Վահան Մարտիրոսյանը ականջալուր չէ խնդիրներին. երթուղու սպասարկման շուրջ աղմուկը չի դադարում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի օր է, ինչ Արմավիր-Երեւան-Երեւան-Արմավիր երթուղու սպասարկման շուրջ աղմուկը չի դադարում: Երթուղին շահագործող «Գալակտիկա Տրանս սերվիս» ընկերությունը հայտնվել է անելանելի դրության մեջ: Ըստ ընկերության` ստեղծված իրավիճակի պատճառը ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության անգործությունն է:

Նշենք, որ Արմավիր-Երեւան-Երեւան-Արմավիր երթուղին մրցութային կարգով հաղթել է եւ համապատասխան պայմանագրի հիման վրա շահագործում է «Գալակտիկա Տրանս Սերվիս» ընկերությունը: Անգամ օրեր առաջ նշված երթուղու վարորդները գործադուլ էին արել: Պատճառն այն է, որ գծատերերը բարձրացրել են «օրվա պլանի» չափը: Նախկինում նրանք աշխատանքային օրվա ավարտին երթուղին շահագործողին վճարել են 15 հազար դրամ: Իսկ հիմա գծատերը պահանջում է վճարել ավելի քան 20 հազար դրամ: Բայց վարորդների պնդմամբ` նրանք պարզապես չեն կարող պահանջված գումարը վճարել, որովհետեւ մեքենաները լիցքավորելու գազի գինն է թանկացել, ուղեւորահոսքն է նվազել: Ինչն էլ իր հերթին ազդել է նրանց աշխատավարձի չափի վրա:

Բայց Արմավիր-Երեւան-Երեւան-Արմավիր երթուղին շահագործող «Գալակտիկա Տրանս Սերվիս» ընկերությունը իր հերթին պնդում է, որ ստեղծված իրավիճակի պատասխանատուն միայն տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն է: «Գալակտիկա Տրանս Սերվիս» ընկերության ներկայացուցիչ Վարդան Հակոբյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ տեղի ունեցածի պատճառը միայն նշված գերատեսչության աշխատողների անգործությունն է: Ընկերությունը պարզաբանում է, որ նախարարությունը տեւական ժամանակ է` չի նկատում իրենց բողոքները եւ «դիտավորյալ, կազմակերպված անգործություն է ցուցաբերում» «Գալակտիկա Տրանս Սերվիս» կազմակերպության նկատմամբ:

«Գալակտիկա Տրանս Սերվիս» ՍՊԸ-ից պնդում են, որ նախարարությունը մատը մատին չի խփում` շահագործվող երթուղին ապօրինի ուղեւորափոխադրողներից ազատելու համար: Իսկ նախարարության` նման անգործության հետեւանքով վարորդը չի կարողանում նախատեսված եւ ակնկալվող ուղեւորների նվազագույն քանակն ապահովել: Արդյունքում ե՛ւ վարորդը, ե՛ւ տնտեսվարողը կրում են ֆինանսական վնասներ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նշված ընկերությունը այս խնդրով արդեն մի քանի ամիս է` բազմաթիվ անգամ դիմում է նախարարություն: Բայց պարզվում է` նախարարության համապատասխան աշխատողները ուխտի ականջում քնած են:

«Բիզնեսը զրկվում է իր հիմնական իմաստից` շահույթից: Ու այս ամենը` երթուղում երթեւեկող անօրինական փոխադրողների ու համապատասխան պաշտոնյաների հետեւողական եւ դիտավորությամբ ցուցաբերվող անգործության հետեւանքով: Կան տաքսիներ, միկրոավտոբուսներ, որոնք ապօրինի են գործում, կանոնավոր ուղեւորափոխադրում իրականացնելու համար մրցույթ չեն շահել, պետության հետ պայմանագիր չեն կնքել: Բազմաթիվ անգամ մենք այս հարցով դիմել ենք նախարարություն, բայց անարդյունք: Ոչ միայն դիմել ենք, այլեւ ապացույցներ, փաստեր ենք ներկայացրել լուսանկարների տեսքով: Արձագանք չկա»,- վրդովված նկատեց ընկերության ներկայացուցիչը` Վարդան Հակոբյանը: Մեր զրուցակցի պատմելով` փոխարենը նախարարության աշխատողները մի քանի հոգու նկատմամբ վարչական վարույթ են հարուցել, որպեսզի տուգանեն, բայց հետո պարզվել է, որ գործը տուգանքին չի հասել:

«Անգամ դեպքեր են արձանագրվել, որ որոշ ուղեւորափոխադրողներ Արմավիր քաղաքի տարածաշրջանի գյուղապետերի հետ բանավոր պայմանավորվածություն են ձեռք բերել եւ միանգամից իրենց գյուղից դեպի Երեւան ապօրինի ուղեւորափոխադրում են իրականացրել: Իհարկե, ուղեւորափոխադրումն իրականացվել է «Գալակտիկա Տրանս Սերվիս» ընկերության գծի հաշվին: Այդ ապօրինի ուղեւորափոխադրումների պատճառով մեր ընկերության եկամուտը նվազում է: Արդյունքում կազմակերպությունը վարորդների հետ խնդիրներ է ունենում, քանի որ նրանք չկարողանալով պատշաճ եկամուտ ապահովել` քիչ են վարձատրվում: Ընկերությունը չի կարողանում պատշաճ վարձատրել վարորդներին»,- արդարացավ ընկերության ներկայացուցիչը:

Բայց պարզվում է, որ ոլորտի խնդիրներին ականջալուր չէ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը: Նա իր ջանքերը ուղղել է ՏՏ ոլորտին, քանի որ ժամանակին հանդիսանալով «Ռոստելեկոմ»-ի «GNC-Alfa» տնօրենների խորհրդի նախագահ` այսօր իր դիրքն օգտագործում է պետության հաշվին այդ ընկերության բիզնես-բարգավաճմանը: Իսկ տրանսպորտային հարցերում` պարզապես զրո արդյունք:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս