է քամու հետեւանքների ուսումնասիրությամբ զբաղվող հանձնաժողով, որը բաժանված է 3 խմբի: Իսկ երեկ առավոտից մասնագետները շրջել են բոլոր բնակավայրերում՝ վնասները հաշվարկելու նպատակով:
Իսկ ահա Արմավիրի մարզի մի շարք գյուղերի բնակիչներ, որոնք ունեն պոլիէթիլենային ջերմատներ, կանգնել են լուրջ խնդրի առաջ, քանի որ ուժգին քամու պատճառով նրանց ջերմատների ցելոֆանները ամբողջովին պատռվել են: Մի մասի ջերմատներում տեղադրված բույսերը քամուց եւս վնասվել են: Իսկ այդ բույսերը ջերմատներում դնելու համար գյուղացիները մեծ ծախսեր են արել: Ստացվում է, որ այս քամուց հետո նրանք կրկնակի գումարներ են ծախսելու. բույսերի սածիլներ են ձեռք բերելու, ցելոֆան են գնելու՝ ջերմատունը ծածկելու համար:
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք կառավարությունը փոխհատուցելու է գյուղացիներին կրած վնասների համար: Պարզվում է՝ ոչ: «Ջերմատների ցելոֆանների մասով այս պահին հստակ ոչինչ չեմ կարող ասել: Չեմ կարծում, որ կփոխհատուցվի: Միայն այս քամու պատճառով երեք ընտանիքի տանիք է վնասվել: Նրանց տանիքները փոխհատուցելու մասով դեռ քննարկվում է»,- տեղեկացրեց մարզպետը: Իսկ գյուղացիների հոգսը թեթեւացնելու մասով ոչինչ չի ձեռնարկվում: Անգամ մտքներով դա չի անցնում:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ