Վարչապետի որոշման հետքերով. հանքարդյունաբերական կառույցները կփակե՞ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ` մարտի 27-ին միջգերատեսչական աշխատանքային խումբ է ստեղծվել, որը պետք է բացահայտի մետաղական հանքաքար արդյունահանող կազմակերպությունների իրական սեփականատերերին:

Պարզվում է` այս քայլին իշխանությունները գնացել են, որովհետեւ Հայաստանը միացել է միջազգային կառույցի` արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը: Ի դեպ, ԱՃԹՆ-ին անդամակցում է 51 երկիր: Այս կառույցը ներդրումներ է կատարում այն երկրներում, որոնք կատարում են ստանձնած պարտավորությունները, մասնավորապես ներկայացնում են հանքարդյունաբերությամբ զբաղվող կազմակերպությունների իրական սեփականատերերին:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տնտեսագետ Վահագն Խաչատրյանն այս առնչությամբ շեշտեց, որ մեր պետությունը պարզապես պարտավոր է ներկայացնել հանքարդյունաբերական կազմակերպություններին վերաբերող տվյալներ, հակառակ պարագայում Հայաստանը կզրկվի այն ներդրումներից, որ այս կառույցը կարող է կատարել: Տնտեսագետը բերեց Ադրբեջանի օրինակը. այս պետությունն անդամակցում է կառույցին, սակայն դա այս պահին առկախված է:

«Այնտեղ ժողովրդավարական ինստիտուտների, քաղաքացիական սեկտորի, օբյեկտիվության խնդիրներ են առաջացել»,-շեշտեց Խաչատրյանը: Հարցին` այս ամբողջ գործընթացի արդյունքում հնարավո՞ր է` մեր երկրում հանքարդյունաբերական որոշ կազմակերպություններ փակվեն, տնտեսագետն ասաց. «Իհարկե: Օրինակ` Թեղուտի հանքավայրի առնչությամբ կարող եմ ասել, որ եթե 5 տարի առաջ այս նախաձեռնության հետ համագործակցությունը լիներ, այս վիճակը չէր լինի: Թեղուտի խնդիրը, որի մասին հրապարակային չեն ասում, հնարավոր չէր լինի ծածկել, եթե այն ժամանակ պարտավորություն լիներ այդ կառույցին տվյալներ տրամադրել: Եվ պատահական չի, որ նույն Թեղուտը, երբ փորձում է արտերկրից այլ միջոցներ ձեռք բերել, այդ կազմակերպության շրջանակում իրեն հարցեր են տալիս»:

Խաչատրյանը շեշտեց նաեւ, որ հանքարդյունաբերությունից ոչ միայն շահույթ պետք է լինի, այլ նաեւ սոցիալական, բնապահպանական պատասխանատվություն: Ինչեւէ, կարճ ժամանակ անց պարզ կլինի, թե արդյո՞ք քաղաքական կամք կդրսեւորվի, եւ իսկապե՞ս այս ոլորտի խնդիրները բացեիբաց կներկայացվեն:

Զրուցեց ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ




Լրահոս