ՍԱՐԳՍՅԱՆՆ ԻՐ ՓՈՐՁԸ ԿՓՈԽԱՆՑԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԵՎ ԿԳՆԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, «Երեւան» գարեջուր ընկերության սեփականատեր Հակոբ Հակոբյանը:

-Պարո՛ն Հակոբյան, Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն` 2017 թվականին եւ 2018-ի հունվար-փետրվար ամիսներին աճ է արձանագրվել տարբեր ոլորտներում: Այս հանգամանքը ինչի՞ հետ եք կապում: Որպես տնտեսվարող` Ձեզ մոտ ինչպիսի՞ ցուցանիշներ են առկա:
-2017 թվականին, 2016 թվականի համեմատ, մենք ունեցել ենք գումարով ասած արտադրանքի ծավալների 10 տոկոս աճ, քանակով՝ 9 տոկոս աճ: Արտահանման առումով եւս 2017 թվականին աճ ենք ունեցել: 2016 թվականի համեմատ` ունենք 15 տոկոս գումարային աճ, իսկ քանակային՝ 7 տոկոս աճ: Իսկ 2017 թվականի համեմատ` 2018 թվականի առաջին երկու ամիսները միասին ունեք գումարային 10 տոկոս աճ, քանակային՝ 5 տոկոս: Իսկ արտահանման մասով մենք անկում ապրենք, իսկ տեղական շուկայում երկու ամիսն իրար հետ ունենք 25 տոկոս աճ՝ 2017 թվականի համեմատ: Այսպիսի ցուցանիշներ մենք վերջին տարիներին չենք ունեցել, եւ, բնականաբար, համոզված եմ` ԱՎԾ-ի հրապարակած ցուցանիշները ճիշտ են: Երբեք, իմ կարծիքով, ոչ մի հայ տղամարդ իր երեխայի փողը չի կտրի, բերի, գարեջուր գնի: Սա նշանակում է` գումարն ավելացել է: Սա իմ կատարած վերլուծության արդյունքն է:
-Իսկ անցյալ տարվա արտահանման աճին ի՞նչն է նպաստել: ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո, որպես տնտեսվարող, փոփոխություն զգո՞ւմ եք:
-Հիմնական մեր շուկան ռուսական շուկան է: Մեր ապրանքը Ռուսաստանում ներմուծված ապրանքների սանդղակով է հաշվարկվում, եւ գները բարձր են: Հիմա եվրոպական երկրներից ներմուծվող ապրանքների գները պակասել են, դրա համար այս 1-2 ամիսը մեզ մոտ անկում է: ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո միանշանակ փոփոխություն է առկա: Ես, որպես տնտեսվարող, հավատացնում եմ Ձեզ, որ ԵԱՏՄ-ն մեզ շատ օգուտ է: Եթե մենք անմիջական սահման ունենայինք Ռուսաստանի հետ, շատ ավելի լավ կլիներ: ԵԱՏՄ մյուս երկրների հետ չենք համագործակցում, քանի որ գարեջուրն այնտեղ շատ մատչելի է, իսկ ռուսական շուկան շատ մեծ է:
-Իսկ որպես տնտեսվարող ինչպե՞ս եք գնահատում Կարեն Կարապետյանի ղեկավարած կառավարության գործունեությունը:
-Կարծում եմ, որ հանրապետության նախագահի գլխավորությամբ գնալով կառավարության աշխատանքները նպաստում են բիզնեսի զարգացմանը: Ես նախագահին շեշտում եմ, քանի որ ես ինքս ծանոթ եմ կատարվող քայլերին: Բնականաբար, կառավարության անդամներն իրենց տեղն ու դիրքն ունեն, վարչապետը եւս, բայց այդ բոլորը կատարվում է հանրապետության այսօրվա նախագահի ղեկավարությամբ, որովհետեւ բավականին բաներ ես նկատել եմ: Անձամբ ես էլ իր հետ զրույց ունեցել եմ, խնդիրները ես էլ միշտ բարձրացրել եմ: Զգալի տարբերություն տեսել եմ նախորդ տարիների համեմատ, մենք բավականին առաջ ենք գնում:
-Դուք շեշտեցիք նախագահի գլխավորությամբ աշխատանքի հանգամանքը: Այդ դեպքում ինչո՞ւ նախորդ վարչապետների ժամանակ այդպիսի ցուցանիշներ չէին եղել: Ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանի գործոնն առկա՞ չէ:
-Իհարկե, կապ ունի վարչապետ Կարեն Կարապետյանի գործոնը: Ես շատ եմ հարգում իրեն: Ես չեմ ասում, թե նախորդ կառավարությունները վատ են աշխատել: Մենք պետք է տեսնենք, թե որտեղից ուր ենք հասել, ճանապարհ ենք անցել, եւ յուրաքանչյուր կառավարություն իր հետեւից դրական հետք է թողել: Մի խոսքով, առաջ ենք գնում, այլ ոչ թե հետ: Ես չեմ ասում, թե այս կառավարությունն ամեն ինչ անում է, իսկ նախորդները չեն արել: Մենք պետք է հաշվի առնենք, որ աշխարհում եղել է երկու ճգնաժամ՝ 2008 թվականից սկսած, եւ դա ինչպես կարող էր չազդել մեր երկրի վրա: Դրանք էլ պետք է հաշվի առնենք:
-Ապրիլին վարչապետի ընտրություն է սպասվում: ՀՀԿ անդամները չեն թաքցնում, որ Սերժ Սարգսյանն է վարչապետի հիմնական թեկնածուն: Դուք ե՞ւս այդպես եք կարծում:
-Ես էլ եմ այդպես կարծում եւ այդ մասին նաեւ ամիսներ առաջ էի նշել: Ես գտնում եմ, որ այս պահին ինքը պետք է լինի: Եվ Սարգսյանի վերջին հարցազրույցում էլ ինքը շեշտեց երիտասարդների հարցը, կարծում եմ՝ 4-5 տարվա ընթացքում նա երիտասարդների հետ կաշխատի, մենք էլ կփորձենք աշխատել: Վերջին հաշվով բոլորս էլ գնալու ենք թոշակի, մեզանից հետո պետք է լավ բաներ թողնենք: Սերժ Սարգսյանը վստահ կգնա հանգստի եւ իրենից հետո չի մտածի՝ այս մարդն ինչպես պետք է աշխատի:
-Այս փուլում իրեն փոխարինող անձ չե՞ք տեսնում:
-Ընդհանուր առմամբ, աշխարհում անփոխարինելի մարդ գոյություն չունի: Բայց կան փորձված եւ անփորձ մարդիկ: Այսօր մեր երկիրն այն վիճակում չէ, որ մենք փորձ կատարենք եւ անփորձ մարդու բերենք, ասենք` վարչապետ աշխատիր, իսկ 1-2 տարի հետո էլ ասենք՝ լավ չես աշխատում, գնա: Մենք ունենք փորձված մարդ, ով արդեն 10 տարի պետությունը ղեկավարում է, տեսել ենք՝ ինչ ձեւ է աշխատում, ինքն էլ հայտարարեց, որ պետք է երիտասարդներ սովորեցնի, վերջին փուլն էլ դա կլինի:
-Իսկ Կարեն Կարապետյա՞նը: Նոր Սահմանադրության պայմաններում նրան չե՞ք տեսնում վարչապետի պաշտոնում:
-Այսպես ասեմ, ես այսօր տեսնում եմ Սերժ Սարգսյանին` իհարկե, գնահատելով Կարեն Կարապետյանի կատարած աշխատանքը: Նորից եմ կրկնում՝ որպես վարչապետի ես շատ բարձր եմ գնահատում Կարեն Կարապետյանին: Սակայն բոլորս հասկանում ենք, որ ապրիլից հետո Սերժ Սարգսյանն ավելի լայն լիազորություններ է ունենալու, քան ունի այժմ Կարեն Կարապետյանը: Այսօր լիազորությունների մի մասը նախագահինն է, մյուս մասը՝ վարչապետինը, սակայն ապրիլից հետո փոքր մասն է գնում նոր նախագահին: Եվ այստեղ արդեն փորձառու մարդ է պետք: Կարեն Կարապետյանը կարող է ներքին խնդիրները հարթել, լուծել, սակայն արտաքին աշխարհում խառը վիճակ է, իսկ Սերժ Սարգսյանն այդ փորձն ունի: Ինքը կլինի, երիտասարդներին կսովորեցնի, այդ թվում Կարեն Կարապետյանն էլ է երիտասարդ: Այսինքն` փորձը կփոխանցի, երբ ինքը զգա, որ առանց իրեն կարող են ղեկավարել, կգնա հանգստի:

Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

 

 

ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ` ՄԻԱՅՆ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Ինչպես հայտնի է` առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը պաշտոնավարման մեկ ու կես տարվա ընթացքում հասցրել է բուռն դժգոհությունների տեղիք տալ: Նախ հունվար ամսին ներկայացված ծխելու դեմ պայքարի օրինագիծը աղմուկ հանեց, քանի որ բարձր տուգանքներ են սահմանված ոչ թույլատրելի վայրերում ծխելու համար: Հաջորդ աղմկահարույց օրինագիծը. փետրվարին հայտարարվեց, որ ՀՀ-ում գրանցված 4700 անուն դեղերից 2700-ը դեղատոմսով են բաց թողնվելու: Խնդրահարույց նախագծերի եւ հետագա պաշտոնավարման շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի հետ:

-Պարո՛ն Ալթունյան, ի՞նչ եք կարծում` եթե արցախյան խնդրով բանակցությունների անհրաժեշտություն լինի, ըստ Ձեզ` Կարեն Կարապետյանը որպես վարչապետ կարո՞ղ է բանակցել:
-Ընենց դժվար հարց եք տալիս:
-Կարծիք չունե՞ք այդ կապակցությամբ:
– … (ժպտում է)
-Պարո՛ն Ալթունյան, իսկ Ձեզ երաշխիք տվե՞լ են. լինելո՞ւ եք նոր կառավարությունում:
-Երաշխիքները տալիս են միայն ապահովագրական ընկերությունում: Կառավարությունը միայն աշխատում է:
-Իսկ ի՞նչ եք կարծում` այն, որ Ձեր ներկայացրած օրինագծերն ու որոշումներն այդքան աղմուկ ու դժգոհություն առաջացրին, այդքանից հետո Դուք կմնա՞ք նախարարի պաշտոնում:
-Չեմ կարծում ոչ մի բան: Ես պատրաստ եմ աշխատելու այդ նախագծերի վրա:
-Բայց ինչո՞ւ եք կարծում, որ այդ նախագծերն օգուտ կբերեն հասարակությանը:
-Ես համոզված եմ, որ այդ նախագծերն օգուտ կբերեն:
-Բայց կարծիք կա, որ Դուք կործանեցիք առողջապահական համակարգը:
-Ում մոտ որ կարծիք կա, իրենց էլ հարցրեք: Իմ մոտ տենց կարծիք չկա: Առողջապահական համակարգը զարգանում է եւ կզարգանա հետագայում:
-Իսկ ինչո՞ւ դեղատոմսով դուրս գրվող դեղերի վերաբերյալ որոշում կայացրիք` առանց իրավական հիմքի:
-Դուք ինչ-որ անհեթեթ հայտարարություններ եք անում ու քոմենթ պահանջում: Դուք Ձեր քոմենթները տվե՛ք:
-Դուք պատասխան չունե՞ք, պարո՛ն Ալթունյան:
– … (դարձյալ ժպտում է)
-Կարծում եք` հաշվի առնելով Կարեն Կարապետյանի կատարած աշխատանքը` նա արժանի՞ է, որ մնա վարչապետի պաշտոնում:
-Իհարկե, արժանի է:
-Իսկ ո՞ր ծրագրերի համար…
-Կառավարության կայքում նշված է:

Զրուցեց ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ

 

 

ԵՌՈՒԶԵՌԻ ՄԵՋ ԵՆ
Ապրիլի 9-ին, երբ ամբողջությամբ ուժի մեջ կմտնի Սահմանադրությունը, եւ փոփոխություններ կարվեն կառավարության կառուցվածքում, պատրաստվում են ամենայն մանրամասնությամբ: Գերատեսչություններում այժմ գույքերի ակտիվ փոխատեղումներ են կատարվում: Ինչպես հայտնի է՝ ապրիլի 9-ից այլեւս չի գործելու միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարությունը, այդ ոլորտը համակարգելու է փոխվարչապետներից մեկը: Եվ ահա երեկ կառավարության նիստում գործադիրը որոշում կայացրեց նախարարության աշխատակազմին ամրացված 38,7 մլն ՀՀ դրամ արժեքով միջոցները հետ վերցնել եւ տալ կառավարության աշխատակազմին: Մեկ այլ որոշմամբ էլ նախագահի աշխատակազմի հաշվեկշռից հանված շարժական գույքը՝ տրանսպորտային միջոցներ, համակարգիչներ եւ այլն, տրվեցին ՀՀ կառավարության աշխատակազմին: Իսկ կառավարության աշխատակազմին ամրացված տրանսպորտային որոշ միջոցներ էլ կամրացվեն ՀՀ նախագահի աշխատակազմին եւ ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության աշխատակազմին:

 

 

ՉԵՆ ՏԵՂԵԿԱՑՐԵԼ
ՀՀ Տավուշի մարզի Գետահովիտի գյուղում գտնվող նախկին զորամասի շենքերն ու շինությունները շուտով նոր սեփականատեր են ունենալու: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դրանք պաշտպանության նախարարությունը կնվիրվի Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն: Ըստ ՀՀ պաշտպանության նախարարության` դրանց հետագա օգտագործումը գտնվել է ոչ նպատակահարմար, որն էլ անհատույց կտրամադրվի Հայ առաքելական եկեղեցուն` ըստ առկա կարիքների օգտագործելու համար: Խոսքը 10518.2 քմ, 518 հազար 221 դրամ հաշվեկշռային արժեքով շենք-շինությունների մասին է: Ըստ որոշ տեղեկությունների` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսը այնտեղ նախատեսում է հոգեւոր կենտրոն կառուցել կամ էլ եկեղեցի: Հատկանշական է փաստը, որ տեղի իշխանություններն ամենեւին տեղյակ չեն եղել այս ամենից: Գետահովիտի գյուղապետ Արթուր Ղազարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ այդ տարածքները Հայ Առաքելական եկեղեցուն տրամադրելու վերաբերյալ իրեն պաշտոնապես չեն տեղեկացրել: «Մենք թռուցիկ լսել ենք, որ դա հանձնվելու է եկեղեցուն: Նախկինում այդ տարածքում գործել է պանսիոնատ: Այդ շենք-շինությունները բավականին նորմալ վիճակում են: Մոտ 4 հա է կազմում այդ տարածքը»,- լրացրեց գյուղապետը:

 

 

ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Գործարար Վարդանյաններին պատկանող «Գրանդ տոբակո» ՍՊԸ-ն մարտի 27-ին «ԷՖ.ԱՅ.ԴԻ.ԳՐԱՆՏ ՏԱԲԱԿ ԹՐԵԴԻՆԳ» ՍՊԸ-ի դեմ դատական հայց է ներկայացրել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` «Գրանդ տոբակոն» պահանջում է դատարանից արգելել վերոնշյալ ընկերությանը օգտագործել ֆիրմային անվանումը: Խոսքը, թերեւս, այդ ընկերության անվան մեջ «Գրանտ» եւ «Տաբակ» բառերի օգտագործման մասին է:




Լրահոս