Պլաստիկ վիրահատությունների չեմ դիմել․ Լուսինե Թովմասյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը կանանց նվիրված միամսյակի շրջանակում շարունակում է զրուցել շոու-բիզնեսի հայտնի հայ կանանց հետ։ Այս անգամ մեր զրուցակիցը «Միսս Հայաստան 2003», «Վիցե միսս Եվրոպա 2005» Լուսինե Թովմասյանն է։ Նա խոսել է կին լինելու յուրահատկությունների, մոդելային գործունեությամբ զբաղվելու եւ այլ թեմաների շուրջ

-Լուսինե՛, նախ՝ մեր ավանդական հարցը՝ կին ծնվո՞ւմ են, թե՞ դառնում։ Այսինքն՝ կանացիությունը փոխանցվում է գեներո՞վ, թե՞ կյանքն է կին կոփում։

-Համոզված եմ, որ կանացի հատկանիշները փոխանցվում են գեներով, այսինքն՝ կին ծնվում են։ Խոսքս վերաբերում է կանացի ներքին հատկանիշներին։

-Շատ կանայք խուսափում են «ամուսնու ընկեր» արտահայտությունից։ Ձեր դեպքում ինչպե՞ս է, կարեւորու՞մ եք զույգերի միջեւ ընկերությունը։

-Ես աչքս բացել եմ եւ մեր ընտանիքում տեսել եմ, որ մայրս ու հայրս առաջին հերթին լավ ընկերներ են, հետո նոր կին եւ ամուսին։ Այդ նույնը կարող եմ ասել իմ եւ ամուսնուս պարագայում։ Մենք եղել ենք շատ լավ ընկերներ, հետո արդեն սիրահարվել ենք եւ ամուսնացել։ Այսինքն՝ ընկերություն հասկացողությունը հարաբերություններում շատ էական է։

-Շարունակեք միտքս. «Կինը գեղեցիկ է, երբ…»։

-Երբ սիրված է։

-Հայաստանում կին լինելը հե՞շտ է, թե՞ դժվար։

-Գիտեք` մարդը կին կամ տղամարդ լինել-չլինելուց չէ, որ դժբախտ է լինում։ Ես երջանիկ եմ, որ կին եմ ծնվել եւ եթե եւս մեկ անգամ ընտրության հնարավորություն ունենայի, կրկին կցանկանայի կին ծնվել եւ կրկին իմ երկրում։

-Ամեն դեպքում, եթե թեկուզ մի քանի րոպեով լինեիք տղամարդ, մտնեիք նրա կաշվի մեջ, ի՞նչ կանեիք, ինչպե՞ս կօգտվեիք այդ հնարավորությունից։

-Գիտեք՝ առհասարակ չեմ մտածել դրա շուրջ։ Ես միշտ ինձ լավ եմ զգացել կին լինելով։ Նույնիսկ չգիտեմ՝ ինչ կուզենայի պարզել (ծիծաղում է)։

-Երբ խոսվում է կնոջ ոճային եւ խնամված լինելու մասին, շատերը բերում են ֆինանսների բացակայության փաստարկը։ Դա, ըստ Ձեզ, կարո՞ղ է արդարացում լինել։

-Ոճայինը դեռ դնում եմ մի կողմ, բայց խնամված լինելն ամենակարեւոր բանն է, եւ դա ամենեւին էլ կապված չէ ֆինանսի հետ։ Խնամված ասելով՝ նկատի չունեմ շպարը, սրսկումները կամ բոտեքսները։

-Շատերին կհետաքրքրի՝ Դուք երբեւէ պլաստիկ վիրահատությունների դիմե՞լ եք։

-Ո՛չ, չեմ դիմել։

-Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում նման միջամտություններին։

-Կարծում եմ՝ երբ կինը նայում է հայելու մեջ եւ ինքն իրեն դուր չի գալիս, դրանից վատ բան, դրանից վատ զգացողություն չկա։ Ի վերջո, ավելի լավ է դիմել վիրահատության եւ էսթետիկ տեսք ունենալ։ Բայց եկեք` դա էլ չխառնենք այսօր տարածված միտումի հետ. շատերը դարձել են պլաստիկ վիրահատությունների զոհ։ Դա էլ ուրիշ ծայրահեղություն է։

-Ըստ Ձեզ՝ եթե կինը տղամարդուց շատ է վաստակում, դա կարո՞ղ է բացասաբար ազդել հարաբերությունների վրա։

-Երեւի բարձր վարձատրությունը վստահություն է տալիս կնոջը, բայց դա շատ տղամարդիկ չեն կարողանում ընկալել եւ ընդունել։

-Դուք Ձեզ բիզնես-վուման համարու՞մ եք։ Գիտենք, որ ժամանակին զբաղվել եք բիզնես-գործունեությամբ, իսկ հիմա՞։

-Այնպես չէ, որ բիզնեսում իմ քայլերը հաջողությամբ չեն պսակվել, բայց հիմա արդեն մտածում եմ՝ տվյալ բիզնեսն ինձ գումար կբերի՞, թե՞ ոչ։ Այս պահին չեմ տեսնում այնպիսի ոլորտ, որտեղ կցանկանամ ներդրումներ կատարել, բայց ժամանակին արել եմ։ Հիմա, առհասարակ, բիզնեսի մասին չեմ մտածում։

-Իսկ որպես մոդել՝ շարունակու՞մ եք Ձեր գործունեությունը։ Դա, ըստ էության, Ձեզ համար նախասիրություն է, այո՞։

-Այո՛, դա ինձ համար հոբբի է, որը բերում է հաճելի պահեր։ Հաճույքով եմ որպես մոդել ներկայանում, մասնակցում գովազդային հոլովակների եւ ֆոտոսեսիաների։ Ինձ դուր է գալիս այդ ամենը։

-Իսկ բացի առավոտյան հեռուստածրագրից՝ այլ նախագծի շրջանակում Ձեզ կտեսնե՞նք։

-Դեռ չեմ մտածում այդ մասին։

Անի Անտոնյան




Լրահոս