ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԵՔԻԱԹԸ` ԳՈՒԼՊԱՅԻ ԵՎ ՍԱՌՆԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանն իր պաշտոնավարման տարիներին արձանագրած տնտեսական աճի ցուցանիշների մասին սկսել է սոցիալական ցանցերով տեղեկացնել: Մասնավորապես նա իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է հագուստի, կենցաղային տեխնիկայի, սննդի ներմուծման ծավալների վերաբերյալ տվյալները՝ 2017-2018թթ. հունվար եւ փետրվար ամիսների համեմատությամբ:

Եւ, օ~, հրաշք, պարզվում է` ներմուծման ցուցանիշները այս տարվա հունվար- փետրվար ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել են ահռելի տարբերությամբ: Օրինակ` այս տարվա հունվար-փետրվար ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ցիտրուսային պտղի ներմուծումը 35 տոկոսով աճել է: Եթե հավատանք վարչապետի ֆեյսբուքյան էջին հրապարակված տվյալներին (այդ տվյալները, ի դեպ, վարչապետը վերցրել է ազգային վիճակագրական ծառայությունից), ապա այս տարվա հունվար-փետրվարին Հայաստան ներմուծվել է 5 հազար 104 տոննա ցիտրուսային պտուղ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 3 հազար 788 տոննայի դիմաց: Պարզվում է` մեր երկիր ակտիվ ներմուծվում է նաեւ մսամթերք ու երշիկ. այս դեպքում երկու ամիսների ընթացքում ներմուծվել է 379 տոննա մսամթերք ու երշիկ` նախորդ տարվա 261 տոննայի դիմաց: Իսկ ահա թռչնամսի, պանրի եւ կաթնաշոռի ներմուծման ծավալները, հակառակը, նվազել են: Տեղեկացնենք, որ ՀՀ թռչնաբույծները բազմաթիվ անգամ կառավարությունից պահանջել են սահմանափակել թռչնամսի ներկրումը, քանի որ այդ պատճառով իրենք չեն կարողանում իրացնել իրենց արտադրանքը: Փաստորեն, այս դեպքում վարչապետը տվյալներ ներկայացնելիս հաշվի է առել թռչնաբույծների կողմից բարձրացված աղմուկը: Հավանաբար այսպես փորձել է ինքն իրեն ապահովագրել:
Զգալի ավելացել են նաեւ մարդատար ավտոմեքենաների ներկրման ծավալները: Երկու ամիսների ընթացքում ՀՀ ներմուծվել է 8 հազար 183 հատ մարդատար ավտոմեքենա: Մինչդեռ նախորդ տարվա երկու ամիսներին ներմուծված մարդատար ավտոմեքենաները 2 հազար 737-ն են եղել:
Բայց ամենաուշագրավ պատկերը հագուստի, կենցաղային տեխնիկայի եւ տան պարագաների ներմուծման ցուցանիշների հետ է կապված: Միայն թե այդ ցուցանիշները կասկածներ են առաջացրել ոչ միայն մասնագետների, այլեւ հանրության որոշ շրջանակների մոտ: Այսպես` վարչապետը ֆեյսբուքով հանրությանը տեղեկացրել է, որ այս տարվա հունվար-փետրվար ամիսներին մեր հանրապետություն ներմուծվել է 43 հազար 683 զույգ գուլպա: Իսկ 2017 թվականի նույն ժամանակահատվածում ներմուծվել է 1 հազար 845 զույգ գուլպա: Նույն աճի տեմպը արձանագրվել է նաեւ պայուսակների, կանացի հագուստի, սվիտերների, գործվածքների դեպքում: Միայն կանացի, տղամարդու կոշիկների եւ տղամարդու հագուստի ներմուծումն է նվազել:
Բայց սա դեռ ամենը չէ. պարզվում է` մեկ տարվա ընթացքում զգալի ավելացել է նաեւ սառնարանների, ջահերի ներմուծումը: Այսպես` վերոնշյալ ամիսներին ՀՀ ներմուծվել է 8 հազար 322 հատ սառնարան` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1898-ի դիմաց: Նաեւ աճել է լամպերի ներմուծումը. 2018 թվականի հունվար-փետրվար ամիսներին ներմուծվել է 155 տոննա ջահ, լամպ, իսկ 2017 թվականի այդ ժամանակահատվածում` 82 տոննա: Աճել է նաեւ կահույքի, ամանեղենի ներմուծումը:
Ի դեպ, տեղեկացնենք, որ վարչապետի հրապարակած տվյալներից (տե՛ս լուսանկարը) պարզ է դառնում, որ, օրինակ, մեր հանրապետությունում ներմուծվել է 8 մլն 322 հազար հատ սառնարան` անցած տարվա 1.9 մլն-ի դիմաց: Սա խիստ տարօրինակ է եւ անհավատալի: Չէ՞ որ 2.9 մլն բնակչություն ունեցող երկրում 8 մլն 322 հազար հատ սառնարան ներմուծելը ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում: Բայց կառավարությունը մեկ օր անց ստիպված եղավ գործադիրի ղեկավարի վրիպակներն ուղղել. «Տեղի է ունեցել ընդամենը տեխնիկական վրիպակ չափման միավորի հետ կապված` սառնարանների բաժնում այն նշվել է որպես «հազար հատ» ուղղակի «հատ»-ի փոխարեն»:
Միայն թե, մինչ այդ նկատենք` անհնար է մի երկրում, որտեղ բնակչության թվաքանակը հետեւողականորեն նվազում է, նման ապրանքների ներմուծման աճ արձանագրել: Չէ՞ որ մարդկանց գնողունակությունն էլ է նվազում, եւ ոչ մի գործարար ռիսկի չի դիմի եւ մեծ քանակությամբ կենցաղային տեխնիկա չի ներկրի:
Եւ ուրեմն, ինչի՞ մասին են վկայում այս թվերը: Մասնագետների պնդմամբ` մասամբ դրանք ուռճացված են, մասամբ էլ վկայում են ՀՀ-ում ստվերի կրճատման մասին:
Միայն թե որքան շատ է Կարեն Կարապետյանն այս «ձեռքբերումների» մասին խոսում, այնքան արդյունքում մի տեսակ անհարմար վիճակ է ստեղծվում Սերժ Սարգսյանի համար: Այսպես` վարչապետը Սերժ Սարգսյանի իշխանությանը ձեռնոց է նետել եւ բավական լուրջ, անուղղակի մեղադրանքներ է ներկայացրել: Իրականում նշված ապրանքատեսակների ներմուծման աճը հետեւանքն է այն բանի, որ կառավարությունը ստվերից հանել է ներկրումները: Այսինքն` նախկինում որոշ գործարարներ, որոնք ունեցել են իշխանական տանիք, ներմուծել են ինչ-որ X ապրանք, բայց այն մաքսազերծել են մեկ այլ ապրանքի կամ փչացած ապրանքի անվան տակ: Փաստորեն հիմա խաղի որոշակի կանոններ է հստակեցվել. ուղղակի ներկրողները ստիպված են եղել ճիշտ թվեր ցույց տալ, ինչի արդյունքում ստացվել է թվաբանական նման աճ:
Իսկ թե այս տարիներին որքան է եղել տնտեսության մեջ ստվերը, Կարեն Կարապետյանը դեռեւս չի բարձրաձայնում:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

ՆՐԱՆՔ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԱՄԱՐ ԵՆ ԶՈՀՎԵԼ
Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցներից մեկը Սյունիքի մարզի Որոտան գյուղից Նարեկ Մկրտչյանն է: 2016 թվականի ապրիլի 4-ին` Թալիշում իրականացված մարտական գործողությունների ընթացքում, չկատարելով հրամանատարի նահանջի հրամանը` Նարեկը նետվել է մարտի` կռվելով մինչեւ վերջին փամփուշտը, չխնայելով սեփական կյանքը։Հետմահու պարգեւատրվել է Հայաստանի Հանրապետության մարտական խաչ երկրորդ աստիճանի շքանշանով։
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Նարեկի մայրը` Անուշ Մկրտչյանը, պատմեց. «Մինչեւ տարին լրանալը ամեն առիթով գալիս էին պետական կառույցներից, նաեւ ռուսաստանաբնակ անհատներ օժանդակություն ցուցաբերեցին, իսկ հիմա կարծես բոլորը մոռացել են: Մենք օժանդակություն չէ, որ ակնկալում ենք, այլ մի չնչին ուշադրույթուն։ Հեռուստացույցով նայում եմ, շատ քաղաքներում զոհերի անվամբ հուշահամալիրներ կառուցվեցին, իսկ ես հազիվ հասա դրան, որ Նարեկի սովորած դպրոցի դահլիճը անվանակոչեն իր անունով»։
Ըստ Անուշ Մկրտչյանի` ամուսինն այս տարիներին բազմիցս փորձել է Գորիսում աշխատանք գտնել, սակայն ապարդյուն: «Գորիսում կան որոշակի աշխատատեղեր, ամուսինս բազմիցս փորձել է աշխատանքի տեղավորվել, աշխատանքի խնդրանքով դիմել է ե՛ւ քաղաքապետին, ե՛ւ մարզպետին, սակայն ոչ մի արձագանք։ Մենք հողագործությամբ, անասնապահությամբ ենք զբաղվում, տանջվում, չարչարվում, ապրում ենք: Ես չեմ ասում` ինձ էս տվեք, էն տվեք, իմ երեխան չի վաճառվում։ Ինձ վառում է այն, որ անուշադրության են մատնում։ Ուզում եմ կոչ անել իշխանություններին, որ որոշակի ուշադրություն ուղղեն զոհ ունեցող ընտանիքներին, իրենց զավակները հայրենիքի համար են գնացել, զոհվել, չէ՞»,-հավելեց հերոսի մայրը։

ԼՅՈՒՍԻ ՊՈՂՈՍՅԱՆ

 

 

ՎՏԱՆԳ ՉԿԱ
Հայաստանում 2018թ. հունվար-փետրվարին գրանցվել է քութեշի 109 դեպք` նախորդ տարվա նույն ժամանակի 68-ի համեմատ: Ըստ ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի հատուկ վտանգավոր եւ օդակաթիլային վարակների բաժնի պետ Լիանա Թորոսյանի` նախորդ տարվա փետրվարին արձանագրվել է 44 դեպք, իսկ այս տարվա նույն ժամանակում` 54: Վերջինիս խոսքով` դեպքերի հաշվարկը համաճարակաբանական տեսակետից ճիշտ չէ մեկնաբանել բացարձակ թվերով: 100.000 բնակչի հաշվով նախորդ տարվա փետրվարին ցուցանիշը կազմել է 1.5, այս տարի` 1.8: Աճը շատ չնչին է:
«Քութեշը հիմնականում արտահայտվում է նշաբորբով, ընդհանուր ինտոքսիկացիայով եւ մանր կետավոր ցանով: Այս հիվանդության հիմնական թիրախային խումբը 2-10 տ. երեխաներն են: Այն փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով, բայց երեխաների դեպքում չի բացառվում նաեւ կոնտակտային ճանապարհը»,- նշել է մասնագետը: Նա հորդորել է առաջին իսկ ախտանշանների դեպքում դիմել բժշկական օգնության, որպեսզի կանխվի հիվանդության տարածումը: Բժշկի դիմելու դեպքում բարդությունները բավականին քիչ են լինում: Հիվանդությունը շատ հեշտ է բուժվում:
«Քութեշի բռնկման վտանգ չկա այս պահին: Հիվանդացության 10 դեպքով բարձրացումը չի կարելի վտանգ համարել: Առհասարակ քութեշով բռնկումներ շատ հազվադեպ են գրանցվում»,-ամփոփել է Լիանա Թորոսյանը:




Լրահոս