Սերժ Սարգսյանի պաշտոնավարման դեմ պայքարող ուժերի եւ այդ համատեքստում հասարակական տրամադրությունների շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի հետ:
-Պարո՛ն Ադիբեկյան, հասարակական տրամադրություններն ինչպե՞ս եք գնահատում` կապված Ս. Սարգսյանի հետագա պաշտոնավարման պայքարի հետ:
-Հիմա սպասողական վիճակ է. հանրությունը սպասում է նշանակումների: Այնպես որ այժմ ժողովրդին հանել փողոց, ըմբոստություն անել, իմաստ չունի: Դրա ներքին մղումներն էլ չկան: Եթե ընդդիմությունը փորձում է ինչ-որ մեկին հանել փողոց, լավագույն դեպքում դա կլինեն մարգինալ խմբերի ներկայացուցիչներ կամ իրենց` թվաքանակով քիչ կողմնակիցները: Այնպես որ, հասարակական մեծ ալիք դժվար թե կարողանան բարձրացնել:
-Այսինքն` խնդիրը ուժերի՞ մեջ է, թե՞ հասարակությունը հավատ չունի:
-Ախր քաղաքական ուժը պետք է հզորություն ունենա: Ընդդիմադիր դաշտն այս շրջանում շատ թույլ է: Դասական ընդդիմադիրները` Լեւոն Տեր-Պետրոսյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, եթե գոնե լինեին այստեղ, կունենային հենարան, կարող էին շատերին ներգրավել շարժման մեջ: «Ծառուկյան» դաշինքն էլ կենտրոնամետ է. դա ցույց տվեց նրա աջակցությունը չորրորդ նախագահի ընտրության ժամանակ:
-Եթե առանձին անդրադառնանք պայքար նախաձեռնած ուժերին. ՔՊ կուսակցության դեպքում ի՞նչ շանսեր կան:
-Շատ թույլ է, շատ թույլ… Մենք այդ բոլորն անցել ենք արդեն. առաջինը չեն, երկրորդը չեն: Դժգոհություն բարձրացնելը դեռ մեկի կամքը չի, պետք է քաղաքական լուրջ խմորումներ լինեն:
-Խոսենք Կ. Կարապետյանի եւ Ս. Սարգսյանի վարկանիշների մասին. ի՞նչ վիճակ է ներկայում:
-Կարապետյանը մի քիչ առավելություն ունի ներքին տնտեսական հարցերում, իսկ Սարգսյանը` շատ մեծ առավելություն ունի արտաքին քաղաքական հարցերում: Ընդհանուր որ գումարում ենք` ամենահզոր դեմքը մնում է Ս. Սարգսյանը, հետո նոր` Կ. Կարապետյանը:
-ՀՀԿ-ականները որպես հիմնական թեկնածու Ս. Սարգսյանի անունն են տալիս: Այսինքն` իսկապե՞ս նրան են համարում ամենաարժանավորը բոլորի մեջ:
-Այսպես է. ՀՀԿ-ի պահպանողական թեւը Սարգսյանին կողմ է, նրանք, ովքեր հեռատես են, լայնախոհ, պաշտոնի համար այնքան էլ չեն մտահոգվում, կողմ են, որ գա թարմ ուժ, կարողանա ինչ-որ բան տեղից շարժել: Դրա համար ՀՀԿ-ականները հիմա պառակտված են 3 մասի. մի մասը կողմ է, որ Ս. Սարգսյանը լինի, մի մասը դեմ չի, որ Կ. Կարապետյանը մնա, մի մասն էլ անտարբեր է` ով էլ լինի, ինքը դրանից ոչինչ ո՛չ կշահի, ո՛չ կկորցնի:
ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ