ՎԵՐՋԸ ՏՈՒՆ ՏՎԵՑԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԳԱԱ-ում Սերժ Սարգսյանի վերջին ելույթին, երբ ասել էր` «Գումար եք ուզում, ես էլ եմ ուզում, բոլորն էլ ուզում են», առաջինն արձագանքեց ՀՀ կառավարությունը: Ճիշտ է` Սերժ Սարգսյանին գումար չտվեցին, բայց որոշում կայացրին պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո բնակարանով ապահովելու մասին: Ըստ որոշման նախագծի. «ՀՀ Նախագահի աշխատակազմի ենթակայության «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առեւտրային կազմակերպության հաշվեկշռում ամրացված՝ 6-րդ մասնաշենքի մեջ մտնող շենքը եւ շինությունները՝ 1.5365 հա սպասարկման տարածքով, հետ վերցնել եւ սեփականության իրավունքով անհատույց տրամադրել ՀՀ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանին՝ որպես բնակարան»:
Միանգամայն հասկանալի է, երբ Սերժ Սարգսյանին պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո բնակարան են հատկացնում. այդպես վարվել են նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի, նաեւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեպքում: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի ուշադրությունից չի վրիպել փաստը, որ ի տարբերություն Տեր-Պետրոսյանի ու Քոչարյանի` Սերժ Սարգսյանին բնակարան հատկացրին հենց «կառավարական ամառանոցներից», եւ հատկացրել են այն տունը, որտեղ Սարգսյանն ապրում է հիմա: Այսպես լուծվել է Սերժ Սարգսյանի՝ պաշտոնավարման ժամկետից հետո, մինչեւ վարչապետ դառնալու ընթացքը, այսինքն՝ ապրիլի 9-17-ը բնակվելու հարցը եւս: Իսկ ապրիլի 17-ից, երբ ԱԺ-ն նրան ընտրի վարչապետ, Սարգսյանը կշարունակի մնալ իշխանական էլիտայում՝ որպես պետության փաստացի ղեկավար:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Ս. Սարգսյանը դեռ 2013թ. անշարժ գույք, այնուամենայնիվ, հայտարարագրել է Ստեփանակերտ քաղաքում 96 քմ մակերեսով բնակարան բազմաբնակելի շենքում: Չնայած նա ՀՀ-ում 1993թ. սկսած պետական բարձր պաշտոններ է զբաղեցնում, Երեւանում այդպես էլ բնակարան ձեռք չի բերել, գոնե իր անունով:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ ռազմական ոստիկանությունն ու ԱԱԾ-ն ստուգումներ են սկսել վերջին 6-7 տարիներին պարտադիր զինվորական ծառայությունից ազատված կամ տարկետում ստացած երիտասարդների փաստաթղթերում: Նրանք փորձում են պարզել, թե ինչ հանգամանքներում են զորակոչիկները ծառայության համար ճանաչվել ոչ պիտանի կամ տարկետում ստացել: Միաժամանակ ՊՆ-ում կոռուպցիոն սկանդալների հետ կապված քրեական գործեր են հարուցվել, որոնց մասին եղան հայտարարություններ: Ու չի բացառվում, որ այսպես իրավապահ համակարգը վեր է հանում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գործունեության ժամանակահատվածի հետ կապված թույլ տված բացթողումները: Միգուցե իշխանական վերնախավը այս քայլին գնում է` նախազգուշացնելով ընդդիմադիր դարձած նախկին նախարարին, որ առաջիկայում սպասվող շուրջօրյա հանրահավաքներին միանալու դեպքում հնարավոր է` վատ հետեւանքներ ունենան իր համար, դժվար է ասել: ՌՈ պետ Արթուր Բաղդասարյանը երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, թե իրենք պարբերաբար ստուգումներ անցկացնում են, նաեւ ասել է, թե իրենց գործողությունները պետք չէ քաղաքականացնել:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, «Կիլիկիա» գարեջրի գործարանի սեփականատեր Հակոբ Հակոբյանը տեսակետ է հայտնել, որ Սերժ Սարգսյանն իշխանությունից կհեռանա այն ժամանակ, երբ զգա, որ առանց իրեն կարող են երկիր ղեկավարել: Իսկ մինչ այդ, ըստ Հակոբյանի, Ս. Սարգսյանը վարչապետ դառնալուց հետո իր փորձը կփոխանցի երիտասարդներին, այդ թվում՝ գործող վարչապետ Կարեն Կարապետյանին: «Որպես վարչապետի ես շատ բարձր եմ գնահատում Կարեն Կարապետյանին: Սակայն բոլորս հասկանում ենք, որ ապրիլից հետո Սերժ Սարգսյանն ավելի լայն լիազորություններ է ունենալու, քան ունի այժմ Կարեն Կարապետյանը: … Կարապետյանը կարող է ներքին խնդիրները հարթել, լուծել, սակայն արտաքին աշխարհում խառը վիճակ է, իսկ Սերժ Սարգսյանն այդ փորձն ունի: Ինքը կլինի, երիտասարդներին կսովորեցնի, այդ թվում Կարեն Կարապետյանն էլ է երիտասարդ: Այսինքն` փորձը կփոխանցի, երբ ինքը զգա, որ առանց իրեն կարող են ղեկավարել, կգնա հանգստի»,- ասել է նախկին պատգամավորը:

 

 

 

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը երեկ հայտարարել է, թե Կոտայքի, Սյունիքի, Արարատի ու Արմավիրի մարզերը հայտնվել են լավ ցուցանիշներ արձանագրած մարզերի քառյակում, իսկ մյուս մարզերը գտնվում են միջանկյալ տիրույթում: Հատկանշական է փաստը, որ ՀՅԴ-ական նախարարի համար «լավ ցուցանիշներ» չեն արձանագրել այն մարզերը, որտեղ մարզպետը ՀՅԴ-ական է: Խոսքը Շիրակի ու Արագածոտնի մարզերի մասին է: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Արագածոտնի ՀՅԴ-ական մարզպետ Աշոտ Սիմոնյանը նշել է, թե 2017 թվականին սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշը նախորդ տարվա համեմատ 220 մլն դրամով ավել է, եւ պնդել. «Արագածոտնի մարզում երբեւէ այդքան սեփական եկամուտ չի հավաքագրվել»: Սիմոնյանը նաեւ նշել է. «Վեց ամսվա մեր կատարած աշխատանքի բնութագրող ցուցանիշների առումով մենք առաջընթաց ունենք, բայց, իհարկե, դա ինձ չի գոհացնում»: Ի դեպ, Լոռու մարզպետ, ՀՀԿ-ական Արթուր Նալբանդյանն էլ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է, որ իրենք իրենց գործառույթներն ամբողջովին կատարել են: Ի դեպ, մարզպետներին տրված գնահատականները դժգոհություն է հարուցել հենց այն մարզպետների մոտ, ովքեր «տնային աշխատանքները լավ չեն արել» ու «ցածր» են ստացել:

 

 

 

ԺԱՄԱՎԱՃԱՌՈՒԹՅՈՒՆ
Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ ժողովրդագրական խնդիրներին նվիրված խորհրդակցություն է անցկացրել: Ըստ պաշտոնական հաղորդագրության` խորհրդակցության ընթացքում քննարկվել են ժողովրդագրական իրավիճակի բարելավման հնարավորությունները, անդրադարձ է կատարվել ժողովրդագրական պատկերի վրա ազդող հիմնական գործոններին, ներկայացվել են իրավիճակի բարելավմանն ուղղված միջոցառումները:
Հասկանալի է` Կարեն Կարապետյանն այս խորհրդակցությունը հրավիրել էր Սերժ Սարգսյանի հայտարարած 2040 թվականին 4 մլն բնակիչ ունենալու ծրագրի շրջանակներում: Միայն թե, նկատենք, իրականում այս խորհրդակցությունները պարզ ժամավաճառություն են հիշեցնում: Սա մեկ պարզ պատճառով. Հայաստանի ժողովրդագրական խնդիրների պատճառները եւ լուծման ուղիները քաղաքական են, եւ ոչ այնքան կառավարության, որքան ողջ իշխանության եւ պետության ղեկավարման փիլիսոփայության ներքո են:
Հայաստանում ժողովրդագրական պրոբլեմները սրվել են արտագաղթի մեծ ծավալների, ինչպես նաեւ ծնելիության ցուցանիշի շարունակական անկման հետեւանքով: Մարդիկ արտագաղթում են առաջին հերթին այն պատճառով, որ շարունակում է չլուծված մնալ Ղարաբաղյան հակամարտությունը, եւ ամեն րոպե առկա է պատերազմի վերսկսման վտանգը: Ուստի շատերը խուսափում են իրենց արու զավակներին կիսապատերազմական երկրում բանակ ուղարկելուց` գերադասելով արտագաղթել: Ու քանի դեռ չի լուծվել Ղարաբաղյան հիմնահարցը, չի հաստատվել խաղաղություն, արտագաղթի ծավալների կտրուկ նվազում ակնկալելն առնվազն միամտություն է:
Մարդիկ նաեւ արտագաղթում են համատարած հուսալքության պատճառով. Հայաստանում «ապագա չեն տեսնում», այդպես ասում է արտագաղթողների ճնշող մեծամասնությունը: Եւ գիտե՞ք ինչու. այս տարիների ընթացքում մարդիկ դժգոհ են եղել իշխանությունների վարած քաղաքականությունից, պայքարել են իշխանափոխության համար, սակայն արդյունքի չեն հասել. ՀՀԿ-ն ամեն անգամ ամենատարբեր մեթոդներով՝ ընտրակեղծիքներով, բռնությամբ, սպանություններով, ընտրակաշառքով վերարտադրվել է: Ու ամեն մի կեղծված ընտրություն իր հետեւից բերեց հիասթափվածների եւ արտագաղթողների հսկա ալիք: Էլ չենք խոսում Հայաստանում տարիներ շարունակ տիրող սոցիալ-տնտեսական ծանր վիճակի մասին:
Արտագաղթի նման ծավալները, բնականաբար, իրենց հետեւանքներն են ունեցել բոլոր ոլորտներում, այդ թվում ծնելիության ցուցանիշների վրա: Այնպես որ, Հայաստանում խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է իշխանափոխություն, նաեւ ԼՂ հիմնահարցի լուծում: Հավատացեք` դրանից հետո արդյունքներն իրենց երկար սպասեցնել չեն տա, եւ ժողովրդագրական ոլորտն էլ կբարելավվի:




Լրահոս