ԱԿՆԿԱԼՈՒՄ Է ՊԵՏԱԿԱՆ ԱՅՐԵՐԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ «Ֆիլմմոր» միջազգային կինոփառատոնում արգելվել է ցուցադրել իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադի «Եվա» ֆիլմը: Այն պետք է ցուցադրվեր մարտի 17-ին, Ստամբուլում, սակայն տեղի նահանգապետարանը զգուշացրել է, որ ներքին գործերի նախարարությունն արգելել է ցուցադրությունը: «Մարմարա» օրաթերթը, հղում անելով «Ֆիլմմոր» կինոփառատոնի ներկայացուցիչներից Մելեք Օզմանին, գրում է, որ ֆիլմն արգելվել է Ադրբեջանի ղեկավարության պաշտոնական միջամտությամբ: Բանն այն է, որ ըստ Ադրբեջանի կառավարության հաղորդագրության` ֆիլմը «տպավորություն» է ստեղծում, թե Ղարաբաղը Հայաստանի մաս է: Այս նկատառումը հաշվի առնելով էլ թուրքական իշխանություններն արգելել են «Եվայի» ցուցադրությունը: Թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Եվա» ֆիլմի գլխավոր ռեժիսոր եւ սցենարիստ, իրանահայ Անահիտ Աբադի հետ:

-Տիկի՛ն Աբադ, վերջերս նշել էիք, որ ակնկալում եք արգելանքի դեմ հայ մտավորականության ակտիվ արձագանքը: Սպասված արձագանքները եղա՞ն:
-Ինձ ուրախացրեց Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության տարածած հաղորդագրությունը, որով վերջինս դատապարտում է ֆիլմի ցուցադրությունն արգելելու որոշումը: Իր դիրքորոշումը ցույց է տվել նաեւ ֆիլմի կոմպոզիտոր Վահան Արծրունին: Հարցն այն է, որ քաղաքական կոպիտ վերաբերմունք է դրսեւորվել արվեստի գործի նկատմամբ: Ընդ որում, սա ամենակոպիտ դրսեւորումներից մեկն է, որին ես վերջին տարիներին ականատես եմ եղել: Եթե «Եվայի» արգելանքի վերաբերյալ հայ մտավորականությունը կեցվածք չդրսեւորի, ուրիշներից ի՞նչ ակնկալենք:
-Ուրիշներից, նկատի ունեք՝ օտարազգի գործիչների՞ց:
-Այո՛, ես նամակ եմ հղելու փառատոնի կինոգործիչներին եւ արտահայտելու եմ իմ դժգոհությունը: Փառատոնի մասնակիցները չեն արտահայտել իրենց տեսակետը: Բայց նրանք կարող են որպես բողոքի նշան, օրինակ, այնպես անել, որ իրենց ֆիլմերն էլ չցուցադրվեն: Պատկերացնու՞մ եք՝ եթե նրանց ուղղված նամակը ոչ միայն իմ, այլեւ մի խումբ կինոգործիչների անունից լիներ, որքան ավելի մեծ կլիներ դրա ազդեցությունը: Ես նաեւ Ձեզ եմ ուզում հարցնել՝ Դուք՝ որպես լրագրող, ի՞նչ կարծիք ունեք այս ամենի մասին:
-Ես կարծում եմ, որ արվեստի որեւէ գործի վրա որեւէ պարագայում արգելանք չպետք է դրվի: Ըստ իս, քանի որ արգելանքը քաղաքական հողի վրա է դրվել, անչափ կարեւոր է մեր քաղաքական գործիչների, արտաքին գործերի, մշակույթի նախարարությունների արձագանքը, համաձա՞յն եք:
-Ես այդ ասպարեզի մարդ չեմ, բայց կարծում եմ, որ, այո, մեր քաղաքական գործիչները, պետական այրերը եւս պետք է իրենց դիրքորոշումը ցույց տան:
Նշենք, որ «Եվա» ֆիլմի արգելքի հարցը մարտի 19-ին Թուրքիայի խորհրդարանում բարձրացրել էր նաեւ հայազգի պատգամավոր Սելինա Դողանը: Նա մեջլիսի ղեկավարությանն էր ներկայացրել Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին ուղղված գրավոր հարցում՝ նշելով, թե ներքին գործերի նախարարությունն արդյո՞ք ուսումնասիրել է ֆիլմը եւ եթե այո, ապա ո՞ր տեսարանն է պատճառ հանդիսացել նման արգելքի համար:
Հավելենք, որ «Եվա» լիամետրաժ ֆիլմը պատմում է մի կնոջ մասին, որը մոռանալու համար իր հետ տարիներ առաջ տեղի ունեցած ծանր պատմությունը, դստեր հետ հեռանում է Երեւանից եւ հաստատվում է Արցախում: Սակայն անցյալը ամենուր հետապնդում է նրան: Ֆիլմը նկարահանվել է Արցախում։ Կինոնկարում խաղում են Նարինե Գրիգորյանը, Շանթ Հովհաննիսյանը, Մարջան Ավետիսյանը, Ռոզի Ավետիսովան, Սերգեյ Թովմասյանը, Վրեժ Քասունին, Տիգրան Դավթյանը, Նանոր Պետրոսյանը, Էվելինա Ադամյանը, Մարատ Դավթյանը եւ այլք:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

ԻՆՉՊԵ՞Ս ԼԻԼԻԹԸ ՍՏԻՊՎԱԾ ԽԱԲԵՑ ԻՐ ԵՐԿՐՊԱԳՈՒԻՆ

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել «Աստղերի առաջին սերերը» շարքը, որի շրջանակում անդրադառնում ենք շոուբիզնեսցիների անձնական կյանքից քչերին հայտնի կամ անհայտ դրվագների: Այս անգամ մեր զրուցակիցը երգչուհի Լիլիթ Կարապետյանն է: Նա վստահեցնում է, որ առաջին սերը պլատոնական, երկնային, անհասանելի զգացմունք է, որն առանձնանում է հետագա սերերից իր երազային բնույթով:

Երգչուհին հիշում է իր առաջին սիրուն, որն իր երկրպագուն էր դեռեւս 8-9-րդ դասարաններում. «Նա իմ հարազատ Ալավերդի քաղաքից էր, շատ էր սիրում ե՛ւ իմ երգերը, ե՛ւ ինձ: Ի դեպ, ինձնից մեկ տարով փոքր էր, շատ հարգված տղա էր քաղաքում: Նրա քույրերը կարում էին իմ բեմական հագուստները, այնպես որ մուտք ու ելք ունեի իրենց տուն: Այն թվականներին Ալավերդիում որեւէ տղայի հետ կանգնել-խոսելն անգամ լավ չէր ընկալվում, ուստի առանձնապես չէի շփվում նրա հետ, բայց ամբողջ քաղաքը գիտեր, որ Արմենը շատ էր սիրում ինձ, եւ շատ տղաներ ռիսկ չէին անում մոտենալ ինձ»,-հիշեց երգչուհին:
Նա պատմեց, որ տարբեր երկրպագուներ եկել են` իր ձեռքը խնդրելու դեռ այն ժամանակվանից, երբ ինքը 7-8-րդ դասարան էր: 10-րդ դասարանում էլ Արմենի ծնողներն են գալիս Լիլիթի ձեռքը խնդրելու. «Ես այն ժամանակ արդեն քիչ թե շատ հայտնի էի, ունեի իմ սկավառակը, համերգ էի ունեցել Մարզահամերգային համալիրում, մուտք էի գործել երգարվեստ եւ հաստատ հետ չէի կանգնի: Մայրիկս նրանց ասաց, որ ինձ համար մեծ ապագա է տեսնում մայրաքաղաքում եւ մերժեց նրանց: Բայց մի հանգամանք կար. Արմենի ընտանիքը պետք է մեկներ երկրից, եւ նա չէր համաձայնում լքել Հայաստանը, մինչեւ որ ես չտայի իմ համաձայնությունը: Այդպիսով մեր ծնողները պայմանավորվեցին, որ Արմենին կխաբեն, կասեն, թե իբր մենք ընդունել ենք նշանադրության առաջարկը, որպեսզի Արմենը համաձայներ գնալ ծնողների հետ: Այդպես էլ արեցինք»,-պատմեց Լիլիթը:
Նա խոստովանեց, որ այդ ժամանակ իրեն դուր էր գալիս Արմենի ուշադրությունը, վերաբերմունքն ու ջերմությունը եւ այն անշոշափելի զգացմունքը, որն ինքը տածում էր նրա նկատմամբ. «Երբ դպրոցն ավարտեցի, եկանք, մայրաքաղաքում հաստատվեցինք, մի առիթով մայրիկիս հարցրի՝ կարո՞ղ է` ճիշտ չարեցինք, որ խաբեցինք Արմենին, գուցե այլ կերպ դասավորվեին իրադարձությունները: Բայց մայրիկս շատ խիստ կերպով ասաց, որ ոչ: Հետագայում ես էլ համոզվեցի, որ մեր մերժումը ճիշտ քայլ էր, եւ չեմ ափսոսում դրա համար»,-անկեղծացավ երգչուհին:
Մայրաքաղաքում հաստատվելուց հետո Լիլիթը զանգ է ստանում Արմենից, որը վերադարձել էր Հայաստան, սակայն երգչուհին արդեն տարված էր իր կարիերայով, ամբողջ օրը պարապմունքների մեջ էր, եւ այդպիսով կրկին ոչինչ չի ստացվում:
«Ամեն դեպքում, այդ տղան միշտ կմնա իմ հիշողություններում որպես ջերմ հուշ: Գիտեմ, որ նա ամուսնացել է, դուստր ունի, եւ շատ ուրախ եմ նրա համար»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

ՈՒՇԱԹԱՓՎԵԼ Է
Սլովակիայի հավաքականի պաշտպան Մարտին Շկրտելը Թայլանդի «Արքայական Գավաթի» եզրափակչի` այդ երկրի հավաքականի հետ խաղի ժամանակ կորցրել է գիտակցությունը: 33-ամյա ֆուտբոլիստը գնդակով ուժեղ հարված է ստացել գլխին, ինչից հետո ուշաթափվել է: Սլովակ ֆուտբոլիստներն անմիջապես օգնություն են ցուցաբերել Շկրտելին, ինչը ֆուտբոլիստին թույլ է տվել խուսափել լեզուն կուլ տալուց: Բժշկական օգնությունը ստանալուց հետո «Լիվերպուլ»-ի նախկին ֆուտբոլիստը կարողացել է շարունակել հանդիպումը: Ավելի ուշ` հանդիպման 73-րդ րոպեին, Շկրտելը փոխարինվել է:
Նշենք` Սլովակիա-Թայլանդ հանդիպումն ավարտվել է սլովակների` 3:2 հաշվով հաղթանակով:

 

 

ՀԱՅ ԱՐՎԵՍՏԸ` ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մարտի 28-ին համերգով հանդես է գալու Գերմանիայում` դարի ամենահեղինակավոր մշակութային նախագիծը համարվող Էլբֆիլհարմոնիայի (Elbphilharmonie) Մեծ դահլիճում:
Համբուրգում կայանալիք համերգի ընթացքում սիմֆոնիկ նվագախումբը` դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, ներկայացնելու է հայ կոմպոզիտորական արվեստը. երեկոյի ընթացքում հնչելու են Արամ Խաչատրյանի Երկրորդ` Զանգերով սիմֆոնիան եւ Էդուարդ Հայրապետյանի Թավջութակի չորրորդ կոնցերտը:

 

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԵՍՊԱՆ
«Բարսելոնա»-ի եւ Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Չավին դարձել է Քաթարում կայանալիք ԱԱ-2022-ի միջազգային դեսպանը: Այս պահին 38-ամյա ֆուտբոլիստը հանդես է գալիս քաթարական «Ալ-Սադ» ակումբում: «Ես ամբողջովին հաճույք եմ ստանում ՖԻՖԱ-ի ծրագրի հետ համագործակցությունից, որին մասնակցում եմ 2016 թվականից: Անհամբերությամբ եմ սպասում մեր հիանալի հարաբերությունների շարունակությանը` Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության նախապատրաստության ժամանակ»,-ասել է Չավին:
Հիշեցնենք, որ աշխարհի 2022 թվականի առաջնությունը կանցկացվի Քաթարում` նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 19-ը: Մունդիալն առաջին անգամ կանցկացվի ձմռանը:

 

 

ԾԱՅՐԱՀԵՂ ԾԱՆՐ
«Գրանդ-Ռապիդս»-ի բասկետբոլիստ Զեկե Ապշոուի սիրտը կանգ է առել «Դետրոյտ Պիստոնսի» դեմ ամերկյան G լիգայի խաղի ժամանակ: Միջադեպը տեղի է ունեցել խաղի ավարտից 40 վայրկյան առաջ: 26-ամյա բասկետբոլիստը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:




Լրահոս