ՀՀ Տավուշի մարզի Գետահովիտի գյուղում գտնվող նախկին զորամասի շենքերն ու շինությունները շուտով նոր սեփականատեր են ունենալու: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դրանք պաշտպանության նախարարությունը կնվիրվի Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն:
Ըստ ՀՀ պաշտպանության նախարարության` դրանց հետագա օգտագործումը գտնվել է ոչ նպատակահարմար, որն էլ անհատույց կտրամադրվի Հայ առաքելական եկեղեցուն` ըստ առկա կարիքների օգտագործելու համար: Խոսքը 10518.2 քմ, 518 հազար 221 դրամ հաշվեկշռային արժեքով շենք-շինությունների մասին է: Ըստ որոշ տեղեկությունների` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսը այնտեղ նախատեսում է հոգեւոր կենտրոն կառուցել կամ էլ եկեղեցի: Հատկանշական է փաստը, որ տեղի իշխանություններն ամենեւին տեղյակ չեն եղել այս ամենից: Գետահովիտի գյուղապետ Արթուր Ղազարյանը
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ այդ տարածքները Հայ Առաքելական եկեղեցուն տրամադրելու վերաբերյալ իրեն պաշտոնապես չեն տեղեկացրել: «Մենք թռուցիկ լսել ենք, որ դա հանձնվելու է եկեղեցուն: Նախկինում այդ տարածքում գործել է պանսիոնատ: Այդ շենք-շինությունները բավականին նորմալ վիճակում են: Մոտ 4 հա է կազմում այդ տարածքը»,- լրացրեց գյուղապետը: