Ապրիլյան պատերազմից երկու տարի անց. բացահայտումներ, քաղաքական դասեր. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Լրանում է ապրիլյան քառօրյա պատերազմի երկրորդ տարին: Անցած ժամանակը, թերեւս, բավարար էր` կատարվածից դասեր քաղելու եւ հետեւություններ անելու համար: Ապրիլյան պատերազմը, ըստ էության, բացահայտեց հայկական կողմի զինված ուժերում առկա խնդիրները, որոնք, ի դեպ, հետեւանք էին այդ ոլորտում տարիներ շարունակ կոռուպցիայի: Պատահական չէ, որ վարչապետ Կարեն Կարապետյանն ԱԺ-ում հայտարարել էր, թե անորակ դիզվառելիքի պատճառով «ապրիլյան դեպքերի ժամանակ մենք ունեինք բազմաթիվ դեպքեր, երբ որ մեր ռազմական տեխնիկան չէր աշխատում»:

Պարզվում է` շատ դեպքերում զինվորներն անհրաժեշտ քանակությամբ փամփուշտ չեն ունեցել եւ վերջին պահին կռվել են բահերով: Սերժ Սարգսյանն էլ ասել էր, թե քառօրյա մարտերում կռվել ենք 80-ականների զենքերով: Եւ սա այն դեպքում, երբ իշխանությունները մինչեւ ապրիլյան պատերազմը հասարակությանը հակառակն են համոզել` տարիներ շարունակ ստելով:

Կատարվածից երկու տարի անց կարգի է բերվել միայն սահմանի առաջնագիծը. այն համալրվեց նոր սարքավորումներով, բնականաբար, ՀՀ քաղաքացիների եւ սփյուռքահայերի ֆինանսական ահռելի ներդրումների շնորհիվ: Հայաստանը ՌԴ-ից վերցրած վարկային միջոցներով նոր սպառազինություններ ձեռք բերեց: Իսկ ահա պաշտոնյաները, որոնք պատասխանատու են եղել այս իրավիճակի համար, որեւէ քրեական պատասխանատվության չենթարկվեցին, այլ նրանց ընդամենը պաշտոնանկ արեցին: Ապրիլյան պատերազմը նաեւ իր քաղաքական դասերը «տվեց»` ապացուցելով ԼՂ խնդրի շուտափույթ կարգավորման անհրաժեշտությունը:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս