Պաշտոնյաները մինչեւ այս տարվա մարտի 30-ը պետք է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացնեն 2017 թվականի գույքի, եկամուտների եւ փոխկապակցված անձանց հայտարարագրերը: Սա կարեւորություն է ներկայացնում հատկապես 2017 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունների համատեքստում:
Այդ ժամանակ կատարված փոփոխություններով քրեականացվեց ապօրինի հարստացումը: Եվ քանի որ օրենքը չունի հետադարձ ուժ, ապա այդ որոշումն անդրադառնալու է միայն 2017 թվականի հուլիսի 1-ից հետո ապօրինի հարստացողներին, իսկ մինչ այդ միլիոններ կուտակած պաշտոնյաները կարող են հանգիստ վայելել ունեցվածքը: Եվ առաջին անգամ ուսումնասիրման թեմա են դառնալու հենց մինչ մարտի 30-ը ներկայացրած հայտարարագրերը, որոնց հիման վրա էլ պետք է որոշվի՝ պաշտոնյան ապօրինի՞ է հարստացել, թե՞ ոչ:
Իսկ ի՞նչ է իրենից ենթադրում ապօրինի հարստացումը, եւ ինչ պատիժ է սահմանված:
Այն պաշտոնյաները, որոնք ներկայացնում են առանձին հայտարարագրեր, համապատասխան ժամանակահատվածում ունեցել են գույքի ավելացում կամ պարտավորությունների նվազում, որոնք էականորեն գերազանցում են նրա օրինական եկամուտները, եւ դա ողջամտորեն չի հիմնավորվում, ապա անձը պիտի պատասխանատվության ենթարկվի ապօրինի հարստացման համար: Այս դեպքում պատիժ կարող է սահմանվել 3-6 տարի ժամկետով ազատազրկումը՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով առավելագույնը երեք տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ: Ընդ որում, հետաքրքիրն այն է, որ էական չափ է սահմանվել 5 մլն դրամը գերազանցող շեմը, եւ միայն դրանից վերեւ կարելի է խոսել ապօրինի հարստացման մասին:
Ապօրինի հարստացումը քրեականացնող օրինագիծը խորհրդարանում քննարկվել է դեռեւս 2016 թվականի դեկտեմբերին: Իսկ ամեն ինչ սկսվեց նրանից, որ ԵՄ-ն ՀՀ-ի առաջ դրեց կոռուպցիայի դեմ պայքարի պահանջ` նախազգուշացնելով, որ կդադարեցնի տարբեր ծրագրերի անվան տակ ՀՀ-ին տրվող ֆինանսական աջակցությունը: Հետո արդեն ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստերից մեկում, անդրադառնալով ապօրինի հարստացման քրեականացմանը, արդարադատության նախարարությանը հանձնարարել էր մեկամսյա ժամկետում ներկայացնել համապատասխան օրենսդրական նախագիծ: Իհարկե, այսպիսի փոփոխությունները կարող ենք ողջունելի քայլ համարել, սակայն ինչպես այլ նախաձեռնությունների պարագայում, այս դեպքում եւս հանրային անվստահություն եւ թերահավատություն է առկա: Ի վերջո, ինչպես է տեղի ունենալու վերահսկողությունը, քանի որ գաղտնիք չէ, որ հայրենի պաշտոնյաները սովոր են իրենց հսկայական ունեցվածքի միայն փոքր հատվածը ներկայացնել: Հենց դա են փաստում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց՝ էթիկայի հանձնաժողով ներկայացված հայտարարագրերը, երբ միլիոնատեր, անգամ միլիարդատեր պաշտոնյաներն իրենց պատկանող բիզնեսները երբեւէ չեն ներկայացնում այդ փաստաթղթերում: Ստացվում է՝ հուլիսի 1-ից հետո ոչ ոք չի կարող ապօրինի հարստանալ:
Օրենսդրությամբ նաեւ նշված է, թե ով պետք է վերահսկի այդ ամենը: Բանն այն է, որ այդ ամենը պետք է քննի վարույթն իրականացնող մարմինը, այսինքն՝ հատուկ քննչական ծառայությունը, որը պետք է ունենա ապացույցների բավարար համակցություն: Եթե անգամ պաշտոնատար անձը լռի, այն կկարողանա քրեական գործի վարույթը շարունակել: Իսկ եթե անձը չկարողանա հիմնավորել, որ գույքը կամ դրամական միջոցները վաստակել է օրինական ճանապարհով, ապա կենթարկվի քրեական պատասխանատվության:
Ընդ որում, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի նախագծում փոփոխությունների նախագիծ է ներկայացվել, որը վերաբերում է պաշտոնատար անձանց հայտարարագիր ներկայացնելուն: Ըստ այդմ, պաշտոնյաների ընտանիքի անդամները, բացի գործող կարգավորմամբ նախատեսված տարեկան հայտարարագրերից, այսուհետ ներկայացնելու են նաեւ պաշտոնատար անձի` պաշտոնեական պարտականություններ ստանձնելու, դադարեցնելու գույքի եւ եկամուտների հայտարարագրեր, իսկ պաշտոնյայի ընտանիքի անդամները ներկայացնելու են իրենց պատկանող ամբողջ գույքի ու եկամուտների վերաբերյալ ամբողջական հայտարարագիր, ի տարբերություն գործող կարգավորման, երբ ընտանիքի անդամները ներկայացնում են միայն այն գույքի եւ եկամուտների վերաբերյալ հայտարարագիր, որը ձեռք էր բերվել կամ օտարվել էր հարկային տարում, իսկ գույքի որոշ տեսակների մասով տեղեկություն չէին տալիս: Բացի այդ` ընտանիքի անդամները եւս պատասխանատվություն են կրելու հայտարարագրի իսկության, չներկայացնելու կամ ժամկետի խախտմամբ ներկայացնելու համար։ Առաջին հայացքից ամեն ինչ իդեալական է եւ դա այլ երկրների պարագայում հույս կներշնչեր, թե բազմաթիվ պատժվողներ են լինելու, սակայն մեր իրականությունում թերեւս կարող ենք բավարարվել, մեկ-երկու մանր ձկներով, իսկ խոշորները կշարունակեն անարգել հարստանալ:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՆԵՐԵԼ Է ՆԱԽԱՐԱՐԻՆ
Սերժ Սարգսյանն իր գործունեությունն այս տարիներին լուսաբանած լրագրողներին պարգեւատրելուց հետո նրանց հետ թեյի սեղանի շուրջ փակ հանդիպում է ունեցել: Եւ ահա, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ լրագրողներից մեկը Սերժ Սարգսյանից հետաքրքրվել է առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի հետագա ճակատագրից: Մասնավորապես՝ արդյո՞ք իր անվան շուրջ դժգոհություններից, ընդունված որոշումների կապակցությամբ հասարակության կողմից ստացած ոչ միանշանակ արձագանքներից հետո Ալթունյանը շարունակելու է պաշտոնավարել: Սերժ Սարգսյանն էլ, ինչպես պնդում են մեր աղբյուրները, ասել է. «Երկու սխալի համար նախարար կհանե՞ն»: Թե կոնկրետ որոնք են առողջապահության նախարար Լ. Ալթունյանի երկու սխալները, Սերժ Սարգսյանը այդպես էլ չի մանրամասնել: Բայց ստացվում է` նա ներում է ստացել կատարած քայլերի համար:
ՊՆ-Ն ԷԼ ԿՈՒՆԵՆԱ
Գաղտնիք չէ, որ արտաբյուջետային միջոցները կոռուպցիայի իսկական բուն են: Բայց չնայած դրան, այդ հնարավորությունից որոշել է օգտվել նաեւ պաշտպանության նախարարությունը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ առաջիկայում ՊՆ-ին արտաբյուջետային միջոցների հաշիվ բացելու թույլտվություն կտրվի: Նախագիծը մշակել են պաշտպանության եւ առողջապահության նախարարությունները: Ըստ այդմ, նախատեսվում է ֆինանսների նախարարության գանձապետարանում բացել ՀՀ ՊՆ եւ ՀՀ ՊՆ ռազմաբժշկական հաստատությունների անվամբ արտաբյուջետային միջոցների մուտքերի եւ ծախսերի առանձնացված բանկային հաշիվներ: Իսկ նպատակը լինելու է ՊՆ ռազմաբժշկական հաստատությունների կողմից բժշկական օգնության եւ սպասարկման վճարովի ծառայություններն ապահովելը:
ՍՏՈՒԳԵԼ ԵՆ
Հրուշակեղենի եւ պաղպաղակի արտադրությամբ զբաղվող «Էլիտ-Շանթ» ՍՊԸ-ն հայտնվել է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ուշադրության կիզակետում: Այնտեղ ՍԱՊԾ աշխատակիցները ստուգումներ են իրականացրել, որից հետո տուգանք են սահմանել 300 հազար դրամի չափով: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ընկերությունը չի վճարում սահմանված գումարը, իսկ ՍԱՊԾ-ն դատարանի միջոցով է փորձում ստանալ այն: Նշենք, որ «Էլիտ Շանթի» սեփականատերը Յուրա Ղարիբյանն է, որի տան վրա 2015 թվականին ավազակային հարձակում էր տեղի ունեցել: Սակայն Ղարիբյանի ընտանիքի անդամները դիմադրություն էին ցուցաբերել, արդյունքում՝ հարձակում գործած անձը՝ Գեւորգ Սարգսյանը, մահացել էր:
ՍԱՏԱՐՈՒՄ Է
Լյուքսեմբուրգի արտաքին գործերի եւ եվրոպական հարցերի նախարար Ժան Ասելբոռնը կարծում է, որ կգա այն օրը, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում կգտնվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը: «Ուզում եմ ավելացնել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Լյուքսեմբուրգը եւ ողջ Եվրամիությունը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնություններին»,- ասել է Ժան Ասելբոռնը: Նշենք, որ մարտի 27-28-ը ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան պաշտոնական այց կկատարի Լյուքսեմբուրգի արտաքին գործերի եւ եվրոպական հարցերի նախարար Ժան Ասելբոռնը: Վերջինիս կընդունի Սերժ Սարգսյանը:
ՄԻԱՅՆ ԼԵՎՈՆԸ
ԱԱԾ նախկին պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյանը ArmLur.am-ի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ Հայաստանում բոլորին պայքարի շուրջ կարող է համախմբել մեկ մարդ՝ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նա հարցազրույցում նաեւ նշել է, թե հարգանքով է վերաբերվում ԱԺ «Ելք» խմբակցության անդամներ Սասուն Միքայելյանին եւ Նիկոլ Փաշինյանին, սակայն ընդգծել, որ նրանց ամենակոպիտ սխալը եղել է ժամանակին Էդմոն Մարուքյանի հետ միավորվելը:
ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄ ԵՆ
Երեւանի ավագանու ընդդիմադիր խմբակցությունները վիճարկում են ավագանու նիստերի դահլիճ լրագրողների մուտքը սահմանափակող օրինագիծը։ «Ելք» եւ «Երկիր Ծիրանի» խմբակցությունների ղեկավարները «Ազատություն» ռ/կ-ին հայտնել են, որ սահմանափակման պատճառը փետրվարի 13֊ին տեղի ունեցած ավագանու նիստն էր, որի ժամանակ տեղի ունեցած ծեծկռտուքը լրատվամիջոցները լայնորեն լուսաբանել էին։ Այս հարցում Փոստանջյանը ակնկալում է Եվրոպական միության պաշտոնյաների միջամտությունը։ Նա նամակով դիմել է Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիին եւ եւս վեց եվրոպացի պաշտոնյաների։ Նամակներ է ուղարկել նաեւ Հայաստանում գործող 15 դեսպանատներ։ Ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն էլ ասել է, թե խորհրդարանական իրենց խմբակցության հետ պատրաստվելու են նոր օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ եւ վերացնել այս սահմանափակումը։
ՊԱՏՐԱՍՏ Է ԱՋԱԿՑԵԼ
Մոսկվայում ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի հետ հանդիպման ժամանակ ՌԴ ԿԳ նախարար Օլգա Վասիլեւան ասել է, որ ռուսական կողմը պատրաստ է աջակցել ՀՀ-ում ռուսաց լեզվի դասավանդման մեթոդաբանության մշակման հարցում: ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ ելնելով Հայաստանի կրթության ոլորտի առաջնահերթություններից` կարեւորվում է օտար լեզուների ուսուցման արդյունավետության բարձրացումը: Այս համատեքստում ռուսական կողմը պատրաստակամություն է հայտնել աջակցելու ռուսաց լեզվի դասավանդման մեթոդաբանության մշակման հարցում: Ռուսական կողմն ընդգծել է նաեւ, որ հետաքրքրված է Հայաստանի դպրոցներում «Շախմատ» առարկայի դասավանդման արդյունավետ փորձով: