Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը օրերս անակնկալ այցով ժամանեց Չինաստան` հանդիպում ունենալով Չինաստանի նախագահ Սի Ծինպինի հետ: Հաշվի առնելով կորեական ճգնաժամի նշանակությունը համաշխարհային անվտանգության ապահովման հարցում` չինական բանակցությունները հայտնվեցին ողջ աշխարհի ուշադրության կենտրոնում: Դրանց արձագանքեց նաեւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը` հույս հայտնելով առաջիկայում անձամբ հանդիպել Կիմ Չեն Ընի հետ:
Հս. Կորեայի առաջնորդի արտերկրյա առաջին այցելության հանգրվանը, ինչպես եւ ակնկալվում էր, Չինաստանն էր: Իշխանության բազմելուց հետո նրա եւ Չինաստանի ղեկավարության հարաբերությունները, ըստ վերջինների պնդումների, այնքան էլ ներդաշնակ չէին: Չինացիներն անգամ ամերիկացիների հետ բանակցությունների ժամանակ հայտնում էին, որ Հս. Կորեան էականորեն ազատվել է չինական կախվածությունից: Բայց եւ այնպես, Կիմ Չեն Ընի այցը եւ հանդիպումը նախագահ Ծինպինի հետ այնքան էլ չի հավաստում չինացիների անկեղծությունը: Ավելին` այս կարծիքն ավելի հիմնավոր է դառնում, երբ հաշվի ենք առնում, որ Չինաստանը իր մյուս գործընկերներին, մասնավորապես ԱՄՆ-ին, կանխավ պատշաճ կերպով չի տեղեկացրել հյուսիսկորեացու ժամանման մասին:
Բնական է, որ դա կարող էր տեղի ունենալ` անվտանգության նկատառումներից ելնելով, սակայն այդ հանգամանքը խոսում է Հս. Կորեայի հարցում ամերիկա-չինական հարաբերություններում անկեղծության բացակայության մասին: Կիմ Չեն Ընի այցելությունը վերլուծաբաններին բաժանել է երկու ճամբարի, որոնցից մեկը համոզված է, որ Հս. Կորեայի առաջնորդը պատրաստվում է դուրս գալ թաքստոցից եւ հրապարակային դիվանագիտական ճանապարհով շփվել աշխարհի հետ: Մյուսները, սակայն, առավել կարեւորում են Չինաստանի դերակատարությունը` շեշտելով, որ այդ այցելությամբ առաջին մեսիջն ուղարկում է հենց չինական ղեկավարությունը` ցուցադրելով իր առավելությունը, հեղինակությունն ու որոշումների կայացման վրա ունեցած ազդեցությունը: Քանի որ ԱՄՆ-ն լիովին մեկուսացած է եղել այցի նախապատրաստությունից եւ գրեթե անտեղյակ բանակցություններից, կարելի է պնդել, որ սա ավելի շատ չինական ցուցադրություն էր:
Ի վերջո, ԱՄՆ-ում Չինաստանի դեսպանը միայն պաշտոնական հանդիպումից հետո է այցելել Սպիտակ տուն` ծանուցելու, որ նման իրադարձություն է տեղի ունեցել: Չինաստանի դեսպանը Թրամփին փոխանցել է իր նախագահի ուղերձը, ըստ որի` բանակցությունները բարեհաջող են ընթացել, իսկ Կիմ Չեն Ընը սպասում է Թրամփի հետ հանդիպմանը: Այս մասին Թրամփը հայտարարել է թվիթերյան էջում: Այստեղ Թրամփը նաեւ նշել է, որ ի տարբերություն նախորդ վարչակազմերի` իր թիմին հաջողվել է փոխել իրադրությունը Հս. Կորեայի հարցում` խաղաղության հարցում անհնարինությունը փոխարկելով իրական հնարավորության:
Սակայն Թրամփի հանդիպումը Կիմ Չեն Ընի հետ շարունակում է խարխափել անորոշության մեջ:
Նախագահը իր ենթականերին արդեն իսկ հստակ հրահանգ է տվել կազմակերպել համապատասխան գագաթնաժողով, որի շրջանակներում էլ պետք է կայանա իր ու Կիմ Չեն Ընի հանդիպումը: Նախկին պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը հստակորեն դեմ էր արտահայտվում նախագահի մակարդակով նման հանդիպմանը` զգուշացնելով բանակցությունների ձախողման պարագայում հնարավոր վտանգների մասին: Եվ անգամ այդ պատճառով նախկին պետքարտուղարը չափազանց անհարմար դրության մեջ էր հայտնվել, երբ մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողի հարցին ի պատասխան` դեռ վաղ էր համարել բարձր մակարդակով հանդիպման հավանականությունը, մինչդեռ նույն պահին Հարավային Կորեայի պաշտոնական խողովակները լուր էին տարածել, որ Թրամփը համաձայնել է տետ-ա-տետ բանակցել Կիմ Չեն Ընի հետ: Սակայն հետաքրքիր է, որ մինչ այժմ Կիմ Չեն Ընն ինքն անձամբ չի հայտարարել այդ մասին:
Մինչ այդ ԱՄՆ կառավարող շրջանակները, ըստ մամուլի հրապարակումների, արդեն իսկ սկսել են նախապատրաստությունները գագաթնաժողովի համար: Այն, սակայն, մայիսի վերջից շուտ չի կայանա` հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, առաջին հերթին` անվտանգության հարցերը: Հստակ չէ նաեւ հանդիպման հավանական օրակարգը, քանի որ գոնե Թրամփը չգիտի, թե ինչ է ուզում Հս. Կորեայի բացարձակ ապառազմականացումից բացի, ինչին հասնելը գրեթե անհնարին է: Որքան էլ ԱՄՆ նախագահը հպարտորեն հայտարարի, որ ի հեճուկս նախորդ վարչակազմերի` իրեն հաջողվել է էական առաջընթաց ապահովել Հս. Կորեայի հարցում, դա չի կարելի ընդունել իբրեւ կատարված փաստ: Փոխարենը շուրջ մեկ տարի տեւած Թրամփ-Չեն Ըն լեզվակռիվը, թվում է, մոտենում է իր ավարտին` կրկին բորբոքվելու լրջագույն հավանականությամբ:
Եթե ձախողվի գագաթնաժողովի հրավիրումը կամ դրա արդյունքում որեւէ լուրջ առաջընթաց չարձանագրվի, իրավիճակն անխուսափելիորեն ավելի է լարվելու: Այս ամենից, սակայն, կշահի Չինաստանը, որը կվավերացնի Հս. Կորեայի ճգնաժամում վճռական խոսքի իրավունքը` ԱՄՆ-ից զիջումներ կորզելու միտումով: Չի կարելի բացառել, որ Չինաստանը Հս. Կորեայի շուրջ իրադարձությունները զարգացնելիս Թրամփին հնարամտորեն գցում է ծուղակը` համաշխարհային առաջատարության նրա դիրքերը հետեւողականորեն սասանելով:
Ն.ՀՈՎՍԵՓՅԱՆ