Ինչ վնասներ է հասցրել կարկուտն Արմավիրի մարզում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ տեղացած ուժգին կարկուտն ահռելի վնասներ է հասցրել ՀՀ Արմավիրի եւ Արագածոտնի մարզերի մի շարք գյուղերի բնակիչներին: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Արմավիրի մարզի Արգինա գյուղում հիմնականում վնասվել են ծիրանենիները:

«Ես ինքս հանձնաժողով եմ ստեղծել, դաշտերում ուսումնասիրություններ ենք կատարել: Մոտավոր հաշվարկներով 30-40 տոկոսով ծիրանենիներն են վնասվել: Մասնագետներն ասում են` եթե ծաղկի 10-15 տոկոսը, մինչեւ վերջ պաշտպանենք, մենք լիարժեք բերք կհավաքենք: Բայց խոսում են, որ առաջիկայում կրկին կարկուտ, ցրտահարություն է լինելու»,- հուսահատված նկատեց Արգինայի գյուղապետ Ռոստամ Արոյանը:

Գյուղապետի խոսքերով` գյուղում տեղադրված է վեց հակակարկտային կայան, սակայն դրանցից եւ ոչ մեկը կարկուտից առաջ եւ հետո չի կրակել. «Այդ կայանները այնքան թույլ են, որ հզոր ամպերի դեմ ի զորու չեն պայքարելու»: Մինչդեռ նկատենք, որ կառավարությունը հսկայական միլիոններ է ծախսում` հակակարկտային կայաններ ձեռք բերելու համար, սակայն փորձը ցույց է տալիս, որ դրանք անարդյունավետ են:




Լրահոս