ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԻՑ ԿԱՐՈՂ ԵՆ ՕԳՏՎԵԼ ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵՄ անդամ 14 երկիր որոշում է ընդունել երկրից արտաքսել ռուս դիվանագետների: Ստացվում է` ՌԴ-ԱՄՆ հարաբերությունները շարունակում են լարված մնալ, եւ դրանում ներգրավվում է նաեւ Եվրամիությունը: Թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանի եւ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանի հետ:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյան
-Պարո՛ն Ֆարմանյան, ԵՄ անդամ 14 երկիր պատրաստվում է արտաքսել ՌԴ դեսպաններին: Ըստ Ձեզ` ինչի՞ կարող է հանգեցնել այս իրավիճակը ՌԴ-ԱՄՆ լարված հարաբերությունների համատեքստում:
-Իմ կարծիքով, սա կախված է այն հանգամանքից, թե ինչ շարունակություն կունենա: Բայց որքան ՌԴ-ԱՄՆ հարաբերությունները լինեն կայուն, եւ առճակատումը լուրջ հետեւանքներ չունենա, այնքան ավելի կանխատեսելի կլինեն աշխարհաքաղաքական զարգացումները:
-Մեր երկրի վրա ի՞նչ ազդեցություն կարող է լինել, քանի որ մի կողմից` ԵԱՏՄ անդամ ենք, մյուս կողմից` ԵՄ-ի հետ համաձայնագիր ստորագրեցինք:
-Մեր աշխարհագրական դիրքով պայմանավորված` մեզ համար լավագույնն այն միջավայրն է, որտեղ մեր ռազմավարական գործընկեր ՌԴ-ի հարաբերությունները ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի հետ հարթ են ընթանում: Նման առճակատումները չեն կարող բխել ՀՀ շահերից, թեեւ մենք այդ դեպքում զրոյական ազդեցություն ունենք:
-Իսկ Ղարաբաղյան խնդրի առնչությամբ ի՞նչ դրսեւորումներ են հնարավոր:
-Ղարաբաղյան խնդիրը, բարեբախտաբար, մնում է կարգավորման տեսանկյունից այն միակ ձեւաչափը, որում մենք ՌԴ-ԱՄՆ համադրված աշխատանք ենք տեսնում: Եվ ես հուսով եմ, որ այդ առճակատումն ինչպիսի շարունակություն էլ ունենա, կասկածի տակ չի դնի այդ պետությունների ներգրավվածությունն այդ գործընթացում:
-Այս պայմաններում ինչպիսի՞ քաղաքականություն պետք է վարվի մեր երկրի կողմից:
-ՀՀ-ն առաջնորդվում է բացառապես իր շահերով, իսկ դա նշանակում է` շարունակել մեր ներգրավվածությունը ուժային բոլոր կենտրոնների միջեւ` ելնելով մեր առաջնահերթություններից: Եվ մենք ցանկություն ունենք, որ այդ առճակատումները դիվանագիտական ճանապարհով ունենան իրենց հանգուցալուծումը:

Արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյան
-Պարո՛ն Նավասարդյան, ՌԴ-ԱՄՆ լարված հարաբերությունները եւ ԵՄ մի շարք երկրների կողմից դեսպանների արտաքսման որոշումը ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ:
-Կարծում եմ` այս քայլը ԵՄ երկրների, օրինակ` Ֆրանսիայի սրտով չէ: Բայց պարզ է, որ իրենք էլ այդպես պետք է վարվեին, ինչպես ԱՄՆ-ն: Իհարկե, դեսպանների արտաքսման հարցը հարաբերությունների լարվածության նոր գալար կարելի է համարել: Բայց ես չէի դրամատիզացնի, քանի որ դա չի բերի ավելի վտանգավոր հետեւանքների կամ անուղղելի արդյունքների: Ընդհանրապես, երբ քաղաքականության մեջ լարվածություն է լինում, հասնում է եռման կետի, եւ դա հանդարտվում է: Սրա լավագույն օրինակը Կարիբյան ճգնաժամն էր: Եվ այս իրավիճակը ես անվանում եմ Կարիբյան ճգնաժամ 2:
-Իսկ որքա՞ն կարող է շարունակվել:
-Դե, հստակ չի կարելի ասել, բայց թե՛ Պուտինի, թե՛ Թրամփի կողմից արտահայտություններ կան, հեռախոսային զրույցներ: Եվ դա հենց այնպես չէ: Պուտինն իր բոլոր ելույթներում ասում է, որ իրենք պատրաստ են կոնտակտի գնալ: Այնպես որ, կարծում եմ` կանցնի մի որոշ ժամանակ, եւ կանցնի այս կրիտիկական վիճակը: Ելցինի իշխանության ժամանակ ԱՄՆ-ն, փաստորեն, հասել էր այն աստիճանին, որ պետք էր, այսինքն` ԱՄՆ-ն գերակայելու էր ամբողջ աշխարհում: Հետո հանկարծ եկավ Պուտինը, եւ բոլորովին այլ բան սկսվեց: Եվ Միացյալ Նահանգների համար սա այսօր ընդունելի տարբերակ չէ:
-Այս ամենի համատեքստում Հայաստանի վրա ազդեցություն կարո՞ղ է լինել, թե՞ ոչ:
-ԱՄՆ-ն եւ ՌԴ-ն շատ լավ հասկանում են, որ բախում` միջուկային զենքի առկայության պայմաններում, բացառվում է: Ոչ ոք նման քայլի չի գնա անգամ կրիտիկական պահի: Բայց այս իրավիճակից կարող են օգտվել այլ երկրներ` քվազի երկրներ, ինչպես, օրինակ, ահաբեկչական երկրներն են: Եվ այս իրադրության մեջ մենք պետք է ամեն ինչ անենք, որ ճկուն լինենք եւ մեր քաղաքականությունը հասցնենք մի աստիճանի, որ Հայաստանը հնարավորինս զերծ մնա այս բոլոր կատակլիզմներից:

 

 

 

ԽՈՍՏԱՑՎԱԾ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ

Ինչպես հայտնի է` «Ելք» դաշինքի անդամ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտարարել է Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի մասին, ընդ որում՝ պայքարելու է առանց դաշինիքի անդամ գործընկերների, քանի որ նրանք այդպես էլ ընդհանուր հայտարարի չեն եկել պայքարի մեթոդների հարցում: «Ժողովուրդ» օրաթերթը այս մասին զրուցել է կուսակցության վարչության անդամ Արայիկ Հարությունյանի հետ:

-Պարո՛ն Հարությունյան, 2017 թվականի մարտի 20-ին` խորհրդարանական ընտրություններից առաջ, ՔՊ ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը Ազատության հրապարակում հայտարարեց, թե թավշյա հեղափոխությունը կդառնա անխուսափելի: Մեկ տարի է անցել, հեղափոխություն չեղավ: Այժմ ի՞նչ հույս ունեք, որ ինչ-որ բան փոխվելու է:
-Թավշյա հեղափոխությունն այնպես չի, որ ժամկետ նշանակես եւ այդ ժամկետի շրջանակում ավարտես գործընթացը: Ժողովրդավարություն հաստատելու համար ժամանակ է պետք: Թավշյա հեղափոխության` իրականություն դառնալը կապված է բազմաթիվ գործոնների հետ: Եվ հիմա մենք պետք է առավելագույնն անենք, որ թավշյա հեղափոխության իրականացման բարենպաստ գործոնները համադրվեն ինչ-որ կոնկրետ ժամկետի մեջ: Որքանով դա կհաջողվի, ցույց կտան առաջիկա գործընթացները: Մենք այդ ուղղությամբ արդեն բավական աշխատանք կատարել ենք վերջին շաբաթների ընթացքում:
-Իսկ 2016 թվականի սեպտեմբերի 10-ին` կրկին հանրահավաքի ժամանակ, Փաշինյանն ասել էր, որ վենդետաներ, կախաղաններ չեն լինելու, եւ ներկայացրել էր հեղափոխության մեխանիզմը` 24 ժամում: Բայց այդ ժամանակ էլ չհաջողվեց:
-Նիկոլ Փաշինյանը չի ասել, որ 24 ժամում… Նա չի ասել, որ 2016-ին հեղափոխություն է անելու: Այդ կոնտեքստում չի ասել:
-Ասել է, որ 24 ժամում: Այս անգամ Դուք ի՞նչ ժամկետում եք նախատեսում փոփոխություններ կամ գուցե հեղափոխություն իրականացնել:
-Մեր նախնական ճանապարհային քարտեզը 14+4 ձեւաչափով է: Մնացած մանրամասները կլինեն մարտի 31-ին, երբ մենք հրապարակենք մեր ծրագիրը:
-Իսկ չե՞ք կարծում, որ ժողովուրդն արդեն հոգնել է խոսքերից եւ չի հավատում խոստումներին ու գուցե չգա ՔՊ ետեւից, դուրս չգա հրապարակ:
-Ոչ, չեմ կարծում:
-Ինչո՞վ եք հիմնավորում Ձեր կարծիքը:
-Դա էլ մարտի 31-ին ենք արդեն խոսելու: Գործողությունները, որ մենք նախատեսել ենք, ենթադրում են, որ ժողովուրդն այս իրավիճակից պետք է դուրս գա:
-Իսկ կա՞ն քաղաքական ուժեր, որոնց դիմում եք` համագործակցության համար:
-Այս պահին որոշ շրջանակների` հիմնականում քաղաքացիական ակտիվ խմբերի հետ, քննարկում ենք տարբեր հարցեր: Կան արդեն ընդհանուր գործելու եզրեր, որոնք նույնպես հայտնի կդառնան առաջիկա օրերին:
-Կարծում եք` միայնա՞կ պայքարն ավելի արդյունավետ կլինի, թե՞ եթե այլ ուժեր էլ Ձեզ միանան:
-Կարծում եմ` պարզապես պետք է լինի մեկ թիմ, որը շատ հստակ պատասխանատվություն կվերցնի գործողությունների համար, եւ կառավարման մարմինը կլինի միասնական:
Հ.Գ. Ի դեպ, նշենք, որ ԱԺ «Ելք» խմբակցության քարտուղար, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ներկայացնող Գեւորգ Գորգիսյանն էլ հայտարարել էր, թե «Ելք» դաշինքն իր ընտրողներին հեղափոխություն չի խոստացել: Այնինչ` Փաշինյանի նախընտրական ելույթներն այլ բանի մասին են վկայում:

Նյութերը՝ ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ

 

 

ՊԱՇՏՈՆԱԹՈՂ
«Ժողովուրդ» օրաթերթը երեկ Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանից հետաքրքրվել է, թե ի՞նչ գործունեություն է ծավալելու Սարգսյանը նախագահական լիազորությունների ավարտից հետո: «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան` Հակոբյանը հայտնել է. «Ապրիլի 9-ից ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը լինելու է պաշտոնաթող նախագահի կարգավիճակում: Ձեզ հետաքրքրող մյուս հարցերը կարգավորվում են ՀՀ գործող օրենսդրությամբ, մասնավորապես «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքով»»:
Իհարկե, Սերժ Սարգսյանը պաշտոնաթող ղեկավարի կարգավիճակում կմնա ընդամենը 8 օր, եւ այդ ընթացքում թեկուզ արդեն որպես պաշտոնաթող նախագահ նրա սպասարկումն ապահովելու են. Սարգսյանն ունենալու է համապատասխան մեքենա, թիկնազոր եւ այլն: Բայց թե կոնկրետ ինչո՞վ է զբաղվելու այդ օրերին պաշտոնաթող Սարգսյանը, պարզ չէ: Ենթադրվում է` այդ ընթացքում նա «աշխատանքի կգնա» ՀՀԿ գրասենյակ եւ արդեն ապրիլի 17-ին, երբ ԱԺ-ն նրան ընտրի վարչապետ, կվերադառնա Բաղրամյան 26, որը վարչապետի գրասենյակն է դառնալու:

 

 

ՆՎԵՐ ՕԴԱՆԱՎԸ
ՀՀ նախագահի աշխատակազմը առաջիկայում օդանավ կհատկացնի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Սերժ Սարգսյանի այս տարվա մարտի 21-ի կարգադրության համաձայն` նախագահի աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռից գույք է հանվել եւ ամրացվել քաղավիացիային: Խոսքը «Էյրբաս Ա-319-132» տեսակի 17 մլրդ 442 մլն 220 հազար 388 դրամ սկզբնական արժեքով, 1998 թվականի թողարկման օդանավի մասին է: Պարզվում է` նախագահի աշխատակազմը օդանավի կարիք այլեւս չունի: Նկատենք, սակայն, որ «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրինագծով սահմանված է, որ ապրիլից վարչապետը, բացի հատուկ նշանակության ավտոտրանսպորտից, ունենալու է նաեւ հատուկ սարքավորված ինքնաթիռ եւ ուղղաթիռ: Մինչդեռ նախագահը, որ Սահմանադրությամբ պետության գլուխն է եւ միջազգային ասպարեզում ներկայացնելու է Հայաստանը, չի օգտվելու առանձին ինքնաթիռ եւ ուղղաթիռ ունենալու արտոնությունից:

 

 

ԸՆԴԴԵՄ ԳՆԴԱՊԵՏԻ
ՊՆ զորամասերում աշխատակիցների կրճատման գործընթաց է սկսվել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այդ գործընթացի արդյունքում աշխատանքից ազատված քաղաքացիները հերթով դիմում են դատարան` վերականգնելու իրենց իրավունքները: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2018 թվականի մարտի 23-ին Թագուհի Վեքիլյանը դիմել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան եւ դատի տվել ՀՀ ՊՆ զորամասի հրամանատար, գնդապետ Կ.Հողմրցյանին: Վերջինս պահանջում է, որ դատարանը ստիպի գնդապետի` աշխատանքից ազատման հրամանն անվավեր ճանաչել եւ իրեն նախկին աշխատանքում վերականգնել:




Լրահոս