Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցներից մեկը Սյունիքի մարզի Որոտան գյուղից Նարեկ Մկրտչյանն է: 2016 թվականի ապրիլի 4-ին` Թալիշում իրականացված մարտական գործողությունների ընթացքում, չկատարելով հրամանատարի նահանջի հրամանը` Նարեկը նետվել է մարտի` կռվելով մինչեւ վերջին փամփուշտը, չխնայելով սեփական կյանքը։Հետմահու պարգեւատրվել է Հայաստանի Հանրապետության մարտական խաչ երկրորդ աստիճանի շքանշանով։
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Նարեկի մայրը` Անուշ Մկրտչյանը, պատմեց. «Մինչեւ տարին լրանալը ամեն առիթով գալիս էին պետական կառույցներից, նաեւ ռուսաստանաբնակ անհատներ օժանդակություն ցուցաբերեցին, իսկ հիմա կարծես բոլորը մոռացել են: Մենք օժանդակություն չէ, որ ակնկալում ենք, այլ մի չնչին ուշադրույթուն։ Հեռուստացույցով նայում եմ, շատ քաղաքներում զոհերի անվամբ հուշահամալիրներ կառուցվեցին, իսկ ես հազիվ հասա դրան, որ Նարեկի սովորած դպրոցի դահլիճը անվանակոչեն իր անունով»։
Ըստ Անուշ Մկրտչյանի` ամուսինն այս տարիներին բազմիցս փորձել է Գորիսում աշխատանք գտնել, սակայն ապարդյուն: «Գորիսում կան որոշակի աշխատատեղեր, ամուսինս բազմիցս փորձել է աշխատանքի տեղավորվել, աշխատանքի խնդրանքով դիմել է ե՛ւ քաղաքաապետին, ե՛ւ մարզպետին, սակայն ոչ մի արձագանք։ Մենք հողագործությամբ, անասնապահությամբ ենք զբաղվում, տանջվում, չարչարվում, ապրում ենք: Ես չեմ ասում` ինձ էս տվեք, էն տվեք, իմ երեխան չի վաճառվում։ Ինձ վառում է այն, որ անուշադրության են մատնում։ Ուզում եմ կոչ անել իշխանություններին, որ որոշակի ուշադրություն ուղղեն զոհ ունեցող ընտանիքներին, իրենց զավակները հայրենիքի համար են գնացել, զոհվել, չէ՞»,-հավելեց հերոսի մայրը։
Լյուսի Պողոսյան