ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Գարեգին Նուշիկյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ տնտեսական ակտիվության ցուցանիշի աճն ու մյուս ոլորտներում առաջընթացն առաջին հերթին վարչապետ Կարեն Կարապետյանի եւ նրա թիմի վարած քաղաքականության արդյունքն են: Միեւնույն ժամանակ նա մեզ հետ զրույցում ընդգծեց, որ որպես քաղաքական գործիչ ավելի փորձառու է Սերժ Սարգսյանը, եւ ապրիլից հետո թերեւս հենց նա պետք է զբաղեցնի այդ պաշտոնը:
«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Գարեգին Նուշիկյանը:
-Պարո՛ն Նուշիկյան, օրեր առաջ ազգային վիճակագրական ծառայությունը տվյալներ է հրապարակել, ըստ որի` 2018 թվականի հունվար-փետրվար ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 8.6 տոկոս, ինչպես նաեւ զգալի աճ է եղել տարբեր ոլորտներում: Սա Դուք ինչի՞ հետեւանք եք համարում:
-Դա ես միանշանակ կապում եմ կառավարության վարած քաղաքականության հետ: Առաջին հերթին նա ներքին գործոնով է պայմանավորված, որովհետեւ ներդրումների զգալի աճ կա, շինարարության մեջ աճը պայմանավորված է հիմնականում հյուրանոցների շինարարության հետ: Անցյալ տարի, նախորդ տարվա համեմատ, տուրիստների աճ ունենք, այս տարի էլ է նախատեսվում աճ ունենալ: Եվ հիմնականում կառավարության վարած քաղաքականությունն է, որը խթանում է բիզնեսին, խթանում է ներդրումներին, հիմնականում դա է: Հարկային եւ մաքսային քաղաքականությունը լրիվ փոխվել է:
-Կառավարության վարած քաղաքականություն ասելով՝ նկատի ունեք վարչապետ Կարեն Կարապետյանի՞, թե՞ իշխող ՀՀԿ-ին առհասարակ: Ներկայիս վարչապետի գործոնն առկա՞ է:
-Դե, Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ի առաջին փոխնախագահն է: Կարեն Կարապետյանի գործոնը միանշանակ առկա է, եւ նրա կառավարության թիմը զգալի փոփոխություններ է կատարել: Թիմային աշխատանք է սա, միանձնյա մեկին չի կարելի վերագրել, բայց եթե հարցն այդպես է դրվում, ապա նրա ֆակտորն էլ բավականին նշանակություն ունի:
-Վերջին շրջանում ամենաքննարկվող թեման ապրիլին վարչապետի ընտրության հարցն է: Նման արդյունքների պարագայում, երբ Դուք էլ նշեցիք Կարեն Կարապետյանի գործոնի մասին, ապա նա պե՞տք է շարունակի իր պաշտոնավարումը, թե՞ ամեն դեպքում Սերժ Սարգսյանն ավելի ընդունելի թեկնածու է Ձեզ համար:
-Գիտեք՝ ես չէի ցանկանա համեմատություն անցկացնել Կարեն Կարապետյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ: Ամեն մեկն իր տեղն ունի: Հիմա կարող են երկուսն էլ մնալ ու աշխատել, ի՞նչ խնդիր կա այդտեղ: Թող երկուսն էլ մնան ու աշխատեն: Կարեն Կարապետյանը տնտեսության ոլորտը կանոնակարգի, Սերժ Սարգսյանն էլ` անվտանգության եւ արտաքին հարաբերությունները:
-Այսինքն՝ այդ ոլորտներում ավելի փորձառու եք համարում Սերժ Սարգսյանի՞ն:
-Դա կարծում եմ, որ ոչ մեկի համար գաղտնիք չէ: Եվ վերջին հաշվով կուսակցությունում կորոշեն՝ ոնց է ավելի նպատակահարմար, եւ ոնց է ավելի երկրի համար ճիշտ: Ես համոզված եմ, որ կանեն ճիշտ որոշում, թե ով որտեղ պետք է լինի:
-Անարդա՞ր չէ, որ այս հաջողություններից հետո Կարեն Կարապետյանը զիջի իր տեղը:
-Հիմա վարչապետի կարգավիճակը, վարչապետի տեղը լրիվ ուրիշ է, ապրիլից հետո լրիվ ուրիշ է լինելու: Այդպես չի կարելի ասել, որ արդար կամ անարդար է, որ ինքն իր տեղում չլինի: Ինքը էլի կարող է իր տեղում լինել, ուղղակի դերաբաշխում կանեն, ինձ թվում է, իրար մեջ, որպեսզի ավելի արդյունավետ երկիրն առաջ տանեն: Կարծում եմ՝ ավելի լայն լիազորությունները պետք է տրվեն Սերժ Սարգսյանին: Նա ակունքներում կանգնած անձնավորություն է. սկզբից մինչեւ այսօր ինքն այս թեմաների մեջ է: Կարեն Կարապետյանն ավելի շատ տնտեսական բլոկի գիտակ է, միգուցե արտաքինում էլ ուժեղ լինի, չեմ կարող ասել, բայց այն, ինչ տեսել եմ, դա եմ ասում: Ինքն ավելի տնտեսության մեջ է ուժեղ: Իսկ Սերժ Սարգսյանն ավելի քաղաքական գործիչ է, քան Կարեն Կարապետյանը:
-Սերժ Սարգսյանը կարեւորել է նաեւ սերնդափոխության խնդիրը: ՀՀԿ-ում այլ թեկնածու չեք տեսնո՞ւմ:
-Համենայնդեպս ես ավելի երիտասարդ, շատ երիտասարդ, որ կարող է իր վրա վերցնել այդ պատասխանատվությունը, այս պահի դրությամբ չեմ տեսնում: Ժամանակի ընթացքում բնական է, որ պետք է սերնդափոխություն լինի: Ոչ ոք հավերժ չէ, պետք է սերնդափոխություն լինի, եւ ավելի երիտասարդները գան: Բայց չեմ կարծում, որ այսօր մենք դրան պատրաստ ենք:
Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
ՀՆԱՐԱՎՈՐ Է` ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵ՞Ր ՓԱԿՎԵՆ
Վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ` մարտի 27-ին միջգերատեսչական աշխատանքային խումբ է ստեղծվել, որը պետք է բացահայտի մետաղական հանքաքար արդյունահանող կազմակերպությունների իրական սեփականատերերին:
Պարզվում է` այս քայլին իշխանությունները գնացել են, որովհետեւ Հայաստանը միացել է միջազգային կառույցի` արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը: Ի դեպ, ԱՃԹՆ-ին անդամակցում է 51 երկիր: Այս կառույցը ներդրումներ է կատարում այն երկրներում, որոնք կատարում են ստանձնած պարտավորությունները, մասնավորապես ներկայացնում են հանքարդյունաբերությամբ զբաղվող կազմակերպությունների իրական սեփականատերերին: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տնտեսագետ Վահագն Խաչատրյանն այս առնչությամբ շեշտեց, որ մեր պետությունը պարզապես պարտավոր է ներկայացնել հանքարդյունաբերական կազմակերպություններին վերաբերող տվյալներ, հակառակ պարագայում Հայաստանը կզրկվի այն ներդրումներից, որ այս կառույցը կարող է կատարել: Տնտեսագետը բերեց Ադրբեջանի օրինակը. այս պետությունն անդամակցում է կառույցին, սակայն դա այս պահին առկախված է: «Այնտեղ ժողովրդավարական ինստիտուտների, քաղաքացիական սեկտորի, օբյեկտիվության խնդիրներ են առաջացել»,-շեշտեց Խաչատրյանը: Հարցին` այս ամբողջ գործընթացի արդյունքում հնարավո՞ր է` մեր երկրում հանքարդյունաբերական որոշ կազմակերպություններ փակվեն, տնտեսագետն ասաց. «Իհարկե: Օրինակ` Թեղուտի հանքավայրի առնչությամբ կարող եմ ասել, որ եթե 5 տարի առաջ այս նախաձեռնության հետ համագործակցությունը լիներ, այս վիճակը չէր լինի: Թեղուտի խնդիրը, որի մասին հրապարակային չեն ասում, հնարավոր չէր լինի ծածկել, եթե այն ժամանակ պարտավորություն լիներ այդ կառույցին տվյալներ տրամադրել: Եվ պատահական չի, որ նույն Թեղուտը, երբ փորձում է արտերկրից այլ միջոցներ ձեռք բերել, այդ կազմակերպության շրջանակում իրեն հարցեր են տալիս»: Խաչատրյանը շեշտեց նաեւ, որ հանքարդյունաբերությունից ոչ միայն շահույթ պետք է լինի, այլ նաեւ սոցիալական, բնապահպանական պատասխանատվություն: Ինչեւէ, կարճ ժամանակ անց պարզ կլինի, թե արդյո՞ք քաղաքական կամք կդրսեւորվի, եւ իսկապե՞ս այս ոլորտի խնդիրները բացեիբաց կներկայացվեն:
ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ԱՍՈՒՄ ԵՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է
ՀՀ չորրորդ նախագահի պաշտոնում ընտրված Արմեն Սարգսյանը տեւական ժամանակ է՝ իրադարձությունների կիզակետում չէ, բայց պարզվում է՝ այս օրերին գտնվում է Հայաստանում: Նրա գրասենյակի պատասխանատու Հասմիկ Պետրոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե Արմեն Սարգսյանն այս օրերին զբաղված է ապրիլի 9-ին կայանալիք երդմանակալության արարողության նախապատրաստական աշխատանքներով, իսկ մինչ այդ էլ եղել է Նյու Յորքում, որտեղ ընդունելության է մասնակցել: Հիշեցնենք, որ 4-րդ նախագահի երդմանակալության արարողությունը տեղի է ունենալու մարտի 9-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ Ազգային ժողովի հատուկ նիստում:
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏՎԵՑ
Ֆինանսների նախարարությունը պարտվել է «Եվրոֆուտբոլ» բուքմեյքերական ընկերությանը: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ««Եվրոֆուտբոլ» բուքմեյքերական ընկերություն» ՍՊԸ-ն դիմել էր ՀՀ վարչական դատարան` պահանջելով պարտադրել ՀՀ ֆինանսների նախարարությանը անվավեր ճանաչել մայիսի 30-ին կայացրած որոշումը իրենց 1.2 մլն դրամ տուգանելու մասին: Դատական քաքշուկից հետո` 2018 թվականի փետրվարին, ՀՀ վարչական դատարանի դատավոր Մերի Համբարձումյանը հրապարակել է վճիռը, ըստ որի` ««Եվրոֆուտբոլ» բուքմեյքերական ընկերություն» ՍՊԸ-ի հայցը բավարարվել է՝ անվավեր է ճանաչվել ՀՀ ֆինանսների նախարարի` ««Եվրոֆուտբոլ բուքմեյքերական ընկերություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ որպես պատասխանատվության միջոց տուգանք կիրառելու մասին հրամանը:
«ՊՈՉ ՉԻ ԵՂԵԼ»
Մարտի 21-ից ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանն ընկերների հետ Ազատության հրապարակում նստացույց է անում` ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության: Նրա խոսքերով` այս օրերին տուն գնալու ճանապարհին ոստիկաններն «ուղեկցել են» հետեւելով: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Ավետիսյանն ասաց, թե նախորդ օրը զարմանալիորեն ոստիկաններն իր ետեւից չեն եկել: «Կոպիտ ասած` պոչ չկար, էլի: Բայց դա ինչ-որ բան է նշանակում ինձ համար: Մինչեւ այդ ամեն օր ետեւիցս գալիս էին Էջմիածին` մինչեւ մեր տան մոտ: Ու բացահայտ ցույց էին տալիս, որ ինձ հետեւում են»: Ազատամարտիկը հայտնեց նաեւ, որ օրեր առաջ ոստիկանների կողմից բռնի ուժով տուն տեղափոխված նստացույցի մասնակից Արթուրը կրկին միացել է իրենց: «Ընդհանուր ակտիվություն կա, քանի որ Հայաստանի ժողովուրդը քաղաքականացված է, եւ բոլորը գիտեն, թե 25 տարի ինչ է կատարվում երկրում: Իսկ հիմա սպասում են` մի լույս տեսնեն, եւ ես համոզված եմ, որ բոլորն իջնելու են եւ այս հարցերը լուծեն»,- ասաց նա: