Սերժ Սարգսյանն ավելի քաղաքական գործիչ է, քան Կարեն Կարապետյանը. Գարեգին Նուշիկյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Գարեգին Նուշիկյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ տնտեսական ակտիվության ցուցանիշի աճն ու մյուս ոլորտներում առաջընթացն առաջին հերթին վարչապետ Կարեն Կարապետյանի եւ նրա թիմի վարած քաղաքականության արդյունքն են: Միեւնույն ժամանակ նա մեզ հետ զրույցում ընդգծեց, որ որպես քաղաքական գործիչ ավելի փորձառու է Սերժ Սարգսյանը, եւ ապրիլից հետո թերեւս հենց նա պետք է զբաղեցնի այդ պաշտոնը:

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Գարեգին Նուշիկյանը:

-Պարո՛ն Նուշիկյան, օրեր առաջ ազգային վիճակագրական ծառայությունը տվյալներ է հրապարակել, ըստ որի` 2018 թվականի հունվար-փետրվար ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 8.6 տոկոս, ինչպես նաեւ զգալի աճ է եղել տարբեր ոլորտներում: Սա Դուք ինչի՞ հետեւանք եք համարում:

-Դա ես միանշանակ կապում եմ կառավարության վարած քաղաքականության հետ: Առաջին հերթին նա ներքին գործոնով է պայմանավորված, որովհետեւ ներդրումների զգալի աճ կա, շինարարության մեջ աճը պայմանավորված է հիմնականում հյուրանոցների շինարարության հետ: Անցյալ տարի, նախորդ տարվա համեմատ, տուրիստների աճ ունենք, այս տարի էլ է նախատեսվում աճ ունենալ: Եվ հիմնականում կառավարության վարած քաղաքականությունն է, որը խթանում է բիզնեսին, խթանում է ներդրումներին, հիմնականում դա է: Հարկային եւ մաքսային քաղաքականությունը լրիվ փոխվել է:

-Կառավարության վարած քաղաքականություն ասելով՝ նկատի ունեք վարչապետ Կարեն Կարապետյանի՞, թե՞ իշխող ՀՀԿ-ին առհասարակ: Ներկայիս վարչապետի գործոնն առկա՞ է:

-Դե, Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ի առաջին փոխնախագահն է: Կարեն Կարապետյանի գործոնը միանշանակ առկա է, եւ նրա կառավարության թիմը զգալի փոփոխություններ է կատարել: Թիմային աշխատանք է սա, միանձնյա մեկին չի կարելի վերագրել, բայց եթե հարցն այդպես է դրվում, ապա նրա ֆակտորն էլ բավականին նշանակություն ունի:

-Վերջին շրջանում ամենաքննարկվող թեման ապրիլին վարչապետի ընտրության հարցն է: Նման արդյունքների պարագայում, երբ Դուք էլ նշեցիք Կարեն Կարապետյանի գործոնի մասին, ապա նա պե՞տք է շարունակի իր պաշտոնավարումը, թե՞ ամեն դեպքում Սերժ Սարգսյանն ավելի ընդունելի թեկնածու է Ձեզ համար:

-Գիտեք՝ ես չէի ցանկանա համեմատություն անցկացնել Կարեն Կարապետյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ: Ամեն մեկն իր տեղն ունի: Հիմա կարող են երկուսն էլ մնալ ու աշխատել, ի՞նչ խնդիր կա այդտեղ: Թող երկուսն էլ մնան ու աշխատեն: Կարեն Կարապետյանը տնտեսության ոլորտը կանոնակարգի, Սերժ Սարգսյանն էլ` անվտանգության եւ արտաքին հարաբերությունները:

-Այսինքն՝ այդ ոլորտներում ավելի փորձառու եք համարում Սերժ Սարգսյանի՞ն:

-Դա կարծում եմ, որ ոչ մեկի համար գաղտնիք չէ: Եվ վերջին հաշվով կուսակցությունում կորոշեն՝ ոնց է ավելի նպատակահարմար, եւ ոնց է ավելի երկրի համար ճիշտ: Ես համոզված եմ, որ կանեն ճիշտ որոշում, թե ով որտեղ պետք է լինի:

Անարդա՞ր չէ, որ այս հաջողություններից հետո Կարեն Կարապետյանը զիջի իր տեղը:

-Հիմա վարչապետի կարգավիճակը, վարչապետի տեղը լրիվ ուրիշ է, ապրիլից հետո լրիվ ուրիշ է լինելու: Այդպես չի կարելի ասել, որ արդար կամ անարդար է, որ ինքն իր տեղում չլինի: Ինքը էլի կարող է իր տեղում լինել, ուղղակի դերաբաշխում կանեն, ինձ թվում է, իրար մեջ, որպեսզի ավելի արդյունավետ երկիրն առաջ տանեն: Կարծում եմ՝ ավելի լայն լիազորությունները պետք է տրվեն Սերժ Սարգսյանին: Նա ակունքներում կանգնած անձնավորություն է. սկզբից մինչեւ այսօր ինքն այս թեմաների մեջ է: Կարեն Կարապետյանն ավելի շատ տնտեսական բլոկի գիտակ է, միգուցե արտաքինում էլ ուժեղ լինի, չեմ կարող ասել, բայց այն, ինչ տեսել եմ, դա եմ ասում: Ինքն ավելի տնտեսության մեջ է ուժեղ: Իսկ Սերժ Սարգսյանն ավելի քաղաքական գործիչ է, քան Կարեն Կարապետյանը:

-Սերժ Սարգսյանը կարեւորել է նաեւ սերնդափոխության խնդիրը: ՀՀԿ-ում այլ թեկնածու չեք տեսնո՞ւմ:

-Համենայնդեպս ես ավելի երիտասարդ, շատ երիտասարդ, որ կարող է իր վրա վերցնել այդ պատասխանատվությունը, այս պահի դրությամբ չեմ տեսնում: Ժամանակի ընթացքում բնական է, որ պետք է սերնդափոխություն լինի: Ոչ ոք հավերժ չէ, պետք է սերնդափոխություն լինի, եւ ավելի երիտասարդները գան: Բայց չեմ կարծում, որ այսօր մենք դրան պատրաստ ենք:

զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս