Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը օրերս անակնկալ այցով ժամանեց Չինաստան` հանդիպում ունենալով Չինաստանի նախագահ Սի Ծինպինի հետ: Հաշվի առնելով կորեական ճգնաժամի նշանակությունը համաշխարհային անվտանգության ապահովման հարցում` չինական բանակցությունները հայտնվեցին ողջ աշխարհի ուշադրության կենտրոնում: Դրանց արձագանքեց նաեւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը` հույս հայտնելով առաջիկայում անձամբ հանդիպել Կիմ Չեն Ընի հետ:
Հս. Կորեայի առաջնորդի արտերկրյա առաջին այցելության հանգրվանը, ինչպես եւ ակնկալվում էր, Չինաստանն էր: Իշխանության բազմելուց հետո նրա եւ Չինաստանի ղեկավարության հարաբերությունները, ըստ վերջինների պնդումների, այնքան էլ ներդաշնակ չէին: Չինացիներն անգամ ամերիկացիների հետ բանակցությունների ժամանակ հայտնում էին, որ Հս. Կորեան էականորեն ազատվել է չինական կախվածությունից: Բայց եւ այնպես, Կիմ Չեն Ընի այցը եւ հանդիպումը նախագահ Ծինպինի հետ այնքան էլ չի հավաստում չինացիների անկեղծությունը: Ավելին` այս կարծիքն ավելի հիմնավոր է դառնում, երբ հաշվի ենք առնում, որ Չինաստանը իր մյուս գործընկերներին, մասնավորապես ԱՄՆ-ին, կանխավ պատշաճ կերպով չի տեղեկացրել հյուսիսկորեացու ժամանման մասին: Բնական է, որ դա կարող էր տեղի ունենալ` անվտանգության նկատառումներից ելնելով, սակայն այդ հանգամանքը խոսում է Հս. Կորեայի հարցում ամերիկա-չինական հարաբերություններում անկեղծության բացակայության մասին: Կիմ Չեն Ընի այցելությունը վերլուծաբաններին բաժանել է երկու ճամբարի, որոնցից մեկը համոզված է, որ Հս. Կորեայի առաջնորդը պատրաստվում է դուրս գալ թաքստոցից եւ հրապարակային դիվանագիտական ճանապարհով շփվել աշխարհի հետ: Մյուսները, սակայն, առավել կարեւորում են Չինաստանի դերակատարությունը` շեշտելով, որ այդ այցելությամբ առաջին մեսիջն ուղարկում է հենց չինական ղեկավարությունը` ցուցադրելով իր առավելությունը, հեղինակությունն ու որոշումների կայացման վրա ունեցած ազդեցությունը: Քանի որ ԱՄՆ-ն լիովին մեկուսացած է եղել այցի նախապատրաստությունից եւ գրեթե անտեղյակ բանակցություններից, կարելի է պնդել, որ սա ավելի շատ չինական ցուցադրություն էր: Ի վերջո, ԱՄՆ-ում Չինաստանի դեսպանը միայն պաշտոնական հանդիպումից հետո է այցելել Սպիտակ տուն` ծանուցելու, որ նման իրադարձություն է տեղի ունեցել: Չինաստանի դեսպանը Թրամփին փոխանցել է իր նախագահի ուղերձը, ըստ որի` բանակցությունները բարեհաջող են ընթացել, իսկ Կիմ Չեն Ընը սպասում է Թրամփի հետ հանդիպմանը: Այս մասին Թրամփը հայտարարել է թվիթերյան էջում: Այստեղ Թրամփը նաեւ նշել է, որ ի տարբերություն նախորդ վարչակազմերի` իր թիմին հաջողվել է փոխել իրադրությունը Հս. Կորեայի հարցում` խաղաղության հարցում անհնարինությունը փոխարկելով իրական հնարավորության:
Սակայն Թրամփի հանդիպումը Կիմ Չեն Ընի հետ շարունակում է խարխափել անորոշության մեջ: Նախագահը իր ենթականերին արդեն իսկ հստակ հրահանգ է տվել կազմակերպել համապատասխան գագաթնաժողով, որի շրջանակներում էլ պետք է կայանա իր ու Կիմ Չեն Ընի հանդիպումը: Նախկին պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը հստակորեն դեմ էր արտահայտվում նախագահի մակարդակով նման հանդիպմանը` զգուշացնելով բանակցությունների ձախողման պարագայում հնարավոր վտանգների մասին: Եվ անգամ այդ պատճառով նախկին պետքարտուղարը չափազանց անհարմար դրության մեջ էր հայտնվել, երբ մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողի հարցին ի պատասխան` դեռ վաղ էր համարել բարձր մակարդակով հանդիպման հավանականությունը, մինչդեռ նույն պահին Հարավային Կորեայի պաշտոնական խողովակները լուր էին տարածել, որ Թրամփը համաձայնել է տետ-ա-տետ բանակցել Կիմ Չեն Ընի հետ: Սակայն հետաքրքիր է, որ մինչ այժմ Կիմ Չեն Ընն ինքն անձամբ չի հայտարարել այդ մասին:
Մինչ այդ ԱՄՆ կառավարող շրջանակները, ըստ մամուլի հրապարակումների, արդեն իսկ սկսել են նախապատրաստությունները գագաթնաժողովի համար: Այն, սակայն, մայիսի վերջից շուտ չի կայանա` հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, առաջին հերթին` անվտանգության հարցերը: Հստակ չէ նաեւ հանդիպման հավանական օրակարգը, քանի որ գոնե Թրամփը չգիտի, թե ինչ է ուզում Հս. Կորեայի բացարձակ ապառազմականացումից բացի, ինչին հասնելը գրեթե անհնարին է: Որքան էլ ԱՄՆ նախագահը հպարտորեն հայտարարի, որ ի հեճուկս նախորդ վարչակազմերի` իրեն հաջողվել է էական առաջընթաց ապահովել Հս. Կորեայի հարցում, դա չի կարելի ընդունել իբրեւ կատարված փաստ: Փոխարենը շուրջ մեկ տարի տեւած Թրամփ-Չեն Ըն լեզվակռիվը, թվում է, մոտենում է իր ավարտին` կրկին բորբոքվելու լրջագույն հավանականությամբ: Եթե ձախողվի գագաթնաժողովի հրավիրումը կամ դրա արդյունքում որեւէ լուրջ առաջընթաց չարձանագրվի, իրավիճակն անխուսափելիորեն ավելի է լարվելու: Այս ամենից, սակայն, կշահի Չինաստանը, որը կվավերացնի Հս. Կորեայի ճգնաժամում վճռական խոսքի իրավունքը` ԱՄՆ-ից զիջումներ կորզելու միտումով: Չի կարելի բացառել, որ Չինաստանը Հս. Կորեայի շուրջ իրադարձությունները զարգացնելիս Թրամփին հնարամտորեն գցում է ծուղակը` համաշխարհային առաջատարության նրա դիրքերը հետեւողականորեն սասանելով:
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
ԱՌԱՅԺՄ ՆԱԽԱԳԾԵԼՈՒ ՓՈՂ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ
Ոռոգման սեզոնին ջրի սակավաջրության հարցը շարունակում է մնալ օրակարգում: Թեեւ գործադիրը սկսել է քայլեր իրականացնել այս խնդրի լուծման ուղղությամբ, բայց գյուղացիները մտահոգություններ ունեն, որ դրանք կուշանան:
«Ժողովուրդ» օրաթերթը օրեր առաջ գրել էր, որ ջրային տնտեսության պետական կոմիտեն դիմելու է կառավարություն եւ պահանջելու է հատկացնել 1 մլրդ դրամ: Նշված գումարով նախատեսում է խորքային նոր հորեր հորատել եւ հները վերականգնել: Եւ մոտ 200 մլն դրամ կծախսվի` շարժական պոմպակայան ձեռք բերելու համար: Նշենք, որ ջրպետկոմը կանխատեսվող սակավաջրության մեղմման համար նախատեսում է իրականացնել Արարատյան դաշտի 26 համայնքներում խորքային թվով 38 նոր հորերի հորատման, ինչպես նաեւ գոյություն ունեցող թվով 17 հորերի վերականգնման աշխատանքներ: Այսպես` «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ կառավարությունը առաջիկայում ջրային տնտեսության պետական կոմիտեին կհատկացնի մոտ 70.5 մլն դրամ:
Նշված գումարը ջրպետկոմը կծախսի Արարատյան դաշտում սակավաջրության ռիսկերի կանխման եւ Կոտայքի մարզի Սեւաբերդի ջրամբարի հակաֆիլտրացիոն հրատապ միջոցառումների նախագծանախահաշվային աշխատանքների համար: Սակայն գյուղացիները խիստ անհանգստացած են, քանի որ ոռոգման սեզոնը մոտենում է, իսկ ջրպետկոմը դեռ նոր է սկսում նախագծանախահաշվային աշխատանքներ իրականացնել: Մինչդեռ պաշտոնական տվյալներով` փետրվարի 8-ի դրությամբ հանրապետության ջրամբարների լցվածությունը նախորդ տարվա նկատմամբ պակաս է շուրջ 74.4 մլն խորանարդ մետրով: Եւ քանի որ ներկայումս իսպառ բացակայում է ձնածածկույթը, այդ պատճառով մասնագետները կանխատեսում են, որ 2018 թվականի ոռոգման շրջանը սակավաջուր կլինի:
Ի դեպ, առաջին փուլով իրականացվելու են 15 գյուղերում խորքային թվով 23 նոր հորերի հորատման, այդ թվում` Սեւ ջրի ավազանը ջրալրող, նաեւ թվով 14 հորերի վերականգնման աշխատանքներ: Եթե առաջին փուլի աշխատանքներն իրականություն դառնան, ապա այդ դեպքում նախնական հաշվարկներով հնարավոր կլինի բարձրացնել շուրջ 931 հա հողատարածքի ջրապահովվածության աստիճանը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ առաջին փուլի աշխատանքների իրականացման համար կպահանջվի շուրջ 970 մլն դրամ, որից նախագծանախահաշվային աշխատանքների համար կծախսվի 35.46 մլն դրամ: Նշենք նաեւ, որ հատկացվող մոտ 70.5 մլն դրամից մյուս 35 մլն դրամը ծախսվելու է Կոտայքի մարզի Սեւաբերդի ջրամբարի հակաֆիլտրացիոն միջոցառումների նախագծանախահաշվային աշխատանքների համար: Հուսանք` ջրային տնտեսության պետական կոմիտեն ղեկավարող Արսեն Հարությունյանը չի դանդաղի եւ այս հարցին արագ լուծում կտա:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԽՆԴՐՈՒՄ Է ԱՐԴԱՐԱՑՆԵԼ
Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Նորաշեն գյուղի բնակչուհի Հրածին Փայտյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017 թվականի սեպտեմբերի 27-ին իրենց առանձնատան պատշգամբում աղջկա` 34-ամյա Ռադմիլա Փայտյանի արտաամուսնական կապից հղիությունը թաքցնելու եւ նորածին երեխայի անցանկալի լինելու դրդապատճառով, սպանել է 36-38 շաբաթական ծնված նորածին երեխային, այնուհետեւ նորածնի դիակը փաթաթել պոլիէթիլենային պարկի մեջ եւ գցել արտաքնոցի փոսը: Նրան մեղադրանք է առաջադրվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով (Սպանությունը), նա կալանավորված է: Նրա շահերը դատարանում պաշտպանում էր հանրային պաշտպան Գայանե Զաքարյանը: Քրեական գործով մեղադրողը պահանջել էր Հրածին Փայտյանին դատապարտել 11 տարվա ազատազրկման: Հ. Փայտյանը դատարանում չի ընդունել իր մեղքը, չի զղջացել իր կատարած արարքի համար, հայտարարել է, որ երեխան մեռած է ծնվել, նա 4-5 շաբաթական է եղել եւ այլն: Սակայն նրա այդ պնդումները հերքվել են դատարանում ներկայացված ապացույցներով: 2018 թվականի փետրվարի 27-ին Բերդ քաղաքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը վճռել է 57-ամյա Հրածին Փայտյանին մեղավոր ճանաչել նրան առաջադրված հոդվածով եւ դատապարտել 10 տարի ժամկետով ազատազրկման: Հանրային պաշտպան Գայանե Զաքարյանը մարտի 27-ին` առաջին ատյանի դատարանի վճիռը բողոքարկելու համար նախատեսված մեկամսյա ժամկետի վերջին օրը, Հրածին Փայտյանի դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել, որով խնդրել է նրան արդարացնել: Որպես դրա հիմնավորում հանրային պաշտպանը նշել է, որ դեպքին ականատեսներ չեն եղել եւ այլն:
ԳՈՂԱՑԵԼ ԵՆ 5 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԻ ՏԵԽՆԻԿԱ
10-12 օր առաջ Դիլիջան քաղաքում «Մոբայլ սենթր» խանութից գողացել են 5 միլիոն դրամի ապրանքներ: Գողերը եղել են դիմակավորված: ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում այդ կապակցությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասով (Գողությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) քրեական գործ է քննվում, որի շրջանակներում հետազոտվում են գողերի թողած մատնահետքերը, դեպքի վայրի տեսաձայնագրությունը եւ այլն:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ