ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԵՎԵՑ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԽՈՐՀՐԴԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՅԴ-ում հավաստիացնում են, թե ներկուսակցական որեւէ խնդիր առկա չէ, եւ Գերագույն մարմնի կազմի ռադիկալ փոփոխությունը կապված է միայն կազմը երիտասարդացնելու ցանկությամբ: Ինչպես հայտնի է՝ մարտի 23-25-ը տեղի ունեցած Գերագույն ժողովի ժամանակ նոր կազմ է ընտրվել, որի 9 հոգանոց անդամներից 6-ը նոր անդամներ են եղել: Ընդ որում, հետաքրքիրն այն է, որ ԳՄ նոր կազմում չեն ընգրկվել ո՛չ գործադիր, ո՛չ էլ օրենսդիր մարմիններում գործունեություն ծավալող ՀՅԴ ներկայացուցիչները, ովքեր նախորդ ԳՄ կազմերում եղել են: Խոսքը կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի, բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի, տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանի եւ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի մասին է, ով նաեւ ԳՄ ներկայացուցիչն էր, եւ ում փոխարինել է Արսեն Համբարձումյանը:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Աղվան Վարդանյանը նշել էր, թե այս փոփոխությունները կապված են միայն սերնդափոխության ցանկությամբ:
Մամուլում քննարկվող տարբեր տեղեկությունների համաձայն` Աղվան Վարդանյանը, ով այլեւս ԳՄ ներկայացուցիչը չէ, տեղ է գրավելու ապրիլի 17-ից հետո ձեւավորվելիք նոր կառավարության կազմում: Մասնավորապես նրան է տրվելու մշակույթի նախարարի պորտֆելը, իսկ նրա փոխարեն էլ պատգամավորական մանդատ կստանա Սպարտակ Սեյրանյանը, ով նախկինում զբաղեցնում էր կրթության եւ գիտության նախարարի պաշտոնը: Ստացվում է՝ ԳՄ նոր կազմում չեն ընդգրկվել արդեն իսկ պաշտոն զբաղեցնող դաշնակցականները:
Երեկ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նոր ընտրված ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը հայտարարել է, թե իրենց կողմից արված այս փոփոխություններն ամենեւին էլ կապված չեն հնարավոր պաշտոնների հետ՝ կրկնելով Աղվան Վարդանյանի խոսքերը: «Ծանոթ եմ նման հրապարակումներին, պետք է ասեմ, որ շատ հեշտությամբ եք մարդկանց պաշտոնների նշանակում եւ ազատում: Նրանք ԳՄ անդամներ ընտրվելու համար թեկնածու առաջադրված չեն եղել, ես նշեցի, որ նրանք օրենսդիր եւ գործադիր մարմիններում են ներառված, եւ չի ստացվում կուսակցական աշխատանքները լիարժեք կատարել: Որոշվել է, որ այս ժամանակահատվածի համար կուսակցական աշխատանքների նման վերաբաժանում պետք է լինի»,- նշել է Համբարձումյանը, իսկ հարցին՝ նախորդ ԳՄ-ի աշխատանքից դժգո՞հ են եղել, Համբարձումյանը հայտարարեց. «Նախորդ ԳՄ-ի աշխատանքը դրական է գնահատվել»:
Հետաքրքիր է, որ Դաշնակցությունում երիտասարդանալու մասին որոշումը համընկել է Սերժ Սարգսյանի՝ երիտասարդ լիդերների պատրաստելու հայտարարության հետ: Իշխող ուժի կոալիցիոն գործընկերը որոշեց ազատվել իր «ծերակույտից» հենց Սարգսյանի հայտարարությունից հետո: Եվ 9 հոգուց բաղկացած ԳՄ-ի 6 անդամի երիտասարդական թեւից լինելն ամենեւին էլ չի կարող պատահական լինել: Ինչու միայն հիմա Դաշնակցությունը որոշեց երիտասարդանալ: Սակայն դաշնակցականներն այս որոշումը կրկին չեն կապում կոալիցիոն գործընկերոջ հետ՝ հայտարարելով, թե իրենք կաշկանդված չեն այս կամ այն որոշումների հարցում:
«Կոալիցիոն գործընկեր լինել չի նշանակում, որ մեր քայլերն ու գործողությունները պայմանավորված են ՀՀԿ-ի անելիքներով: ՀՅԴ-ի ԳՄ-ն միշտ ենթարկվել է փոփոխությունների: Այս դեպքում փոփոխություններն ավելի զգալի են, տեսանելի են, բայց սա ՀՅԴ-ի մեջ միշտ եղել է: ՀՅԴ-ն ունի շուրջ 128-ամյա պատմություն եւ վստահեցնում եմ, որ ցանկացած երիտասարդ ՀՅԴ-ի դպրոցն անցնելիս այնքան գիտելիք ու փորձ ձեռք բերելու առիթ է ունենում, որ միանգամայն բավարար է պետական աշխատանքներ իրականացնելու համար: Այս առումով շատերը ՀՅԴ-ից օրինակ վերցնելու առիթ պետք է ունենան», – նշել է նա` թերեւս նաեւ ակնարկելով, թե իրենք Սերժ Սարգսյանի դպրոցի կարիքը չունեն:
ՀՅԴ նոր Գերագույն մարմնի անդամները սակայն չեն շտապում Սերժ Սարգսյանին անփոխարինելի համարել: Նրանք երեկ հայտարարել են, թե քաղաքական զարգացումները երբեք անձերով չեն պայմանավորել: «Կեղծ քաղաքական օրակարգ է վարչապետի թեկնածուի արծարծումը, քանի որ այն վերապահված է քաղաքական մեծամասնությանը, եւ որպես կոալիցիայի կողմ՝ մենք հարգանքով կվերաբերվենք քաղաքական գործընկերոջ կողմից կայացված որոշմանը», – նշել է նա, սակայն ընդգծել` եթե Սերժ Սարգսյան քաղաքական գործչի հանդեպ չունենային դրական մոտեցում, ամենայն հավանականությամբ, կոալիցիային մաս չէին կազմի:
Հետաքրքիր է, որ այս ընթացքում Դաշնակցության անդամներից միայն բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն է բացահայտ հայտարարել, որ հենց Սերժ Սարգսյանին է տեսնում վարչապետի պաշտոնում: Մասնավորապես «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նա նշել էր. «Ես կարծում եմ՝ հիմա կոռեկտ չէ այդ հարցին պատասխանել, քանի դեռ ՀՀԿ-ն չի ներկայացրել իր թեկնածուին: Բայց եթե ինձ հարցնում եք որպես անձ, կառավարիչ, ապա որպես վարչապետի թեկնածու, իհարկե՛: Եթե Սերժ Սարգսյանը կարող է երկրի նախագահի այդ ծանր բեռը տանել, վարչապետությունն ինչ է, որ չտանի»:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ՎԱՐՈՐԴՆԵՐԸ ԳՈՐԾԱԴՈՒԼ ԷԻՆ ԱՆՈՒՄ, ԻՍԿ ՔԱՂԱՔԱՊԵՏՆ ԱՆՏԵՂՅԱԿ ԷՐ

Երեկ Արմավիր-Երեւան երթուղու վարորդները օրվա մեծ մասը չեն աշխատել: Նրանք գործադուլ են արել: Ըստ վարորդների` պատճառն այն է, որ գծատերերը բարձրացրել են «օրվա պլանի» չափը: Բանն այն է, որ նախկինում նրանք աշխատանքային օրվա ավարտին երթուղին շահագործողին վճարել են 15 հազար դրամ: Իսկ հիմա գծատերը պահանջում է վճարել ավելի քան 20 հազար դրամ: Բայց վարորդների պնդմամբ` նրանք պարզապես չեն կարող պահանջված գումարը վճարել, որովհետեւ մեքենաները լիցքավորելու գազի գինն է թանկացել, ուղեւորահոսքն է նվազել: Ինչն էլ իր հերթին ազդել է նրանց աշխատավարձի չափի վրա:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վարորդների իրականացրած գործադուլի պատճառով երեկ առավոտյան Արմավիր քաղաքի մի շարք քաղաքացիներ ստիպված են եղել դեպի Երեւան աշխատանքի, դասի գնալ ու հետ վերադառնալ տաքսիներով: Նկատենք, որ վերջին ամիսներին ավտոբուսների, միկրոավտոբուսների վարորդները հաճախակի են բողոքի ակցիաներ անում, բայց, փաստորեն, ապարդյուն:
Արմավիր-Երեւան երթուղին շահագործում է «Գալակտիկա Տրանս սերվիս» ընկերությունը: Ըստ ՀՀ պետական ռեգիստրի` ընկերության հիմնադիրն է Մուշեղ Խաչատրյանը, ում մասնակցությունը դադարեցված է: Իսկ ընկերության նկատմամբ կիրառված են սահմանափակումներ: Հավանաբար ընկերությունը խնդիրներ ունի: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Գալակտիկա տրանս սերվիս» ընկերության տնօրեն Շուշանիկ Խաչատրյանի նկատմամբ մի քանի անգամ նշանակվել են վարչական տուգանքներ: Բանն այն է, որ ընկերության կողմից սպասարկվող թիվ 207 Երեւան-Արմավիր միջմարզային երթուղում խախտվել են չվացուցակով հաստատված միկրոավտոբուսների մեկնման ժամերը, ինչի համար տնօրենը տուգանվել է 60 հազար դրամով:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց զրուցել Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի հետ: Սակայն վերջինս հրաժարվեց խոսել` նշելով, որ ոչնչից տեղյակ չէ. «Ես տեղյակ չեմ, չեմ կարող խոսել հեռախոսով: Ինձ խանգարում եք»: Նկատենք, որ Ռուբեն Խլղաթյանը մշտապես անտեղյակ է իր ղեկավարած քաղաքում տեղի ունեցող իրադարձություններից: Նա, ինչպես միշտ, ուխտի ականջում քնած է:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

ՉԻ ԳՈՐԾՈՒՄ
Տավուշի մարզի բնակիչները թվային հեռարձակմամբ կարող են դիտել ընդամենը 9 հեռուստաալիք: Դրանցից մեկը` Տավուշի մարզային «Տավուշի ՏՎ»-ն, շուրջ մեկ ամիս է, ինչ դադարեցրել է հեռարձակումը: Այդ հեռուստաընկերությունը նախկինում Տավուշի մարզի իրադարձությունների վերաբերյալ նորություններ եւ այլ հաղորդումներ չէր թողարկում, այլ վերահեռարձում էր ՀՀԿ-ի «Արարատ» հեռուստաընկերության հաղորդումները: Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` 2017թ. հունվարի 10-ի վճռով «Տավուշ-ՏՎ» ՍՊԸ-ն ճանաչվել է սնանկ, նույն դատարանի 2017թ. փետրվարի 13-ի որոշմամբ սնանկության կառավարիչ է նշանակվել Գեւորգ Ավագյանը, պարտատերերի առաջին ժողովը նշանակվել էր 2017թ. մայիսի 3-ին:
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` 2017թ. հուլիսի 27-ի որոշմամբ «Տավուշ-ՏՎ» ՍՊԸ-ն գտնվում էր լուծարման վարույթում: Ընկերության սնանկության կառավարիչ Գեւորգ Ավագյանը «Ժողովուրդ»-ին ասաց, որ 2017թ. դեկտեմբերից լուծարման վարույթը վերսկսվել է: Նա հայտնեց, որ «Տավուշ- ՏՎ»-ի պարտատերերը 3-ն են` հարկային տեսչությունը, ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը եւ Հայաստանի հեռուստատեսային ցանցերը: Գ. Ավագյանն ասաց, որ 2018թ. հաղորդումների հեռարձակում իրականացնելու համար «Հայաստանի հեռուստատեսային ցանցեր» ընկերությունը «Տավուշ-ՏՎ» ՍՊԸ-ից պահանջում է 4 միլիոն դրամ:
ՀՀՑ-ն այդ ծառայավճարը պահանջում է մաս-մաս, ամեն ամիս, սակայն «Տավուշ-ՏՎ» ՍՊԸ-ն ի վիճակի չէ այն վճարելու: Գ. Ավագյանի խոսքերով` եթե ներդրողներ, հովանավորներ գտնվեն, հնարավոր է` ֆինանսապես առողջացնել ընկերությունը: Հարցին, թե ով է մարզային հեռուստաընկերության սեփականատերը, Գ. Ավագյանը հայտնեց, որ Տավուշի մարզի բնակիչ, ֆիզիկական անձ է: Տավուշում շատերը գիտեն, որ մարզային հեռուստաընկերության փաստացի տերը կամ այդ հեռուստաընկերության հետեւում կանգնածը Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն է: Վերջինս մինչեւ 2014թ. մայիսի 15-ին մարզպետ դառնալը բազում եկամտաբեր բիզնեսների տեր էր, որոնք գնալով աճել են: Հովիկ Աբովյանին Տավուշի մարզային հեռուստաընկերությունը, որպես բիզնես, հետաքրքիր չէ, քանի որ ներկա դրությամբ շահութաբեր չէ: Մարզային հեռուստաընկերության եթերից դուրս գալը վնաս է տավուշցիներին, ովքեր թվային 9 հեռուստաալիքներից մեկից զրկվել են: Ավելին` սահմանամերձ մարզի բնակիչները զրկված են իրենց մարզում կատարվող իրադարձությունների մասին տեղեկատվություն ստանալու համար նախատեսված միջոցից:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս