Կոտայքի, Սյունիքի, Արարատի ու Արմավիրի մարզերը հայտնվել են լավ ցուցանիշներ արձանագրած մարզերի քառյակում: Այս տվյալները երեկ լրագրողներին է ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը՝ ընդգծելով, թե դրանք սեփական եկամուտների հավաքագրման տեսակետից ամենամեծ աճ ունեցող մարզերն են եւ ավելի մեծ ներդրումներ են ապահովել տեղական մակարդակով: Նախարարի խոսքով` մյուս մարզերը միջանկյալ տիրույթում են գտնվում:
Ինչպես հայտնի է՝ մարզպետների կողմից կատարված աշխատանքները գնահատվում են 11 չափորոշիչներով, որոնց մեջ մտնում է նաեւ մարզի վարչական տարածքում կատարված ներդրումների ծավալը, մարզում աշխատատեղերի թիվը, համայնքային բյուջեների սեփական եկամուտները, եւ այլ չափանիշներ: Եվ ահա, այս չափորոշիչների կատարման արդյունքում էլ ձեւավորվել են «գերազանցիկ» մարզերը:
Կառավարության նիստում երեկ վարչապետ Կարեն կարապետյանն էլ անդրադարձավ մարզպետարաններում կադրային փոփոխություններին՝ ընդգծելով, թե թերացողները պետք է պատժվեն, սակայն Լոքյանի խոսքով` մարզպետների պաշտոնանկության պետք չէ սպասել: Նա նշեց, թե խոսքը վարչության պետերին է վերաբերում: «Մի շարք մարզերում արձանագրել ենք, որ վարչության պետը մասնագիտական առումով չի բավարարում այն չափանիշերին, որ այսօր պահանջվում է, եւ մենք տեղում մարզպետին ենք ներկայացրել առաջարկություններ, որ փոփոխություններ լինեն առաջիկա ժամանակահատվածում», – հավելեց նա: Այլ կերպ ասած` իշխանությունը շարունակում է բոլոր ոլորտներում «մանր ձկներին» բռնել: Այլապես անհասկանալի է՝ ինչո՞ւ ոչ թե մարզպետը պետք է պատժվի, այլ վարչության պետը, երբ կառավարությունն էլ խոսում է մարզպետների աշխատանքի որակի մասին:
Առաջատար քառյակում տեղ չզբաղեցրած մարզերի ղեկավարները, բնականաբար, խիստ նեղսրտած են:
Նրանցից մի քանիսը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, սակայն, հայտարարեցին, թե իրենց կատարած աշխատանքը դրական են գնահատում:
Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը, որն այդ պաշտոնը զբաղեցնում է 2017 թվականի հուլիսի 11-ից ՀՅԴ քվոտայով, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե, օրինակ, հարկերի հավաքագրման առումով իրենց մոտ աճն ակնհայտ է: «2017 թվականին հավաքագրել ենք 220 մլն դրամ ավել եկամուտ, քան 2016 թվականին: «Այնուամենայնիվ, ուզում եմ ընդգծել, որ Արագածոտնի մարզում երբեւէ այդքան սեփական եկամուտ չի հավաքագրվել», – նշեց նա:
Մարզպետն ընդգծեց, թե իրենց մարզում բոլոր չափորոշիչների առումով դրական դինամիկա է առկա: Դիտարկմանը` այդ դեպքում ինչու իրենց դաշնակցական գործընկերը չգնահատեց այդ դինամիկան, մարզպետը նկատեց. «Դրա պատճառը շատ պարզ է: Եթե պետք է տասից չորս լավագույններին ասվի, միգուցե մենք հինգերորդն ենք, վեցերորդն ենք: Միգուցե մյուս մարզերում աճը ոչ թե 22 տոկոս է, այլ 23, 24 կամ 25»: Խոսելով թերացող աշխատակիցների մասին` Աշոտ Սիմոնյանը ընդգծեց, թե թերացումներ միշտ էլ կարող են լինել: «Կյանքն ըստ էության դինամիկ զարգացող գործընթաց է: Մեր խնդիրն այդ թերացումները մինիմալ դարձնելն է: Բնականաբար մեր մարզում նոր մարզպետ, նոր մոտեցումներ, նոր ոճ եւ դրանցով պայմանավորված կարող են թերացումներ լինել: Այնուամենայնիվ, վեց ամսվա մեր կատարած աշխատանքի բնութագրող ցուցանիշների առումով մենք առաջընթաց ունենք, բայց, իհարկե, դա ինձ չի գոհացնում»:
Մշտապես խնդրահարույց համարվող Շիրակի մարզն այս անգամ եւս առաջատարների թվին չի պատկանում: Դաշնակցական մարզպետ Արթուր Խաչատրյանը, ով 2017 թվականի հունիսից է այդ պաշտոնը զբաղեցնում, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ նախորդ տարի ինքն ընդամենը վեց ամիս է աշխատել: «Ես կես տարվա համար կարող եմ պատասխան տալ, եւ օբյեկտիվորեն այլ մարզեր ավելի լավ են արել, քան մենք: Չեմ կարող ասել՝ որտեղ եմ թերացել, սակայն կան չափորոշիչներ, որ այլ մարզերում ավելի լավ է արվել, քան մեր մարզում», – նշեց նա:
Դիտարկմանը՝ դա Ձեր թերացումը չե՞ք համարում, Խաչատրյանը նշեց. «Հավանաբար իմ աշխատանքի պատճառն էլ կա: Բայց պետք է հաշվի առնենք, որ ընդամենը 6 ամիս եմ կարողացել աշխատել: Նաեւ թերացում չէ, պարզապես լավագույն 4-ի մեջ մենք չկանք, բայց հաշվի առեք, որ ո՛չ վերջինն ենք, ո՛չ էլ նախավերջինը: Միշտ էլ մեր մարզը խնդրահարույց է եղել, բայց այս վեց ամսվա տվյալներով բավական առաջընթաց է առկա»: Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը մեզ հետ զրույցում ընդգծեց՝ համաձայն է վարչապետի այն դիտարկման հետ, թե թերացող աշխատակիցները պետք է պատժվեն: «Կան աշխատողներ, ովքեր որոշակի դիտողություններ են ստացել, որ ավելի լավ կատարեն իրենց պարտականությունները, շեշտադրումները փոխեն: Ուղղակի մարդիկ են եղել, ովքեր 20 տարի այլ շեշտադրումներով են աշխատել, հիմա պահանջները փոխվել են: Աշխատանքից ազատվողներ վերջին ամիսներին չեն եղել», – եզրափակեց Շիրակի մարզպետը:
2011 թվականից Լոռու մարզպետի պաշտոնը զբաղեցնող ՀՀԿ-ական Արթուր Նալբանդյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում եւս նշեց, թե գործառույթների մեջ թերացումներ չեն եղել: «Խնդիրը թերեւս ներդրումային ծրագրերի մասով է: Մի քանի մարզերում ներդրումային ծրագրեր ավելի շատ են եղել, քան մեզ մոտ: Խոսքը կոնկրետ 2017 թվականի ներդրումային ծրագրերի մասին է: Իսկ ընդհանուր առմամբ մենք մեր գործառույթներն ամբողջովին կատարել ենք, ուղղակի ունենք մարզեր, որտեղ մեկ կամ երկու տոկոս ավել է կատարվել: Նույնը նաեւ հարկերի հավաքագրման առումով է: Եթե մենք 100 տոկոսով ենք կատարել դա, ապա մարզ է եղել, որ 102 տոկոսով է կատարել», – ընդգծեց նա: Խոսելով թերացող աշխատակիցների մասին` Արթուր Նալբանդյանը նշեց, թե Լոռու մարզպետարանում իրենց գործառույթներին անտեղյակ աշխատակիցներ չկան:
«Բայց քանի որ վարչապետը, երբ մարզպետների հաշվետվությունն էր լսում, նա հնարավորություն տվեց նաեւ ոլորտի պատասխանատուներին, որպեսզի իրենք ներկայացնեն ոլորտի խնդիրները, եւ ըստ այդմ ունեինք նաեւ մարդիկ, ովքեր լիարժեք տիրապետում էին իրավիճակին, ունեինք նաեւ մի փոքր թերացողներ, բայց դա չի նշանակում, որ իրենք ամբողջությամբ չեն տիրապետում: Բնականաբար, ով ժամանակի հետ չի քայլում, ով ժամանակի հետ համահունչ չի կարողանում իր աշխատանքն իրականացնել, մենք փորձում ենք այդ մարդկանց փոխարինել ավելի երիտասարդ, ավելի հմուտ մասնագետներով», – հավելեց նա:
Հ.Գ. Իրականում Հայաստանում իշխանությունները պաշտոնյաների արդյունավետությունը գնահատում են ըստ ընտրությունների ժամանակ իշխող կուսակցության կամ թեկնածուի օգտին ապահոված ձայների քանակի, մնացած բոլոր չափանիշները, քննադատություններն ու գովեստները շոու-ներկայացումների ժանրից են:
Նաիրա Հովհաննիսյան