Համայնքապետերի ձերբակալությունների շարքը կշարունակվի. ինչ է մանրամասնում Լոռու մարզպետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում նախկին գյուղապետերի ձերբակալություններն այս օրերին դարձել են շարունակական պրոցես: Շիրակի մարզի գյուղական համայնքի երկու նախկին ղեկավարի ձերբակալությունից հետո ձերբակալվել են նաեւ Լոռու մարզի համայնքի նախկին երկու ղեկավարներ:

Դեռ 2017 թվականի դեկտեմբերի 9-ին Սերժ Սարգսյանը տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովի ժամանակ հայտարարել էր.«Գաղտնիք չէ, որ շատ համայնքապետեր չարաշահում են իրենց պաշտոնը եւ այն օգտագործում են անհասկանալի եւ անընդունելի եկամուտներ ունենալու համար` սկսած նրանից, որ տարբեր խորամանկություններով, տարբեր ձեւերով օտարում են համայնքներին պատկանող հողերը, որ անազնիվ վերաբերմունք են ցուցաբերում համայնքային բյուջեների նկատմամբ, եւ չմանրամասնեմ, որովհետեւ ինձ համար շատ տհաճ է այս խոսակցությունը: Մի բան եմ ուղղակի ուզում ասել. շատ ներողամիտ ենք եղել համայնքապետերի նկատմամբ: Ներողամիտ ենք եղել, որովհետեւ համարել ենք, որ պետք է կայանան, այս ինստիտուտը պետք է կայանա, եւ այս ընթացքում հնարավոր են որոշակի վատ դրսեւորումներ»:

Եվ ահա այս ելույթից երեք ամիս անց ՀՀ Լոռու մարզի դատախազությունում ուսումնասիրվել է ՀՀ հողօգտագործողներին գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով պարարտանյութերի հատկացման, ինչպես նաեւ տեղական սերմարտադրողներից եւ Ռուսաստանի Դաշնությունից աշնանացան ցորենի սերմացուի ձեռքբերման, բաշխման գործընթացի վիճակը:

Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք են բերվել տվյալներ առ այն, որ Լոռու մարզի Միխայլովկա համայնքի պաշտոնատար անձինք պարարտանյութերի բաշխման գործընթացում, մեկ միասնական դիտավորությամբ 2014-2016 թվականների ընթացքում պարարտանյութերի վաճառքից համայնքի թվով 8 բնակիչներից ստացել են խոշոր չափերի գումար, որից հետո պարարտանյութի դիմաց համայնքի բնակիչներից հավաքագրված գումարները մատակարար կազմակերպության բանկային հաշվեհամարին փոխանցելու փոխարեն հափշտակել են:

Լոռու մարզի Ձյունաշող համայնքի ղեկավարը աշնանացան ցորենի բաշխման գործընթացում` 2014-2016 թվականներին, բնակիչներին հասանելիք սերմացուի տրամադրման ժամանակ նույն համայնքի շահառու 4 բնակիչների տվյալները ձեւականորեն ներառել է պետական աջակցության ծրագրի շրջանակներում տրամադրվող աշնանացան ցորենի սերմացուի բաշխման ցուցակում եւ նրանց անվամբ դուրս գրված սերմացուն վերջիններիս չի հատկացրել, այլ օգտագործելով իր պաշտոնեական դիրքը` յուրացման եղանակով հափշտակել է: Այնուհետեւ համայնքի ղեկավարը իր կողմից ցորենի սերմացուի հափշտակության հանգամանքը թաքցնելու շահադիտական դրդումներից ելնելով` պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող, աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմնացուի բովանդակությամբ կեղծ բաշխացուցակները տրամադրել է Լոռու մարզպետարանին:

Արդյունքում` 2018թ. մարտի 21-ին Լոռու մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել են երկու առանձին քրեական գործեր:

Ավելի ուշ գործը հասավ Շիրակի մարզ: Իրավապահները սերմնացուի ձեռքբերման եւ բաշխման գործընթացում հայտնաբերել էին չարաշահումներ: Արդյունքում` Շիրակի մարզի նախկին Իսահակյանի գյուղապետ եւ Մեղրաշատի նախկին գյուղապետ Վահրամ Սաղաթելյանի նկատմամբ պաշտոնեական դիրքի չարաշահման եւ 3 մլն դրամից ավելի գումարի յուրացման փաստով հարուցվել է քրեական գործ, եւ վերջիններս ձերբակալված են:

Շիրակի մարզի համայնքի նախկին ղեկավարների ձերբակալություններով իրավիճակը չի կարգավորվում: Երեկ իրավապահները ձերբակալել են նաեւ Ձյունաշող եւ Միխայլովկա համայնքի նախկին ղեկավարներին:

«Ժողովուրդ» օրաթերթին նաեւ հայտնի է դարձել, որ իրավապահ համակարգին հանձնարարական է տրվել, որ աշխատանքներ տանեն նախկին գյուղապետերի հետ՝ ստիպելով վերադարձնել հափշտակված գումարները: Ավելին` հիմա ձերբակալվածների առաջ պայման է դրվում՝ եթե վերադարձնեն այդ գումարները, բանտ չեն նստի. ամեն ինչ կավարտվի պայմանական ազատազրկումներով: Հակառակ դեպքում նրանք ստիպված կլինեն երկար ժամանակ անցկացնել կալանավայրերում:

Մեր տեղեկություններով` ՀՀ իրավապահ համակագը ստուգում է իրականացնում նաեւ մյուս մարզերում եւ մյուս մարզերի մասով առաջիկայում կրկին համայնքի նախկին ղեկավարների ձերբակալություններ են սպասվում: Ի՞նչ արդյունք կտան ՀՀ գլխավոր դատախազության այս ստուգումները, եւ համայնքի նախկին ղեկավարների ձերբակալություններով նրանք կկարողանա՞ն հետ վերադարձնել բյուջեից հափշտակված գումարները, ցույց կտան արդյունքները:

Լոռու մարզպետը` ձերբակալությունների մասին

«Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հետ:

-Պարո՛ն Նալբանդյան, համայնքի նախկին ղեկավարներ են ձերբակալվում, Ձյունաշող եւ Միխայլովկա համայնքի նախկին ղեկավարներին` յուրացման եւ պաշտոնեական կեղծիքի համար:

-Ես տեղյակ չեմ, վստա՞հ եք, առաջին անգամ եմ լսում, ե՞րբ են ձերբակալել: Եթե Դուք խոսում եք Ձյունաշող եւ Միխայլովկա համայնքներից, ապա ասեմ` մինչեւ քրեական գործ հարուցելը Լոռու մարզպետարանը մտել է դատարան, եւ ի օգուտ պետության` մենք չենք թողել, որ որեւէ համայնքի ղեկավար փորձեր անի` պետությանը վնաս տա, խոսքը պարարտանյութի եւ սերմացու մասին է: Իսկ ինչ վերաբերում է քրեական գործին, դա արդեն վերաբերում է կեղծ անուն-ազգանուններ ներկայացնելուն, որը մարզպետարանը չէր կարող վերահսկել ամբողջությամբ:

-Ստացե՞լ եք գումարները:

-ԴԱՀԿ-ի միջոցով ժամանակացույցով ստանում ենք, դա ո՛չ առաջին, ո՛չ վերջին դեպքն է: Իրավապահ համակարգը այլ խնդրով է իրենց դեմ քրեական գործ հարուցել:

-Կասե՞ք Ձեր հայցի գումարի չափը, որ պահանջում էիք համայնքի ղեկավարներից:

-Միխայլոկան, եթե չեմ սխալվում, 8 միլիոն, Ձյունաշողը` 4, թվերը հստակ չեն:

-Բայց Դուք մարզպետ եք, Դուք իրենց վերահսկողն եք, ի՞նչ է նշանակում` չէր կարող վերահսկել ամբոջությամբ, չէիք կարող, հրաժարական տայիք, չեք արել, հիմա պաշտոնեական անփութություն եք ցուցաբերել :

-Հիմա տեսեք` մենք 3000 տոննայի չափով համայնքներից հարկ ենք ստացել, եւ յուրաքանչյուր հողօգտագործող մաքսիմում կարող էր հայտ ներկայացներ 0-ից մինչեւ 600 կիլոգրամի, խոսքը սերմացուի եւ դրա համարժեք պարարտանյութի մասին է: Այսինքն` 3000 տոննա եթե բաժանում ես, դա մի ահռելի թիվ է ստացվում եւ ամբողջությամբ վերահսկել, գնալ, տեսնել` այդ անուն, ազգանունով գյուղացին ստացե՞լ է, թե՞ ոչ, մենք այդ ամենը ամբողջությամբ չենք կարող վերահսկել: Եթե մենք փորձեինք վերահսկել այդ ամբողջական ցուցակները, ապա շատ ավելի ժամանակ կխլեր, եւ գարնանացանը վաղուց կանցներ, եւ մենք չենք մտածել, որ կարող են` կեղծ ցուցակներ մեզ տրամադրեին:

-Բա մտածեիք, պաշտոնեական անփութության հետեւանք չէ՞ սա:

-Մենք չէինք կարող ամբողջականը վերահսկել, եւ դա մեր լիազորությունների մեջ չի էլ մտնում, մենք ընդամենը համայնքներից ստացել ենք հայտեր եւ այդ հայտերը ներկայացրել ենք նախարարություն, որ այդ քանակով մեզ տրամադրեն, բայց որ ամբողջությամբ վերահսկեինք ցանկերը, հնարավոր չէր:

Քնար Մանուկյան




Լրահոս