Երաշխիքները տալիս են միայն ապահովագրական ընկերությունում. Լևոն Ալթունյանը՝ իր պաշտոնավարման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը պաշտոնավարման մեկ ու կես տարվա ընթացքում հասցրել է բուռն դժգոհությունների տեղիք տալ: Նախ հունվար ամսին ներկայացված ծխելու դեմ պայքարի օրինագիծը աղմուկ հանեց, քանի որ բարձր տուգանքներ են սահմանված ոչ թույլատրելի վայրերում ծխելու համար: Հաջորդ աղմկահարույց օրինագիծը. փետրվարին հայտարարվեց, որ ՀՀ-ում գրանցված 4700 անուն դեղերից 2700-ը դեղատոմսով են բաց թողնվելու: Խնդրահարույց նախագծերի եւ հետագա պաշտոնավարման շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի հետ:

-Պարո՛ն Ալթունյան, ի՞նչ եք կարծում` եթե արցախյան խնդրով բանակցությունների անհրաժեշտություն լինի, ըստ Ձեզ` Կարեն Կարապետյանը որպես վարչապետ կարո՞ղ է բանակցել:

-Ընենց դժվար հարց եք տալիս:

-Կարծիք չունե՞ք այդ կապակցությամբ:

– … (ժպտում է)

-Պարո՛ն Ալթունյան, իսկ Ձեզ երաշխիք տվե՞լ են. լինելո՞ւ եք նոր կառավարությունում:

-Երաշխիքները տալիս են միայն ապահովագրական ընկերությունում: Կառավարությունը միայն աշխատում է:

-Իսկ ի՞նչ եք կարծում` այն, որ Ձեր ներկայացրած օրինագծերն ու որոշումներն այդքան աղմուկ ու դժգոհություն առաջացրին, այդքանից հետո Դուք կմնա՞ք նախարարի պաշտոնում:

-Չեմ կարծում ոչ մի բան: Ես պատրաստ եմ աշխատելու այդ նախագծերի վրա:

-Բայց ինչո՞ւ եք կարծում, որ այդ նախագծերն օգուտ կբերեն հասարակությանը:

-Ես համոզված եմ, որ այդ նախագծերն օգուտ կբերեն:

-Բայց կարծիք կա, որ Դուք կործանեցիք առողջապահական համակարգը:

-Ում մոտ որ կարծիք կա, իրենց էլ հարցրեք: Իմ մոտ տենց կարծիք չկա: Առողջապահական համակարգը զարգանում է եւ կզարգանա հետագայում:

-Իսկ ինչո՞ւ դեղատոմսով դուրս գրվող դեղերի վերաբերյալ որոշում կայացրիք` առանց իրավական հիմքի:

-Դուք ինչ-որ անհեթեթ հայտարարություններ եք անում ու քոմենթ պահանջում: Դուք Ձեր քոմենթները տվե՛ք:

-Դուք պատասխան չունե՞ք, պարո՛ն Ալթունյան:

– … (դարձյալ ժպտում է)

-Կարծում եք` հաշվի առնելով Կարեն Կարապետյանի կատարած աշխատանքը` նա արժանի՞ է, որ մնա վարչապետի պաշտոնում:

-Իհարկե, արժանի է:

-Իսկ ո՞ր ծրագրերի համար…

-Կառավարության կայքում նշված է:

զրուցեց Մերի Մարտիրոսյանը




Լրահոս