
Արդեն սնանկացած «Հրազդան ցեմենտ» գործարանի պարտատերերի ցանկը շարունակում է ընդլայնվել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ երբեմնի արդյունաբերական հսկան միայն 7 մլն 314 հազար դրամ պարտք է Հրազդանի քաղաքապետարանին: Գործարանը քաղաքապետարանին տարիներով չի վճարել հողի, գույքի եւ բնապահպանական այլ վճարները:
Անցած տարվա նոյեմբերի 3-ին «Ցեմենտ Սերվիս» ընկերության սնանկության գործով կառավարիչ Սամսոն Ղուկասյանը, դիմելով դատարան, խնդրել էր «Հրազդան ցեմենտ» ՓԲԸ-ին ճանաչել սնանկ, իսկ գործարանը գրավոր չէր վիճարկել իր սնանկությունը: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ գործարանը «ՎՏԲ Հայաստան» բանկից մտադիր է գնել «Հայբիզնեսբանկը», որը եւս պարտատեր է համարվում: Փաստորեն սնանկ ճանաչվելով` «Հրազդան ցեմենտի գործարանը» փորձում է մաքրվել պարտքերից եւ «սպիտակ էջով» վաճառվել «Հայբիզնեսբանկ» ընկերությանը:
Տեղի ունեցածի ողջ հմայքը, սակայն, այս գործընթացի հիմքում կանգնած անձանց ինքնությունն է. բանկը պատկանում է Սերժ Սարգսյանի վաղեմի ընկերոջը` ծագումով ղարաբաղցի, ռուսաստանաբնակ միլիարդատեր Վիտալի Գրիգորյանցին: