Սուրբ Զատիկից հետո ձկան գինը կբարձրանա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 1-ին Հայ առաքելական եկեղեցին նշելու է Սուրբ Հարության տոնը` Զատիկը: Ինչպես հայտնի է` այս օրերին հանրապետությունում կտրուկ ավելանում է տոնի խորհրդանիշ համարվող ձվի պահանջարկը: Սակայն մասնագետները խոստանում են, որ այս տարի Սուրբ Զատիկին ընդառաջ` Հայաստանի խանութներում եւ սուպերմարկետներում հավկիթի եւ ձկնամթերքի մասսայական թանկացումներ չեն լինի:

Նշենք, որ շուկայում գործում են հավկիթի շուրջ 20 տեղական արտադրողներ եւ ներմուծողներ: Այդ ընկերություններից խոշորներն են «Լուսակերտի թռչնաֆաբրիկա», «Արաքս թռչնաֆաբրիկա», «Արզնի թռչնաֆաբրիկա» ընկերությունները: Ձու արտադրողները այս անգամ, Սուրբ Զատկին ընդառաջ, խոստանում են, որ իրենց կողմից գների բարձրացում չի լինի: Այսինքն` բացթողման գինը չի բարձրանա արտադրողների կողմից: Մնում է հուսալ, որ մյուս տնտեսվարողները` խանութների, սուպերմարկետների տնօրենները, ձվի պահանջարկի ավելացումից չեն օգտվի եւ հավկիթի գները անհիմն չեն բարձրացնի:

ՀՀ թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրեց, որ մեր հանրապետությունում հունվար, փետրվար ամիսներին հավկիթի արտադրության ծավալներն աճել են: «Կհիշեք, որ անցած տարվա նոյեմբերին քիչ քանակությամբ հավկիթ արտադրվեց: Ածան հավերը շարք մտան միայն դեկտեմբերին, դրա համար էլ այդ երկու ամիսներին հավկիթի արտադրության ծավալները մեծացան: Այսինքն` մենք դեպի Սուրբ Զատիկ գնում ենք մեծ մնացորդով»,- ներկայացրեց նա: Ըստ մասնագետի` Հայաստանում բոլոր տնտեսությունները միասին օրական արտադրում են 2600 արկղ ձու: Ստացվում է, որ Հայաստանում օրական արտադրվում է 936 հազար հատիկ ձու:

Բայց արտադրության ծավալների մեծացմանը զուգահեռ նվազել է իրացումը: Այսինքն` ինչքան արտադրվում է, այդքանը չի հասցնում սպառվել: Այս պատճառով հավկիթ արտադրողները որոշել են այս օրերին զեղչային ակցիաներ անել եւ էժանացրել են հավկիթի գինը: Թռչնաբույծի պատմելով` օրինակ` 0.1 կարգի հավկիթը, որը արժեցել է 60-65 դրամ, հիմա այն խանութներին մատակարարվում է 52-55 դրամով: Այսինքն` տեղական արտադրողները հավկիթը խանութներին եւ սուպերմարկետներին մատակարարում են նշված գնով: Ի դեպ, փոքր թռչնաֆաբրիկաները բարձր ինքնարժեքի պատճառով ստիպված են լինում խանութներին եւ սուպերմարկետներին որպես բացթողման գին առաջարկել 58-59 դրամ: Բայց չնայած սրան` այսօր Երեւանի եւ ՀՀ մարզերի շատ խանութներում եւ սուպերմարկետներում հավկիթի գինը տատանվում է 59-65-70 դրամի սահմաններում:

Սերգեյ Ստեփանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում խոստացավ նաեւ, որ ապրիլի 1-ին խանութներում եւ սուպերմարկետներում ձվի արհեստական դեֆիցիտ եւս չի առաջանա: Քանի որ ընկերություններն ունեն բավարար պաշարներ` ձվի պահանջարկը բավարարելու համար:

Սրան զուգահեռ, նկատենք` ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հայտարարել է ձվի շուկայում խիստ վերահսկողություն սահմանելու մասին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանձնաժողովը շաբաթական երեքանգամյա մոնիտորինգի եւ դիտանցումների փոխարեն անցել է ամենօրյա ռեժիմի: Այդ նպատակով ՏՄՊՊՀ-ում անգամ ստեղծվել է աշխատանքային խումբ, որն էլ պարբերաբար դիտանցումներ է իրականացնում Երեւանի մանրածախ խոշոր վաճառակետերում: Ըստ ՏՄՊՊՀ-ի` թույլ չպետք է տրվեն չհիմնավորված գնային փոփոխություններ, ինչը կարող է վնաս պատճառել մի կողմից` սպառողների, իսկ մյուս կողմից` բարեխիղճ տնտեսվարողների շահերին:

Ձկնամթերքի շուկայում եւս գնային վայրիվերումներ չեն լինի: Համենայնդեպս այդպես խոստացավ ձկնաբույծների միության նախագահ Արմեն Բունիաթյանը: «Ինչ թանկացման մասին է խոսքը: Անգամ 100 դրամով իջեցրել ենք ձկան գինը»,- նկատեց Բունիաթյանը: Այսինքն` եթե իշխան ձկնատեսակի մեկ կիլոգրամը վաճառվում էր 1800 դրամ, ապա Սուրբ Զատիկի տոնի կապակցությամբ այն 100 դրամով էժանացել է եւ դարձել 1700 դրամ: Պարզվում է` ձկնաբույծները ձկան գինը Սուրբ Զատիկից հետո կրկին բարձրացնելու են: Ի դեպ, ըստ որոշ տեղեկությունների` հավկիթի գինը եւս տոնից հետո կբարձրանա: Թե որքա՞ն, առայժմ դժվար է կանխատեսել:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս