«Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարություն է տարածել.
«Ազատվենք, Զատվենք եւ Զատենք`վերացնենք Խավարի հաղթանակը Արեւի վրա
Ի՞նչ է մեզ համար Զատկվա խորհուրդը, այն տոնելով` ի՞նչ ենք հասկանում, արդյոք իմաստավորո՞ւմ ենք, որ պետք է ազատվենք Խավարի հաղթանակից Արեւի վրա:
Մեր ազգը հազարամյակներ շարունակ գարնանային գիշերահավասարի օրը Արեւի ծագումն անվանելով Զատիկ` կարեւորել եւ իմաստավորել է Լույսի գերակայությունը խավարի վրա: Կարծում եմ` հայ ազգի հիմնական մասը, ընդունելով քրիստոնեությունը` շարունակել է դեպի լույսը հավատի կրողը մնալ:
Բայց, արի եւ տես, հազարամյակների պատմություն ունեցող, խավարը մերժող, լույս տեսնող հայ ազգն այսօր դարձել է խավարահավատ եւ խավարակիր: Ի՞նչ է կատարվում մեզ հետ, որ չենք ցանկանում արթնանալ շուրջ երեսունամյա գիշերից: Ո՞րն է այն պատճառը, որ մութը ներթափանցեց մեր հանրային կյանքի բոլոր ոլորտները: Ինչո՞ւ մի քանիսի կողմից ստեղծված սեւ քառակուսին եւ եռանկյունին կարողացան լինել այսքան կենսունակ: Ինչո՞ւ խավարը, որը զուրկ է մտքից եւ ունակություններից, մթի փոթորիկով ավերելով մեր Հայրենիքը` շարունակում է գահակալել:
Կարծում եմ` հիմնական պատճառը մեր խենթությունից հեռանալն է, մեր խենթ լինելը մոռանալն է: Հիշե՛նք մեր խենթությունը, հիշենք, որ մենք կարո՛ղ ենք խելագարվել, հակադրվել «Կրկեսի պես մի վիթխարի, խայտաբղետ, խայտանկար քաղաք քարին»:
Գրավե՛նք քաղաքները, գիտակցենք, որ նրանք պոկված են մեր ազգային կյանքի բնականոն ընթացքի մաս լինելուց: Գրոհե՛նք քաղաքները, ելնե՛նք երեսունամյա պատմության դեմ, կերտենք նո՛ր պատմություն: Բաժանվենք բեւեռների` մենք դառնանք շարժմա՛ն բեւեռ` ընդդեմ վերարտադրման մեջ գտնվող, չշարժվող ճահճացած բեւեռի:
Երնե˜կ այս տարի գարնան ուժի օգնությամբ դիմավորենք լուսաբացը Զատման: Խելագարվե՛նք Արեւի ծագումից, նրա լույսից եւ ջերմությունից:
Դառնա՛նք հազարավորների ճշմարիտ եւ օրինավոր հավաքական բեւեռ:
«Հեռու, մոտիկ ընկերներով, արեւներով, հրանման հոգիներով»` խավարի եւ Արեւի միջեւ ճակատամարտը կնքենք հաղթանակո՛վ:
Շնորհավոր Զատիկ»: