ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԱՐԴԱ՞Ր Է ԴԱՏՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոտայքի, Սյունիքի, Արարատի ու Արմավիրի մարզերը հայտնվել են լավ ցուցանիշներ արձանագրած մարզերի քառյակում: Այս տվյալները երեկ լրագրողներին է ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը՝ ընդգծելով, թե դրանք սեփական եկամուտների հավաքագրման տեսակետից ամենամեծ աճ ունեցող մարզերն են եւ ավելի մեծ ներդրումներ են ապահովել տեղական մակարդակով: Նախարարի խոսքով` մյուս մարզերը միջանկյալ տիրույթում են գտնվում:

Ինչպես հայտնի է՝ մարզպետների կողմից կատարված աշխատանքները գնահատվում են 11 չափորոշիչներով, որոնց մեջ մտնում է նաեւ մարզի վարչական տարածքում կատարված ներդրումների ծավալը, մարզում աշխատատեղերի թիվը, համայնքային բյուջեների սեփական եկամուտները, եւ այլ չափանիշներ: Եվ ահա, այս չափորոշիչների կատարման արդյունքում էլ ձեւավորվել են «գերազանցիկ» մարզերը:
Կառավարության նիստում երեկ վարչապետ Կարեն Կարապետյանն էլ անդրադարձավ մարզպետարաններում կադրային փոփոխություններին՝ ընդգծելով, թե թերացողները պետք է պատժվեն, սակայն Լոքյանի խոսքով` մարզպետների պաշտոնանկության պետք չէ սպասել: Նա նշեց, թե խոսքը վարչության պետերին է վերաբերում: «Մի շարք մարզերում արձանագրել ենք, որ վարչության պետը մասնագիտական առումով չի բավարարում այն չափանիշներին, որ այսօր պահանջվում է, եւ մենք տեղում մարզպետին ենք ներկայացրել առաջարկություններ, որ փոփոխություններ լինեն առաջիկա ժամանակահատվածում», – հավելեց նա: Այլ կերպ ասած` իշխանությունը շարունակում է բոլոր ոլորտներում «մանր ձկներին» բռնել: Այլապես անհասկանալի է՝ ինչո՞ւ ոչ թե մարզպետը պետք է պատժվի, այլ վարչության պետը, երբ կառավարությունն էլ խոսում է մարզպետների աշխատանքի որակի մասին:
Առաջատար քառյակում տեղ չզբաղեցրած մարզերի ղեկավարները, բնականաբար, խիստ նեղսրտած են: Նրանցից մի քանիսը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, սակայն, հայտարարեցին, թե իրենց կատարած աշխատանքը դրական են գնահատում:
Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը, որն այդ պաշտոնը զբաղեցնում է 2017 թվականի հուլիսի 11-ից ՀՅԴ քվոտայով, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե, օրինակ, հարկերի հավաքագրման առումով իրենց մոտ աճն ակնհայտ է: «2017 թվականին հավաքագրել ենք 220 մլն դրամ ավել եկամուտ, քան 2016 թվականին: «Այնուամենայնիվ, ուզում եմ ընդգծել, որ Արագածոտնի մարզում երբեւէ այդքան սեփական եկամուտ չի հավաքագրվել», – նշեց նա:
Մարզպետն ընդգծեց, թե իրենց մարզում բոլոր չափորոշիչների առումով դրական դինամիկա է առկա: Դիտարկմանը` այդ դեպքում ինչու իրենց դաշնակցական գործընկերը չգնահատեց այդ դինամիկան, մարզպետը նկատեց. «Դրա պատճառը շատ պարզ է: Եթե պետք է տասից չորս լավագույններին ասվի, միգուցե մենք հինգերորդն ենք, վեցերորդն ենք: Միգուցե մյուս մարզերում աճը ոչ թե 22 տոկոս է, այլ 23, 24 կամ 25»: Խոսելով թերացող աշխատակիցների մասին` Աշոտ Սիմոնյանը ընդգծեց, թե թերացումներ միշտ էլ կարող են լինել: «Կյանքն ըստ էության դինամիկ զարգացող գործընթաց է: Մեր խնդիրն այդ թերացումները մինիմալ դարձնելն է: Բնականաբար մեր մարզում նոր մարզպետ, նոր մոտեցումներ, նոր ոճ եւ դրանցով պայմանավորված կարող են թերացումներ լինել: Այնուամենայնիվ, վեց ամսվա մեր կատարած աշխատանքի բնութագրող ցուցանիշների առումով մենք առաջընթաց ունենք, բայց, իհարկե, դա ինձ չի գոհացնում»:
Մշտապես խնդրահարույց համարվող Շիրակի մարզն այս անգամ եւս առաջատարների թվին չի պատկանում: Դաշնակցական մարզպետ Արթուր Խաչատրյանը, ով 2017 թվականի հունիսից է այդ պաշտոնը զբաղեցնում, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ նախորդ տարի ինքն ընդամենը վեց ամիս է աշխատել: «Ես կես տարվա համար կարող եմ պատասխան տալ, եւ օբյեկտիվորեն այլ մարզեր ավելի լավ են արել, քան մենք: Չեմ կարող ասել՝ որտեղ եմ թերացել, սակայն կան չափորոշիչներ, որ այլ մարզերում ավելի լավ է արվել, քան մեր մարզում», – նշեց նա: Դիտարկմանը՝ դա Ձեր թերացումը չե՞ք համարում, Խաչատրյանը նշեց. «Հավանաբար իմ աշխատանքի պատճառն էլ կա: Բայց պետք է հաշվի առնենք, որ ընդամենը 6 ամիս եմ կարողացել աշխատել: Նաեւ թերացում չէ, պարզապես լավագույն 4-ի մեջ մենք չկանք, բայց հաշվի առեք, որ ո՛չ վերջինն ենք, ո՛չ էլ նախավերջինը: Միշտ էլ մեր մարզը խնդրահարույց է եղել, բայց այս վեց ամսվա տվյալներով բավական առաջընթաց է առկա»: Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը մեզ հետ զրույցում ընդգծեց՝ համաձայն է վարչապետի այն դիտարկման հետ, թե թերացող աշխատակիցները պետք է պատժվեն: «Կան աշխատողներ, ովքեր որոշակի դիտողություններ են ստացել, որ ավելի լավ կատարեն իրենց պարտականությունները, շեշտադրումները փոխեն: Ուղղակի մարդիկ են եղել, ովքեր 20 տարի այլ շեշտադրումներով են աշխատել, հիմա պահանջները փոխվել են: Աշխատանքից ազատվողներ վերջին ամիսներին չեն եղել», – եզրափակեց Շիրակի մարզպետը:
2011 թվականից Լոռու մարզպետի պաշտոնը զբաղեցնող ՀՀԿ-ական Արթուր Նալբանդյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում եւս նշեց, թե գործառույթների մեջ թերացումներ չեն եղել: «Խնդիրը թերեւս ներդրումային ծրագրերի մասով է: Մի քանի մարզերում ներդրումային ծրագրեր ավելի շատ են եղել, քան մեզ մոտ: Խոսքը կոնկրետ 2017 թվականի ներդրումային ծրագրերի մասին է: Իսկ ընդհանուր առմամբ մենք մեր գործառույթներն ամբողջովին կատարել ենք, ուղղակի ունենք մարզեր, որտեղ մեկ կամ երկու տոկոս ավել է կատարվել: Նույնը նաեւ հարկերի հավաքագրման առումով է: Եթե մենք 100 տոկոսով ենք կատարել դա, ապա մարզ է եղել, որ 102 տոկոսով է կատարել», – ընդգծեց նա: Խոսելով թերացող աշխատակիցների մասին` Արթուր Նալբանդյանը նշեց, թե Լոռու մարզպետարանում իրենց գործառույթներին անտեղյակ աշխատակիցներ չկան: «Բայց քանի որ վարչապետը, երբ մարզպետների հաշվետվությունն էր լսում, նա հնարավորություն տվեց նաեւ ոլորտի պատասխանատուներին, որպեսզի իրենք ներկայացնեն ոլորտի խնդիրները, եւ ըստ այդմ ունեինք նաեւ մարդիկ, ովքեր լիարժեք տիրապետում էին իրավիճակին, ունեինք նաեւ մի փոքր թերացողներ, բայց դա չի նշանակում, որ իրենք ամբողջությամբ չեն տիրապետում: Բնականաբար, ով ժամանակի հետ չի քայլում, ով ժամանակի հետ համահունչ չի կարողանում իր աշխատանքն իրականացնել, մենք փորձում ենք այդ մարդկանց փոխարինել ավելի երիտասարդ, ավելի հմուտ մասնագետներով», – հավելեց նա:
Հ.Գ. Իրականում Հայաստանում իշխանությունները պաշտոնյաների արդյունավետությունը գնահատում են ըստ ընտրությունների ժամանակ իշխող կուսակցության կամ թեկնածուի օգտին ապահոված ձայների քանակի, մնացած բոլոր չափանիշները, քննադատություններն ու գովեստները շոու-ներկայացումների ժանրից են:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ՀՀ-ԵՄ-Ն ԲԵՐԵՑԻՆ
Ապրիլի 10-ին մեկնարկող ԱԺ քառօրյա նիստում նախատեսվում է քննարկել նոյեմբերի 24-ին Բրյուսելում ստորագրված ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վավերացնելու հարցը: Ինչպես հայտնի է՝ այս համաձայնագիրը կառավարության նիստում հաստատվել է մարտի 22-ին, հիմա ապրիլի 9-ին այն կքննարկվի գլխադասային ճանաչված եվրոպական ինտեգրման հարցերի եւ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, որից հետո էլ կընդգրկվի ԱԺ նիստի օրակարգ: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ տեղեկացավ, որ այս նախագիծը կառավարությունն անհետաձգելի է համարել, իսկ հիմնական զեկուցողն էլ կլինի արտաքին գործերի փոխնախարար Կարեն Նազարյանը: Հավելենք նաեւ, որ համաձայնագրում ամրագրված մի շարք դրույթներ կսկսեն գործել ապրիլի 1-ից:

 

 

ԴՊՐՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ
ՀՀ գլխավոր դատախազության մասնաշենքի վերնահարկը վերակառուցելու համար կառավարությունը քաղաքաշինության պետական կոմիտեին կհատկացնի 91 մլն 880 մլն դրամ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ գլխավոր դատախազության մասնաշենքի վերնահարկի վերակառուցման աշխատանքները նախատեսվում են ավարտել մինչեւ հուլիսի 15-ը: Բայց ուշագրավն այն է, որ դատախազության վերնահարկը մտադիր են վերակառուցել մի քանի դպրոցների շինմոնտաժային աշխատանքների համար հատկացվող գումարները նվազեցնելու հաշվին: Խոսքը Վանաձորի թիվ 18, Երեւանի թիվ 91 դպրոցների եւ Շիրակի մարզի Սպանդարյան գյուղի համայնքային մարզադաշտի մասին է: Ստացվում է` դատախազությունն իր վերնահարկը կառուցելու է ՀՀ քաղաքացիների հաշվին:

 

 

ԿՊԱՐԶԻ
ՀՀԿ անդամ, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը՝ Բուռնաշը, այս անգամ չի ընդգրկվել ՀՀԿ խորհրդի կազմում: Սա տարօրինակ է, թեկուզ այն պատճառով, որ Աղաբաբյանը եղել է ՀՀԿ հիմնադրման ակունքներում: Նշենք, որ Աղաբաբյանը ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի աներորդին է, եւ հենց Աղաբաբյանի շնորհիվ են Սահակյան ընտանիքի անդամները ՀՀԿ-ում կարիերա արել, պաշտոններ ստացել: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Գալուստ Սահակյանն ասաց, որ տեղյակ չէ Աղաբաբյանի՝ ՀՀԿ խորհրդում չընդգրկվելու մասին: «Չեմ կարող այս պահին ասել: Ընդհանուր ցուցակը շատ մեծ է, եւ չեմ կարծում, որ չլինի: Ըստ երեւույթին, դուրս մնալու պատճառը կուսակցություն չգալն է: Ուրիշ բան չեմ տեսնում»: Հարցին, թե կփորձի՞ արդյոք Սահակյանը խնդրին լուծում տալ, ասաց. «Ամեն ինչին էլ հնարավոր է լուծում տալ: Այդտեղ ես որեւէ բան չեմ տեսնում եւ չեմ էլ մտածում, որ չպիտի լինի»: Սակայն Գալուստ Սահակյանը չի պատրաստվում միջնորդել Աղաբաբյանի համար: «Իմ միջնորդելը, մեկ ուրիշի միջնորդելը պետք չի… Եթե ինքն ուզենա, ինքը կլինի: Մանավանդ նա կուսակցությունը կերտողներից մեկն է»: Լուրեր կան, որ Աղաբաբյանը նեղացած է հարազատ կուսակցությունից:

 

 

ԽԱՂԱՂ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Բաքվում գտնվող Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտնել է, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ եւ քաղաքական ճանապարհով: Իրանի նախագահն Ալիեւի հետ համատեղ հայտարարության ժամանակ ԼՂ հակամարտությանն անդրադարձել է Մերձավոր Արեւելքի ու Հարավային Կովկասի խնդիրների համատեքստում: «Մենք վստահ ենք, որ Եմենի եւ Սիրիայի հակամարտությունները պետք է կարգավորվեն խաղաղ ու քաղաքական ճանապարհով: Ղարաբաղյան հակամարտությունը եւս պետք է լուծվի քաղաքական ճանապարհով»,- ասել է նա ու հավելել, որ Իրանն ու Ադրբեջանը համանման մոտեցումներ ունեն հակամարտությունների կարգավորման հարցում: Ռոհանին նաեւ նշել է, որ Իրանում ցանկանում են լինել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ամուր խաղաղության կնքման վկան: «Մենք ուրախ ենք, որ այս ուղղությամբ դիվանագիտական ջանքեր են ներդրվում: Մեզ համար կարեւոր է, որ երկրների տարածքային ամբողջականությունն ու տարածաշրջանի աշխարհագրությունը մնա անփոփոխ»,-ասել է Ռոհանին:

 

 

ԿԱՅՑԵԼԻ
Մարտի 30-31-ը Հայաստան կայցելի Ֆրանսիայի արտգործնախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանը: ՀՀ արտաքին գործերի նախարարության փոխանցմամբ` Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարին կընդունի Սերժ Սարգսյանը: Այսօր նախատեսված են Էդվարդ Նալբանդյանի եւ Ժան-Բատիստ Լեմուանի բանակցությունները:




Լրահոս