ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԵԳԵՐՈՒՄՆԵՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանի պաշտոնավարման այս տասը տարիներին Հայաստանի արտաքին քաղաքականությունն ընթացել է վայրիվերումներով:

2008 թվականին, երբ Սերժ Սարգսյանը զբաղեցրեց նախագահի պաշտոնը /հիշում եք՝ ընտրակեղծիքներով, մարտի 1-ի սպանդի արդյունքում/, միջազգային հանրության մոտ հույսեր կային, թե նա կլուծի Ղարաբաղյան խնդիրը, ինչպես նաեւ կկարգավորի հայ-թուրքական հարաբերությունները: Մինչ այդ նա հոգացել էր միջազգային հանրության մոտ, ուժային կենտրոններում թողնել խաղաղարարի, խնդիրները լուծելու պատրաստակամություն ունեցողի տպավորություն: Դրա համար նրան ներվեց մարտի 1-ի գնով իշխանության ղեկին հայտնվելու փաստը: Սարգսյանն այս խաղաթուղթն օգտագործեց, սակայն ժամանակը ցույց տվեց, որ նա, այսպես ասած, «քաշեց» նույն այդ միջազգային հանրությանը:
Նախ հայ-թուրքական ձախողված ֆուտբոլային դիվանագիտության մասին: 2009 թվականի հոկտեմբերի 11-ին Ցյուրիխում ստորագրվեցին հայ-թուրքական արձանագրությունները: Սարգսյանն իր վարած ֆուտբոլային դիվանագիտությամբ հույս ուներ կարգավորելու այդ հարաբերությունները, սակայն նա չուզեց հաշվի առնել ամենաէական փաստը. առանց ԼՂ խնդրի լուծման Թուրքիան երբեք ՀՀ-ի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ քայլ չի անի, որքան էլ պնդեն, թե բանակցում են առանց նախապայմանների: Եւ ժամանակը ցույց տվեց, որ ֆուտբոլային դիվանագիտությունն անիմաստ էր: Թուրքիան համաձայնեց գնալ այս քայլին միայն ձեւականորեն: Վառ ապացույցն այն էր, որ ստորագրումից գրեթե տասը տարի անց` այս տարվա մարտի 1-ին, Սերժ Սարգսյանը հրավիրած ազգային անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց այդ արձանագրությունները չեղարկելու մասին, քանի որ Թուրքիայի կողմից այդպես էլ պայմանավորվածությունները չկատարվեցին: Այսպիսով` Սարգսյանի հաշվարկները ճիշտ դուրս չեկան, պարզապես որոշ ժամանակով նրա շուրջ դրական շղարշ ստեղծվեց: Եվ պարզ դարձավ, որ այս նախաձեռնությունն էլ ձախողվեց: Այս քաղաքականության արդյունքում ստացվեց, որ մեր երկիրն իրականում Թուրքիայի առջեւ խնդրողի, այլ ոչ թե պահանջողի ու պահանջատերի կարգավիճակում հանդես եկավ: Հետագայում Ցեղասպանության 100-ամյակի շրջանակներում Սերժ Սարգսյանը փորձեց հանդես գալ պահանջատիրող կարգավիճակում, բայց այլեւս անիմաստ:
Ղարաբաղյան խնդրում եւս Սերժ Սարգսյանի նախագահության տասը տարիներն առանձնապես չփայլեցին հայկական կողմի ձեռքբերումներով: Ընդհակառակը, 2008թ. սկսած Սարգսյանը շարունակեց նախորդի` Ռոբերտ Քոչարյանի քաղաքականությունը` շարժվելով ստատուս քվոն հնարավորինս երկարաձգելու փիլիսոփայությամբ, արմատավորելով «ոչ մի թիզ հող» գաղափարը` մյուս կողմից, այնուամենայնիվ, բանակցելով փոխզիջումների շուրջ: Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում ադրբեջանական կողմին հաջողվեց միջազգային տարբեր փաստաթղթերում ամրագրել ոչ հայանպաստ դրույթներ: Բացի այդ` մշտապես ՀՀ-ի ու Ադրբեջանի միջեւ հավասարության նշան դնելով` միջազգային հանրությունն ըստ էության նույնացնում էր կողմերին. փաստ, որը այնքան էլ արդար չէր:
Իսկ 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմը եկավ ապացուցելու, որ ճշմարիտ էր թեզը, որ փոխզիջման այլընտրանքը պատերազմն է, եւ որ ստատուս քվոյի պահպանման քաղաքականությունը չի կարող երկար շարունակվել: Պարզապես, որպեսզի իշխանությունները համոզվեին այս ամենում, թանկ գին վճարեցինք՝ հարյուրից ավելի զոհեր եւ կորցված 800 հեկտար տարածք:
Դրանից հետո, իհարկե, Սերժ Սարգսյանը կտրուկ փոխեց Ղարաբաղյան խնդրում հայկական կողմի փիլիսոփայությունն ու մոտեցումները. նա հիմա բացահայտ խոսում է խնդրի լուծման անհրաժեշտության մասին, խոսում փոխզիջումներից, դրանց «ցավալի լինելուց», բայց եւ շեշտելով, որ Ադրբեջանն է իր պահվածքով տորպեդահարում գործընթացը: Սխալված չենք լինի, եթե ասենք, որ վերջին երկու տարիների ընթացքում բանակցային գործընթացում հայկական կողմի դիրքերը էապես բարելավվեցին: Ու հիմա Ադրբեջանն է միջազգային հանրության քննադատության թիրախում. ասվածի ապացույցն ամիսներ առաջ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, համանախագահ երկրների՝ Բաքվին ուղղված հասցեական քննադատություններն էին հրադադարի ռեժիմի խախտման համար:
Սերժ Սարգսյանը 4-5 տարի բանակցում էր Եվրամիության գործընկերների հետ` ԵՄ անդամ դառնալու հույսով: Սակայն ինչպես հիշում ենք` շատ հանկարծակի նա 2013թ. սեպտեմբերին հայտարարեց Մաքսային միությանը միանալու որոշման մասին, իսկ 2014 թվականի հոկտեմբերի 10-ին Սարգսյանը Մինսկում ստորագրեց ԵՏՄ անդամակցության պայմանագիրը: Մի գիշերում ընդունված որոշումը շատերի կողմից ընդունվեց ոչ միանշանակ: Թեեւ ավելի ուշ Սարգսյանը պնդում էր, թե որոշումը մի գիշերում չի ընդունվել, որ այդ կարծիքն իր համար ծիծաղելի է: Իսկ ընդդիմադիրներից եւ հանրությունից ոչ պակաս զարմացած ՀՀԿ-ականները փորձում էին արդարացնել որոշումը` վկայակոչելով անվտանգության խնդիրը, հետո արդեն ԵՏՄ 180 միլիոնանոց շուկան եւ այլն: Ս. Սարգսյանի այդ որոշումից հետո ԵՄ պաշտոնյաները պնդում էին՝ Հայաստանն անվստահելի գործընկեր է եւ այլն: ԵՏՄ անդամ դառնալուց միայն 4 տարի անց Սարգսյանը կարծես թե փորձեց սրբագրել սխալները եւ 2017 թվականի նոյեմբերի 24-ին ստորագրեց ԵՄ-ի հետ համագործակցության համաձայնագիրը:
Իհարկե, այլ իշխանության դեպքում հնարավոր էր ժամանակին երկու կողմերի հետ էլ բանակցել, իսկ Սարգսյանին այդ չհաջողվեց: Եվ ԵՄ-ին անդամակցությունը կոտրված բաժակը մի կերպ հավաքելու նման մի բան էր: Սակայն իշխանությունը դեռ շատ քայլեր պետք է իրականացնի, որպեսզի ԵՄ համաձայնագրում առկա դրույթները լիարժեք սկսեն գործել:

ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 

ՄԵՐԿԵԼԻՆ ՀԻՇԵԼՈՎ
Իշխող ՀՀԿ-ի ներկայացուցիչները սովոր են ինչ-որ բան անելուց առաջ կամ հետո որպես օրինակ մատնանշել եվրոպական երկրների փորձը: Նույնը նաեւ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երրորդ ժամկետին է վերաբերում: Երեկ էլ, երբ լրագրողները ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանից հետաքրքրվում էին Սերժ Սարգսյանի վարչապետության մասին, նախարարը որպես օրինակ մատնանշեց Գերմանիան՝ հայտարարելով, թե Անգելա Մերկելը չորս անգամ է կանցլեր ընտրվել: Իհարկե, նման հայտարարություններ անելուց առաջ լավ կլիներ, եթե ՀՀԿ-ականները ծանոթ լինեին այդ երկրի օրենքներին. ի վերջո, Հայաստանի եւ Գերմանիայի սահմանադրությունները տարբեր են, եւ այնտեղ օրենքներ չեն փոխում իշխող ուժի վերարտադրության համար:

 

 

ՓՈԽՈՒՄ ԵՆ ՕՐԸ
Ինչպես հայտնի է` Երեւանի օրը նշվում է հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը, այս տարի` հոկտեմբերի 13-ին: Բայց «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը որոշել է փոխել մայրաքաղաքի օրը: Ավելին` նա այսօր այդ մասին որոշման նախագիծ է ներկայացնելու կառավարության նիստում, իսկ գործադիրն էլ հավանության կարժանացնի հարցը: Քաղաքապետն օրը փոխելու նախաձեռնությունը պայմանավորել է նոյեմբերին ՀՀ-ում կայանալիք Ֆրանկոֆոն պետությունների եւ կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովով: Ու հիմա ցանկանում են Երեւանի օրը նշել ոչ թե հոկտեմբերի 13-ին, այլ սեպտեմբերի 29-ին եւ 30-ին: Բացի այս` քաղաքապետարանն առաջարկում է կառավարությանը Երեւանի օրվան նվիրված միջոցառումներն իրականացնել ոչ թե մեկ օր, այլ երկու օր: Քանի որ այս տարի մեծ շուքով նշվելու է Երեւանի հիմնադրման հոբելյանական 2800-ամյակը: Ու դժվար չէ ենթադրել, թե պարոն Տարոն Մարգարյանի ղեկավարած հիմնարկն այդ երկու օրերի ընթացքում որքան գումարներ է ատկատի ճանապարհով գրպանելու. չէ՞ որ նման միջոցառումներն ատկատի հիանալի հնարավորություն են, հատկապես, երբ մեծ շուքով են նշվելու:

 

 

ԴՐԱՄԱՇՆՈՐՀ` ՊԵԿ-ԻՆ
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ կառավարության եւ Զարգացման ֆրանսիական գործակալության միջեւ նախատեսվում է ստորագրել 500 հազար եվրո գումարի չափով դրամաշնորհային համաձայնագիր: Նշենք, որ սա նախատեսվում է ստորագրել դեռեւս 2016 թվականի նոյեմբերի 30-ին ստորագրված ՀՀ կառավարության եւ Զարգացման ֆրանսիական գործակալության միջեւ 40 մլն եվրո գումարի չափով բյուջետային աջակցության վարկային համաձայնագրի շրջանակներում: Համաձայնագրով նախատեսվում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեին տրամադրել 500 հազար եվրոն չգերազանցող գումարի չափով դրամաշնորհ: Դրամաշնորհը բաղկացած է հետեւյալ մասերից` կարճաժամկետ եւ երկարաժամկետ տեխնիկական աջակցություն` միասնական հարկային օրենսգրքի կիրարկում եւ TADAT-ի եզրահանգումների բավարարում:

 

 

ԱՐՔԱՅԱԶՆ ՉԱՐԼԶԸ ՉԿԱ
Հայաստանի 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությանն օտարերկրյա պետությունների ղեկավարներ եւ պաշտոնական պատվիրակություններ չեն հրավիրվել: Ա. Սարգսյանի գրասենյակի պատասխանատու Հասմիկ Պետրոսյանի տեղեկացմամբ` օտարերկրյա հյուրեր կլինեն, թե ովքեր, առայժմ չեն կարող հրապարակել, սակայն Մեծ Բրիտանիայի Թագավորության արքայազն Չարլզը հրավիրյալների ցանկում չկա:

 

 

ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԻ
ՀՀ պաշտպանության փոխնախարար, պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանի խոսքով` Հայաստանը կշարունակի զենք գնել Ռուսաստանից` անկախ ամերիկյան պատժամիջոցներից: Ըստ նրա` հանրապետությունը առաջնորդվում է իր սեփական շահերով ու շարունակելու է համագործակցությունն անկախ պատժամիջոցների սպառնալիքից: «Իհարկե, պատժամիջոցները խնդիր են, բայց մեր առջեւ անվտանգությունն ապահովելու խնդիր է կանգնած, եւ մենք առաջնորդվելու ենք մեր շահերից: Հայաստանը կշարունակի սպառազինություն գնել Ռուսաստանից»,-ասել է նա:

 

 

ՄԵՂԱԴՐԱՆՔ
ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ-ում պաշտոնատար անձանց կողմից կատարված կոռուպցիոն հանցագործությունների, այդ թվում` առանձապես խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառք տալու եւ դատապարտյալների օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու վերաբերյալ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ, այսպես կոչված, «զոն նայող» Արկադի Պապյանը պարբերաբար տարբեր չափերի կաշառք է տվել ՔԿՀ-ի պաշտոնատար անձանց: «Վանաձոր» ՔԿՀ-ի պետ Գ. Մկրտչյանի հովանավորչությունն ու թողտվությունը ստանալու համար Արկադի Պապյանն ու նույն հիմնարկում պատիժը կրող մեկ այլ դատապարտյալ Գ. Մկրտչյանի հետ պայմանավորվածություն են ձեռք բերել յուրաքանչյուր ամիս վերջինիս որպես կաշառք տալ 250.000-300.000 ՀՀ դրամ: Կաշառքի դիմաց նրանց տրվել են տարբեր արտոնություններ: Բացի այդ` Ա. Պապյանը տարբեր չափերի կաշառք է տվել նաեւ «Վանաձոր» ՔԿՀ-ի պետի տեղակալին եւ ՔԿՀ-ի օպերատիվ բաժնի պետին` իր օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու համար: Արկադի Պապյանին մեղադրանքներ են առաջադրվել. այժմ գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:




Լրահոս