ՆԱԽԱՐԱՐԸ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՆՓՈՒԹՈՒԹՅՈՒՆ Է ՑՈՒՑԱԲԵՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Լոռու մարզի դատախազությունը ստուգումներ է իրականացրել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Գործազուրկների եւ աշխատանքից ազատման ռիսկ ունեցող, աշխատանք փնտրող անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպման» ծրագրի հետ կապված: Արդյունքում նախարարության պաշտոնատար անձանց գործունեության մասով բավական լուրջ բացահայտումներ կան:

Այն, որ աշխատանքի եւ սոցիալական հարցերով նախարարությունում, մեղմ ասած, բարձիթողի վիճակ է, գաղտնիք չէ: Այս նախարարությունում պարբերաբար կոռուպցիոն սկանդալներ են հայտնաբերվում: Ահա այս անգամ իրավապահները ստուգումներ են իրականացրել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության մեկ այլ ոլորտի գործունեության հետ կապված եւ նոր իրավիճակի հետ են բախվել:
Եվ այսպես` ՀՀ կառավարությունը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը «Գործազուրկների եւ աշխատանքից ազատման ռիսկ ունեցող, աշխատանք փնտրող անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպման» ծրագրի հետ կապված համապատասխան գումար է տրամադրում, որպեսզի գործազուրկ քաղաքացիները վերոնշյալ ծրագրի շրջանակներում համապատասխան մասնագիտական դասընթացների մասնակցեն հետագայում աշխատանք գտնելու նպատակով:
Եվ ահա այս հանգամանքից օգտվելով` ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության պաշտոնատար անձինք եւ անհատ ձեռնարկատերերը գումարներ են հափշտակել:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Լոռու մարզի Արջուտ համայնքում փայտամշակման արտադրամաս ունեցող մի քաղաքացի, որի գործունեությունը հարկային մարմնում ժամանակավորապես դադարեցված է եղել, «գործարքի» մեջ է մտել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Վանաձորի տարածքային գործակալության պաշտոնյաների հետ:
Պարզեցինք, որ փայտամշակման արտադրամաս ունեցող քաղաքացին չի ունեցել մասնագիտական ուսուցման դասընթացներ կազմակերպելու նպատակ, սակայն իր արտադրամասում առանց գրանցման աշխատող 5 քաղաքացիների, ինչպես նաեւ զբաղվածության կենտրոնում հաշվառված եւս մեկ անձի համոզել է, որ նրանք հաշվառվեն տարածքային գործակալությունում, ստանան գործազուրկի կարգավիճակ, ընդգրկվեն ծրագրում, ինչի արդյունքում կստանան արտադրամասում աշխատելու դիմաց հասանելիք աշխատավարձ, ինչպես նաեւ կրթաթոշակի գումարներ:
Ըստ էության քաղաքացիները համաձայնել են, ինչից հետո իրավապահները պարզել են, որ 2015 թվականի ապրիլ-հունիս ամիսների ընթացքում անհատ ձեռնարկատեր եւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Վանաձորի տարածքային գործակալության իրավասու պաշտոնատար անձինք հափշտակել են պետական բյուջեի միջոցներից հատկացված կրթաթոշակի եւ մատուցված ծառայությունների դիմաց կազմակերպության հաշվեհամարին փոխանցված գումարները:
Սակայն այսքանով ամեն ինչ չի ավարտվել: Մեզ տեղեկություններ հասան, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Վանաձորի տարածքային գործակալության իրավասու պաշտոնատար անձինք ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված կարգով ամսական առնվազն մեկ անգամ մոնիթորինգի պետք է ենթարկեին ունկնդիրների մասնագիտական ուսուցման դասընթացներին մասնակցությունը, սակայն մոնիթորինգ չեն իրականացրել եւ որպեսզի ցույց տան, թե ամեն ինչ արել են օրենքով սահմանված կարգով, նախարարության գործակալության անունից կազմել են, ստորագրությամբ հաստատել եւ շրջանառության մեջ են դրել մոնիթորինգ իրականացնելու վերաբերյալ կեղծ պաշտոնական փաստաթղթեր:
Ուր են նայում նախարարի աչքերը
Այս իրավիճակում ամենազարմանալին այն է, որ ՀՀ իրավապահ համակարգը մշտապես բացահայտումներ է իրականացնում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերով նախարարության գործունեւթյան հետ կապված, սակայն մշտապես ամբաստանյալի աթոռին են հայտնվում մանր ձկները, իսկ ահա խոշոր ձկները` ի դեմս ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերով նախարար Արտեմ Ասատրյանի, ջրից չոր են դուրս գալիս: Միգուցե Արտեմ Ասատրյանը այս գործարքներից փայ չի ունեցել, բայց որպես ոլորտի պատասխանատու պետք է վերահսկեր, թե իր ենթակաները ինչպես են աշխատում, սակայն դատելով իրավիճակից` նա պաշտոնական անփութություն է ցուցաբերել, ինչը քրեորեն պատժելի արարք է:
Բանն այն է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 315 հոդվածը, որը վերաբերում է պաշտոնական անփութությանը, հստակ սահմանում է. «Պաշտոնատար անձի կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետեւանքով իր պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ էական վնաս է պատճառել անձանց կամ կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին (գույքային վնասի դեպքում` հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափը գերազանցող գումարը կամ դրա արժեքը), պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը փորձեց պարզել ՀՀ գլխավոր դատախազությունից, որտեղից հաստատեցին տեղեկությունը` նշելով, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 1.1-րդ, 2-րդ կետերի եւ 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությանը:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԶԵԿՈՒՅՑԻՆ ԸՆԹԱՑՔ ՏՐՎԵՑ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հատուկ քննչական ծառայությունը մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող փաստահավաք խմբի անդամներ Անդրանիկ Քոչարյանի եւ Սեդա Սաֆարյանի զեկույցը, որը վերնագրված է «Բանակի ներգրավվածությունը Մարտի 1, 2-ի իրադարձություններին», ընթացք է տվել:
Ինչպես հայտնի է` ԱԺ-ում մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ իրականացված լսումների արդյունքում պարզվել էր, որ գործը քննող քննչական խումբն այդպես էլ գործին չի կցել 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող փաստահավաք խմբի անդամներ Անդրանիկ Քոչարյանի եւ Սեդա Սաֆարյանի զեկույցը, որը վերնագրված է «Բանակի ներգրավվածությունը Մարտի 1, 2-ի իրադարձություններին»:
ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այդ հարցով դիմել էր ՀՀ գլխավոր դատախազին` միջնորդելով այդ զեկույցը կցել գործին, եւ նա նշել էր, որ այդ փաստական նյութը չի ուսումնասիրվել, եւ սա մեծ բացթողում է. «Որովհետեւ այս փաստական նյութի ուսումնասիրության արդյունքում շատ լուրջ պատճառահետեւանքային կապեր կարող են բացահայտվել»: Արդյունքում` ՀՀ գլխավոր դատախազությունը Նիկոլ Փաշինյանի դիմումն ուղարկել էր հատուկ քննչական ծառայություն` դրանում արծարծված հանգամանքները 2008թ. մարտի մեկի դեպքերի եւ սպանությունների հետ կապված քննվող քրեական գործերով քննության առարկային վերաբերելիության եւ ըստ անհրաժեշտության համապատասխան քննչական եւ այլ դատավարական գործողություններ կատարելու հարցը քննարկելու համար»:
Ինչեւէ: «Ժողովուրդ» օրաթերթը հատուկ քննչական ծառայությունից հետաքրքրվեց, թե արդյո՞ք հատուկ քննչական ծառայությունը ստացել է ՀՀ գլխավոր դատախազության դիմումը, եւ ինչ որոշում է կայացվել, արդյո՞ք զեկույցը կցվել է քրեական գործին, ի պատասխան` հատուկ քննչական ծառայությունից հայտնեցին, որ զեկույցը կցվել է քրեական գործին ընթացք տալու նպատակով:
Ասել է, թե ՀՔԾ-ում ընթացք տվեցին «Բանակի ներգրավվածությունը Մարտի 1, 2-ի իրադարձություններին» զեկույցին, իսկ թե ինչ կբացահայտվի քննության ընթացքում, ինչ նոր հանգամանքեր ի հայտ կգան, կապրենք, կտեսնենք:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

10 ՄԱՐԴ ԹՈՒՆԱՎՈՐՎԵԼ Է
Ոստիկանության Արագածի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազով թունավորում հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել Հնաբերդ գյուղի բնակիչներ, 37-ամյա, 31-ամյա, 7-ամյա, 10-ամյա, 3-ամյա, 34-ամյա, 25-ամյա, 5-ամյա, 3-ամյա եւ 1 տարեկան քաղաքացիներ: Պարզվել է, որ նրանք թունավորվել են իրենց տանը, կաթսայից տեղի ունեցած շմոլ գազի արտահոսքից: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

 

 

ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ընդդեմ Հայաստանի հերթական վճիռն է կայացրել: Հայաստանը 1957թ. ծնված, Վարդան Թեյմուրազյանին կփոխհատուցի 11,700 եվրո որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում, եւ 500 եվրո որպես ծախսերի հատուցում: Վ. Թեյմուրազյանը բողոք էր ներկայացրել նյութական փոխհատուցման պահանջով: 2005թ. Թեյմուրազյանի նկատմամբ քրգործ է հարուցվել` ՃՈ երկու աշխատակիցների վրա հարձակում գործելու մեղադրանքով: Թեյմուրազյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, եւ դիմումատուն կալանքի տակ է մնացել մոտ 2 ամիս: Վերջինս հայց է ներկայացրել, սակայն ոստիկանության աշխատակիցները պատասխանատվության չեն ենթարկվել: Վերաքննիչ դատարանը նշել է, որ հնարավոր չէ վերսկսել դատավարությունը, եթե դատախազությունը նախապես որոշել է մեղադրանք չառաջադրել ոստիկանության ծառայողներին: Դիմումատուն պնդել է, որ ՀՀ օրենսդրությունը խոշտանգման եւ ոչ իրավաչափ կերպով ազատությունից զրկելու դեպքում ոչ նյութական վնասի փոխհատուցման հնարավորություն չի նախատեսում: ՄԻԵԴ-ը ՀՀ-ից պարտավորեցրել է դիմումատուին վճարել 11,700 եվրո` որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում, եւ 500 եվրո` որպես ծախսերի հատուցում:

 

 

ՏԱՖՏԱԼՈԳԻԱ
Շարունակվում է «Ոտքի, Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության համակարգող Անդրիաս Ղուկասյանի դատաքննությունը` դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ: Դատական նիստի ընթացքում պաշտպանական կողմը մի շարք միջնորդություններ է ներկայացրել: «Նախորդ նիստերի ընթացքում թույլ եք տվել արտահայտություններ, որոնք ենթադրում են, որ անկողմնակալ չեք, ընդգծված բացասական վերաբերմունք ունեք պաշտպանական կողմի նկատմամբ: Դատախազ Պետրոսյանի հայեցողությամբ ու դատարանի կատարմամբ Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ դատական իրավունքի խախտումները կոպիտ ու բացահայտ բնույթ են կրում»,-ասել է Ղուկասյանի պաշտպան Կարեն Մեժլումյանն ու փորձել ներկայացնել խախտումները: Սակայն դատավորն ընդհատել է` ասելով, որ դրանք կրկնվում են: «Եթե նոր բան ունեք ասելու, ես թույլ կտամ շարունակել Ձեր հայտարարությունը, եթե նոր բան չունեք, ապա թույլ չեմ տա: Նույնը կրկնում եք, տաֆտալոգիա է ստացվում»,-ասել է դատավորը:




Լրահոս