«ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԳՆԱՑՈՂՆԵՐԸ ԳՆԱՑԵԼ ԵՆ ՈՉ ԼԱՎ ԿՅԱՆՔԻՑ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը երգիչ, Հայաստանի վաստակավոր արտիստ Թաթա Սիմոնյանն է:

-Թաթա՛, շոու-բիզնեսում պտտվում են խոսակցություններ այն մասին, որ կոորպորատիվ երեկոների շրջանակում ամենաշատ վարձատրվող երգիչն եք, որ պետք է շատ հարուստ լինել՝ Ձեզ հրավիրելու համար: Այդպե՞ս է, թե՞ դրանք չափազանցված խոսակցություններ են:
-Դա մեր աշխատանքն է, որն էժան չէ: Իհարկե, շատ դեպքեր են եղել, երբ մարդը, որը հնարավորություն չի ունեցել վճարելու, հանդիպել, խնդրել է, ես էլ իր համար երգել եմ: Բայց որպես բիզնես իմ աշխատանքն էժան չէ:
-Եթե Ձեզ երկրորդ հնարավորություն տրվեր, կուզեի՞ք այնպիսի ուղի ընտրել, որը բեմի հետ որւեէ կապ չունենար:
-Գիտե՞ք՝ մեկ-մեկ փորձերի ժամանակ նայում եմ մեր բաս կիթառահարին եւ մտածում եմ` կարո՞ղ է՝ ես էլ ուզեի բաս կիթառահար լինել, հանգիստ, բեմի անկյունում իմ գործը կանեի: Բայց հետո մտածում եմ, որ այն, ինչ այսօր ունեմ, դրա մասին եւս երազել եմ, իհարկե, դա արդեն հասուն, գիտակցված երազանք էր: Հիմա շնորհակալ եմ Աստծուց, որ անում եմ իմ սիրելի գործը, իմ ընկերների հետ: Ինձ մի քանի տեղ տարան, որ ինձնից «մարդ» դուրս գա, բայց ինձնից «մարդ» դուրս չեկավ, երգիչ դուրս եկավ (ծիծաղում է):
-Ձեր համերգներին մեծ թվով հանդիսատես է ներկա լինում: Այդ հզոր էներգետիկային ինչպե՞ս եք «դիմագրավում», ո՞րն է Ձեր մեթոդը:
-Ես խաչակնքվում եմ, բայց ոչ միայն բեմ դուրս գալուց առաջ (բայց, առհասարակ, ես աշխարհիկ մարդ եմ՝ իմ թերություններով): Երբ դուրս եմ գալիս բեմ՝ չեմ մտածում ոչնչի մասին: Բեմը կախարդական տեղ է, ես կարող եմ համերգից ամիսներ առաջ հուզվել, համերգի օրը կարող է այդ հուզմունքը հասնել իր գագաթնակետին, բայց արդեն բեմի վրա ամեն ինչ հօդս է ցնդում: Իսկ էներգիան ինչքան շատ ստանամ, այնքան լավ, այնքան հաճելի է:
-Տասնյակ տարիներ է՝ բեմում եք, հանդիսատեսի հետ կապված մի ուշագրավ դեպք կհիշե՞ք:
-Տարիներ առաջ Եղեգնաձորում էի, մասնակցում էի եկեղեցու բացմանը: Մեկը մոտեցավ ինձ, ասաց. «Որպես եղեգնաձորցի՝ մի երկու բան ասա»: Ասացի, որ ես եղեգնաձորցի չեմ, ասաց. «Ինչո՞ւ ես հրաժարվում»: Դե, արի, մարդուն բացատրիր, որ ես երեւանցի եմ, Եղեգնաձորի հետ ընդհանրապես կապ չունեմ (ծիծաղում է): Դրանից հետո էլ մի աղջիկ ինձ մի նամակ էր ուղարկել, որտեղ գրել էր՝ դու եղեգնաձորցի ես, չգիտեմ` ում տղան ես, ես քո հորեղբոր աղջիկն եմ, դու քո ծնողների հետ գժտվել ես, բայց մենք ի՞նչ մեղավոր ենք, կարող ենք շփվել: Դե, արի ու ապացուցիր, որ ես եղեգնաձորցի չեմ (ծիծաղում է): Ի դեպ, Եղեգնաձորը միակ քաղաքը չէ, որ վերագրում են ինձ որպես հայրենի քաղաք:
-Թաթա՛, քաղաքականությամբ հետաքրքրվո՞ւմ եք:
-Ես քաղաքականությունից հեռու եմ, բայց քաղաքականությունն ինքն է գալիս ու իր մասին ինձ հիշեցնում: Ամեն դեպքում, ես ժողովրդի մի մասն եմ եւ իմ մաշկի վրա զգում եմ բոլոր փոփոխությունները, այն, ինչ տեղի է ունենում մեր երկրում:
-Հայաստանին սպառնացող ի՞նչ խնդիրներ են Ձեզ մտահոգում՝ արտագաղթ, աղքատություն…
-Դրանք այնպիսի բաներ են, որ ո՞ւմ չի մտահոգի: Ում որ չի մտահոգում, երեւի մեր երկրի մասին ո՛չ մտածում է, ո՛չ բան: Իմ ընկերների, ծանոթների, բարեկամների կեսը, եթե ոչ ավելին, գտնվում են օտար երկրներում, թողել-գնացել են այստեղից: Իրենք այն մի կաթիլ ջուրն էին, որ կաթում էին մեր ջրաղացին, հիմա, գուցե, Ամերիկայում, Ֆրանսիայում ալիքներ են դարձել: Իհարկե, հպարտ եմ դրա համար, բայց պետք է տեղական ռեսուրսներն էլ պահել, պահպանել: Ես չեմ էլ մեղադրում գնացողներին, եթե գնացել են, գնացել են ոչ լավ կյանքից: Երկար տարիներ նույն վիճակն է: Հույս ունենանք, որ լավ կլինի ամեն ինչ:
-Դուք էլ եք հնարավորություն ունեցել ապրել արտերկրում, բայց մնացել եք հայրենիքում…
-Ես շատ հանգիստ կարող էի լինել գնացողների թվում: Երեւի իմ ճակատագիրն է այսպիսին, իմ բնավորությունն է այսպիսին, որ մնացել եմ: Դեռ ինձ այստեղ լավ եմ զգում: Գուցե ես հայրենիքը լքելու համար ծանրակշիռ պատճառ չունեմ: Բայց կուզեմ վերադառնալու համար ծանրակշիռ պատճառն ունենան գնացողները: Ես դժվար տեսնեմ նման բան, գուցե մեր երեխեքը տեսնեն:
-Մի քիչ էլ անձնականից խոսենք: Գործի բերումով տնից շատ եք բացակայում: Տան անդամներն արդեն հաշտվե՞լ են այդ մտքի հետ: Ինչպե՞ս եք նրանց սիրտը շահում:
-Մարդիկ ո՞նց են գնում խոպան, այդպես էլ ես եմ գնում համերգների (ծիծաղում է):
-Ձեր կինը չի դժգոհո՞ւմ:
-Այնպիսի կին կա՞, որ չի բողոքում: Բողոքներ միշտ լինում են, ոչ մեկս էլ հարյուր տոկոսանոց չենք, բայց դրանք հարթվում-գնում են: Ամեն դեպքում, իմ աշխատանքի արդյունքը մեր ընտանիքի եկամտի միակ աղբյուրն է. ես բիզնեսներ չունեմ, չեմ էլ ունեցել:
-Եվ վերջում՝ Ձեր խոսքը՝ հավատարիմ երկրպագուներին:
-Ես շատ բարձր եմ գնահատում ազնիվ նվիրվածությունը, եւ ինչպես իմ հանդիսատեսն է նվիրված ինձ, այնպես էլ՝ ես իրեն: Առաջին իսկ առիթը պետք է օգտագործեմ՝ հանդիսատեսիս հետ հանդիպելու համար:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

«ՏԱՏԻՍ ՊԵՍ ՔԱՂՔԵՆԻ ԿՆՈՋ ԵՄ ՄԱՐՄՆԱՎՈՐՈՒՄ»

Դերասանուհի Նարինե Ոսկանյանը, ով հանրության լայն զանգվածներին ավելի հայտնի է Պաուզա Անո բեմական անվամբ, հանդես է գալու «Ազիզյաններ» սիթքոմի չորրորդ եթերաշրջանում: Նա «Ժողովուրդ» օրաթերթին պատմեց, որ մինչեւ «Սուպեր մամա 2» ֆիլմում նկարահանվելը շուրջ երեք տարի հումորային նախագծերում չէր ներկայացել:

«Սիթքոմը միշտ դիտել եմ եւ ծանոթ եմ սյուժեի զարգացումներին: Հիմա ես մարմնավորում եմ Մարիի ապագա սկեսրոջ կերպարը՝ գյումրեցի կնոջ: Ինձ այս կերպարում գրավեց այն, որ նա շատ նման է հորական տատիկիս: Նա էլ շատ հարուստ էր եւ քաղքենի, խիստ էր, ավանդապաշտ, չէր հավանում հարսներին եւ մշտապես ինտրիգներ էր սարքում»,-ծիծաղելով նշեց դերասանուհին:
Հարցին, թե սիթքոմի շրջանակում իմպրովիզներ անելու հնարավորություն տրվո՞ւմ է, մեր զրուցակիցը պատասխանեց. «Այնքան լավ են սցենարները գրում, որ դրա կարիքը չի զգացվում: Ամեն դեպքում, եթե լավ իմպրովիզ է լինում, քննարկում ենք»:
Դերասանուհուն դուր է գալիս աշխատելը նոր սերնդի ներկայացուցիչների հետ. «Մենք տարիքային տարբերությունը հաշվի չենք առնում, բոլորս կարծես մի ընտանիք լինենք, շփվում ենք ինչպես հավասարը հավասարի հետ, ինձ դուր է գալիս այս թիմը»,-ասաց նա:
Մենք հետաքրքրվեցինք՝ ըստ Նարինեի` 1990-ականների հետ համեմատած՝ հումորի որակը Հայաստանում բարձրացե՞լ է, թե՞ իջել. «Կարծում եմ՝ բարձրացել է, այդ աճը չնկատել հնարավոր չէ: 90-ականների հումորի մեջ ցինիզմ կար, հիմա այդ հումորն ավելի հավաք է ներկայացվում: Ես այն դերասանուհիներից չեմ, որոնք ասում են՝ այժմյան հումորի որակը լավը չէ: Ես այդպես չեմ կարծում: Հիմա այնքան տաղանդավոր երիտասարդներ կան… Մեզնից էլ տաղանդավոր»,-շեշտեց դերասանուհին:
Վերադառնալով սիթքոմին՝ նա խոստացավ, որ «Ազիզյանների» նոր եթերաշրջանը տարբերվելու է սյուժեի սրընթաց զարգացումներով. «Ի դեպ, սիթքոմում ավելացել են նոր կերպարներ, իսկ թե կհաջողվի իմ կերպարին բաժանել իր տղային Մարիից, թե ոչ, դիտեք, եւ կտեսնեք»,-եզրափակեց նա:

ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆ

 

 

ՄԵՍՍԻՆ ԱՆԿԵՂԾԱՑԵԼ Է
Կատալոնական «Բարսելոնա»-ի եւ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնության մասին: «Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստները պարտք ունեն իրենց առջեւ: Ոչինչ պարտական չենք երկրպագուներին, քանի որ միշտ արել ենք առավելագույնը: Արգենտինայի հավաքականը երեք անգամ եղել է եզրափակչում եւ չի հաղթել, քանի որ այդպես չի ցանկացել Աստված: Այս աշխարհի առաջնությունը վերջին հնարավորությունն է մեզ համար: Դրանից հետո մի շարք ֆուտբոլիստներ կհեռանան թիմից, շատ բան կփոխվի: Արգենտինան միշտ հաղթելու հավակնորդների թվում է, սակայն փաստն այն է, որ այժմ կան թիմեր, որոնք մեզնից լավն են»,- ասել է Մեսսին:

 

 

ԿԲԱՑՎԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
Կրասնոդարի Ֆելիցինի անվան պատմահնագիտական թանգարան-արգելոցում կբացվի մանրադիտակային քանդակների ու փորագրությունների վարպետ Էդուարդ Տեր-Ղազարյանի մասնավոր հավաքածուի ցուցահանդեսը` «Հրաշքների աշխարհ. միկրոմինիատյուրայի արվեստ»-ը խորագրով: Ցուցանմուշների ցանկում են ներառվել փղոսկրից, բրնձի հատիկից, ձկան թեփուկներից եւ այլ մանր բաղադրիչներից պատրաստված արվեստի գործեր:
Դրանց շարքում առանձնակի ուշադրության է արժանի «Աշխարհում ամենափոքր սաթ սրբապատկերը»: Հայտնի է, որ հայ միկրոնկարիչը համարվում է գեղարվեստի ոլորտում միկրոմինիատյուրայի ուղղության հիմնադիր հայրը: Նա պատրաստել է մոտ հազար արվեստի գործ, որոնք կարելի է ուսումնասիրել միայն խոշորացույցի օգնությամբ: Ի դեպ, նրա ամենափոքր աշխատանքներից 10-ը ներառվել են Գինեսի ռեկորդների գրքում:

 

 

ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ
Ռումինիայի Թարգու Ջիու քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունում ռինգ դուրս եկած Հայաստանի 4 ներկայացուցիչներից 2-ը հաղթանակ են տարել: Պարտություն են կրել 52 կգ քաշային Վահե Բադալյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը, իսկ 56 կգ քաշային Էրիկ Պետրոսյանն ու 75 կգ քաշային Համբարձում Հակոբյանը դուրս են եկել 1/8 եզրափակիչ:
Նշենք, որ հաջորդը ռինգ են դուրս գալու եւ քառորդ եզրափակչի համար պայքարեն 56 կգ քաշային Էրիկ Պետրոսյանը, 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանը, 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը, 75 կգ քաշային Համբարձում Հակոբյանն ու 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը:




Լրահոս