Խոչընդոտ, որ այսօրվա խորհրդարանական մեծամասնությունն առաջադրի Սերժ Սարգսյանին, ես չեմ տեսնում. Ստեփան Մարգարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ներքաղաքական իրադարձությունների վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթը երեկ զրուցել է  «Այլընտրանքային նախագծեր» նախաձեռնության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Ստեփան Մարգարյանի հետ:

-Պարո՛ն Մարգարյան, ի՞նչ եք կարծում` քաղաքական ու քաղաքացիական ուժերի նախաձեռնած պայքարն` ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության, որքանո՞վ կհաջողի:

-Ցանկացած քաղաքական ուժի իրավունքն է որոշակի հարցեր բարձրացնել, պայքարել, գործընթացներ սկսել, հանրահավաքներ անել: Բայց այժմ ես չեմ համարում, որ այս գործընթացում, որ այսօր գնում է, չեմ համարում, որ այդտեղ կա բովանդակային օրակարգ: Ո՞րն է օրակարգը. ես դա չեմ տեսնում եւ դրա համար չեմ հավատում, որ դա ինչ-որ ընթացք կունենա:

-Այսինքն` այն, որ «Հանուն Հայաստան պետության» ճակատը հանրահավաքներ է անում, ազատամարտիկները` նստացույց, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պատրաստվում է շուրջօրյա նստացույցերի, չե՞ք կարծում, որ որեւէ արդյունքի կբերեն:

-Բովանդակային օրակարգ չի ձեւավորվել. ի՞նչ են պահանջում: Պահանջում են այն, ինչը սահմանադրական նորմ է: Սահմանադրական նորմը ձեւավորվել է Սահմանադրության ընդունմամբ եւ ԱԺ ընտրություններով: Ձեւավորվել է խորհրդարանական մեծամասնություն, եւ դա նրանց սահմանադրական իրավունքն է` ում առաջադրել որպես հանրապետության առաջին դեմք` վարչապետ տվյալ դեպքում:

-Ստացվում է` անիմա՞ստ է դառնում այդ պայքարը:

-Չէի ուզի այդպես ասել: Բայց ես չեմ տեսնում` այդ պայքարի մեջ ո՞րն է մեխանիզմը. ի՞նչ են հասկանում` ասելով խոչընդոտել վարչապետությանը: Պետք է ձեւավորել Ազգային ժողովում նոր մեծամասնություն եւ առաջադրել նախագահի թեկնածու: Ուրիշ ճանապարհ ես չեմ տեսնում, երբ Սահմանադրությունն ասում է, որ մեծամասնությունն է առաջադրում թեկնածու: ԱԺ-ում մեծամասնություն ձեւավորված է, եւ նրանք են առաջադրելու: Հո չես կարող ասել` ոչինչ, որ ձեւավորվել է մեծամասնություն, բայց պետք է առաջադրենք մեկին, վաղը կընտրենք մյուսին: Դրա համար ես չեմ տեսնում այն լուրջ օրակարգը, որը կարող է որոշակի մի բան անել:

-Տարբեր տարիների խոսվել է նաեւ հեղափոխություն իրականացնելու մասին: Ի՞նչ եք կարծում` հիմա դրա հնարավորությունը որքա՞ն է:

-Գիտեք, ես դա չեմ կարող գնահատել, որովհետեւ ես չեմ տեսնում այն գործընթացը, որը կարող է հանգեցնել դրան: Ցանկացած լուրջ, մեծ հասարակության լուրջ մասնակցությամբ գործընթաց տեղի է ունենում, երբ հասկանալի օրակարգ կա, եւ հասարակությունը այդ օրակարգը համարում է իրենը: Այդ օրակարգն այսօր առաջադրված չէ:

-Իսկ մարդիկ կհավատա՞ն, կգնա՞ն այդ պայքարի ետեւից, թե՞ ոչ:

-Կապրենք, կտեսնենք: Բայց ես կարծում եմ` մեծ շարժում չի տեղավորվի դրա շուրջ: Դա իմ անձնական կարծիքն է:

-Ըստ Ձեզ` կա՞ այս պահին այն ուժը, որն արժանահավատ գաղափարների կրող է եւ ի վիճակի կլինի որեւէ բան փոխելու:

-Չգիտեմ, չեմ տեսնում…

-Այսինքն` նաեւ ռեսուրսի խնդի՞ր եք տեսնում, թեկուզ մարդկանց հավաքելու, համախմբելու առումով:

-Գիտեք` եթե Դուք առաջարկում եք օրակարգ, բայց ասում եք` ա՛յ, եթե ժողովուրդ հավաքվի, մենք կանենք, դա այդպես չի լինում: Օրակարգը պետք է լինի այնպիսին, որ կասկած չթողնի ժողովուրդ հավաքելու: Ժողովուրդը կգնա ճիշտ օրակարգի ետեւից: Իսկ հասարակությունն այսօր հիասթափված է եւ ոչ միայն իշխանությունից, այլեւ ընդդիմությունից:

-Նույն ՔՊ-ում պնդում են, որ իրենք չեն կարող ոչինչ երաշխավորել, մարդիկ են որոշողը` կմիանա՞ն իրենց, թե՞ ոչ:

-Չեմ կարող ոչինչ ասել: Դա իրենց իրավունքն է` ինչ անել, ինչ օրակարգ առաջադրել, իրենք օգտվում են իրենց իրավունքից:

-Ինչպես տեսանք` «Ելք» դաշինքում կարծիքները բաժանվեցին, եւ ի տարբերություն ՔՊ-ի` «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը նախընտրում է պայքարել խորհրդարանի ներսում: Պայքարի այս տարբերակը որքանո՞վ եք արդյունավետ համարում:

-Բոլոր դեպքերում քաղաքական ընդդիմադիր ուժը, եթե ունի տեսակետ, ծրագիր, պետք է աշխատի դրա ուղղությամբ: Իսկ ապրիլից հետո ձեւավորվող իշխանության հարցը որոշվել է մեկ տարի առաջ` ընտրություններով: Հիմա դա գնում է իր ընթացքով: Խորհրդարանն այն տեղն է, որտեղ պետք է տեսակետներ խաչվեն, բանավեճեր լինեն, դրանով է հասարակությունը տեղեկանում, հասկանում` այդ օրակարգն իրե՞նն է, թե՞ ոչ: Հիմա մնացածը չեմ կարող ասել` ով ինչ է ուզում անել, ինչ կարող է անել:

-Դատելով Ձեր տեսակետներից` Դուք չեք լինի Ազատության հրապարակում` որեւէ ուժի կողքին:

-Այդ թեմայով` այո՛:

-Քաղաքական առումով ինչպե՞ս եք գնահատում այն քայլը, որ Սերժ Սարգսյանը հայտարարում էր, թե չի հավակնի վարչապետի պաշտոնին, բայց հիմա ՀՀԿ-ականները միայն նրա թեկնածության մասին են խոսում: Սարգսյանն ինքն էլ վերջին հարցազրույցում չէր հերքել այս տարբերակը:

-Գիտեք` ժամանակները փոխվում են: Ես մի բան կարող եմ ասել. որեւէ իրավական խոչընդոտ, որ այսօրվա խորհրդարանական մեծամասնությունն առաջադրի Սերժ Սարգսյանին, ես չեմ տեսնում: Գիտեք ինչ, ես կարծում եմ` երկիրն այնպիսի վիճակում է գտնվում, որ անհրաժեշտ են լուրջ փոփոխություններ: Եվ հասարակության պահանջն էլ է դա: Եվ անձերից կախված փոփոխության մասին չի խոսքը: Խոսքը համակարգային, երկրում մթնոլորտի փոփոխության մասին է: Այդ փոփոխությունները եթե կգնան, լավ կլինի, չեն գնա, կունենանք այն, ինչ ունենք:

զրուցեց Մերի Մարտիրոսյանը




Լրահոս