Վանաձորի ավագանու նիստերն այլեւս իրավազոր են. կընթանան բնական հունով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2017-ի նոյեմբերի 10-ին ՀՀ Սահմանադրական դատարանը բավարարել էր ԱԺ մի խումբ պատգամավորների դիմումը, որով վերջիններս պահանջում էին անվավեր ճանաչել ՀՀ տեղական ինքնակառավարման մասին օրենքի այն դրույթը, ըստ որի` Վանաձորի ավագանու ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցությունների ներկայացուցիչները, չունենալով քվորում, նիստեր են գումարում եւ որոշումներ կայացնում: ՍԴ-ն հակասահմանադրական էր ճանաչել Վանաձոր համայնքի ավագանու այդ նիստերը: Եւ ինչպես ՍԴ որոշումը հրապարակելիս ասել էր այն ժամանակ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը. ««Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 3-րդ կետը հակասահմանադրական է: Վանաձորի համայնքի ավագանու առաջին նիստի` 2017թ. մարտի 31-ի N 2-Ն, 7-Ն, 8-Ն, 9-Ն որոշումները հակասահմանադրական են»։ Նշենք, որ ՏԻՄ օրենքի 64-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ «ավագանու նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա են որոշում ընդունելու համար անհրաժեշտ թվով ավագանու անդամներ»:

Վանաձորի ավագանիում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե ՏԻՄ մասին օրենքի մեջ համապատասխան փոփոխությունը կատարվել է փետրվարին, դրան համապատասխան կատարվել են փոփոխություններ նաեւ ավագանու կանոնակարգում: «Հիմնական խնդիրն այն էր, որ հակասահմանադրական ճանաչված նիստեր կամ որոշումները չեղյալ չհամարվեցին եւ դա հետադարձ ուժ չունեցավ: Այսինքն` դա մի բան էր, որը պիտի աներ կառավարությունը, ԿԸՀ-ն` ելնելով ՍԴ վճռից, բայց քանի որ մենք գիտենք, թե ինչ համակարգի հետ գործ ունենք, եւ մարդիկ ինչպես են ընտրվում, հետեւաբար ընդամենը արձանագրեցինք, որ իրավական ճանապարհով մեր քայլերը սպառված են, քաղաքական ճանապարհով` եւս, որովհետեւ ՀՀԿ եւ ՀՅԴ-ն միասին նոր հուշագիր ստորագրեցին ՀՎԿ-ի հետ, եւ դրանով իրավական ճանապարհից բացի` սահմանափակվեց նաեւ քաղաքական ճանապարհը: Քաղաքական առումով այն մեծամասնությունը, որը ձայն էր տվել ՀՀԿ-ի թեկնածուին, արդեն ի հայտ եկավ, եւ ինչի համար մի տարի պայքարում էինք, ընդամենը տեղի ունեցավ այդքան ուշ»:

Դեկտեմբերի 20-ից ԼՀ կուսակցության անդամները մասնակցում են նիստերին: Ըստ Մարուքյանի` ոչ իրավազոր նիստեր դեկտեմբերից այս կողմ չեն եղել: Այս պահին նիստերի իրավազորության հետ կապված որեւէ խնդիր չի տեսնում, բայց այն ճանապարհը, որով ձեւավորվել էր Վանաձորի իշխանությունը, դրա հետ կապված իրենք ունեին եւ ունեն խնդիրներ: «Մենք չենք ընդունում, որ դա ճիշտ, օրինական կամ սահմանադրորեն հիմնավորված ճանապարհով է ձեւավորվել»:

Նրա խոսքով` մարտի 31-ից հետո օրենքը արդեն ուժի մեջ է մտնում եւ դրանով իսկ արդեն արգելվում է օրենքի երկակի մեկնաբանությունը: Մինչ այդ իրենք օգտվում էին դրանից, երբ օրենքի մի կետով մի բան էր ասվում, մյուսով` մեկ այլ:

Այսուհետ ավագանու նիստերն ընթանալու են բնականոն հունով: «ՄԵնք թվով երկրորդ խմբակցությունն ենք ավագանու ներսում, ինչքանով հնարավոր կլինի վերահսկել, հակակշռել եւ փոխզսպել իշխող ձեւավորված կոալիցիային, մենք առավելագույնը կանենք»:

Մարջան Չոբանյան




Լրահոս