Ապրիլի 1-ին Հայ առաքելական եկեղեցին նշելու է Սուրբ Հարության տոնը` Զատիկը: Ինչպես հայտնի է` այս օրերին հանրապետությունում կտրուկ ավելանում է տոնի խորհրդանիշ համարվող ձվի պահանջարկը: Սակայն մասնագետները խոստանում են, որ այս տարի Սուրբ Զատիկին ընդառաջ` Հայաստանի խանութներում եւ սուպերմարկետներում հավկիթի եւ ձկնամթերքի մասսայական թանկացումներ չեն լինի:
Նշենք, որ շուկայում գործում են հավկիթի շուրջ 20 տեղական արտադրողներ եւ ներմուծողներ: Այդ ընկերություններից խոշորներն են «Լուսակերտի թռչնաֆաբրիկա», «Արաքս թռչնաֆաբրիկա», «Արզնի թռչնաֆաբրիկա» ընկերությունները: Ձու արտադրողները այս անգամ, Սուրբ Զատկին ընդառաջ, խոստանում են, որ իրենց կողմից գների բարձրացում չի լինի: Այսինքն` բացթողման գինը չի բարձրանա արտադրողների կողմից: Մնում է հուսալ, որ մյուս տնտեսվարողները` խանութների, սուպերմարկետների տնօրենները, ձվի պահանջարկի ավելացումից չեն օգտվի եւ հավկիթի գները անհիմն չեն բարձրացնի:
ՀՀ թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրեց, որ մեր հանրապետությունում հունվար, փետրվար ամիսներին հավկիթի արտադրության ծավալներն աճել են: «Կհիշեք, որ անցած տարվա նոյեմբերին քիչ քանակությամբ հավկիթ արտադրվեց: Ածան հավերը շարք մտան միայն դեկտեմբերին, դրա համար էլ այդ երկու ամիսներին հավկիթի արտադրության ծավալները մեծացան: Այսինքն` մենք դեպի Սուրբ Զատիկ գնում ենք մեծ մնացորդով»,- ներկայացրեց նա: Ըստ մասնագետի` Հայաստանում բոլոր տնտեսությունները միասին օրական արտադրում են 2600 արկղ ձու: Ստացվում է, որ Հայաստանում օրական արտադրվում է 936 հազար հատիկ ձու: Բայց արտադրության ծավալների մեծացմանը զուգահեռ նվազել է իրացումը: Այսինքն` ինչքան արտադրվում է, այդքանը չի հասցնում սպառվել: Այս պատճառով հավկիթ արտադրողները որոշել են այս օրերին զեղչային ակցիաներ անել եւ էժանացրել են հավկիթի գինը: Թռչնաբույծի պատմելով` օրինակ` 0.1 կարգի հավկիթը, որը արժեցել է 60-65 դրամ, հիմա այն խանութներին մատակարարվում է 52-55 դրամով: Այսինքն` տեղական արտադրողները հավկիթը խանութներին եւ սուպերմարկետներին մատակարարում են նշված գնով: Ի դեպ, փոքր թռչնաֆաբրիկաները բարձր ինքնարժեքի պատճառով ստիպված են լինում խանութներին եւ սուպերմարկետներին որպես բացթողման գին առաջարկել 58-59 դրամ: Բայց չնայած սրան` այսօր Երեւանի եւ ՀՀ մարզերի շատ խանութներում եւ սուպերմարկետներում հավկիթի գինը տատանվում է 59-65-70 դրամի սահմաններում:
Սերգեյ Ստեփանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում խոստացավ նաեւ, որ ապրիլի 1-ին խանութներում եւ սուպերմարկետներում ձվի արհեստական դեֆիցիտ եւս չի առաջանա: Քանի որ ընկերություններն ունեն բավարար պաշարներ` ձվի պահանջարկը բավարարելու համար:
Սրան զուգահեռ, նկատենք` ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հայտարարել է ձվի շուկայում խիստ վերահսկողություն սահմանելու մասին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանձնաժողովը շաբաթական երեքանգամյա մոնիտորինգի եւ դիտանցումների փոխարեն անցել է ամենօրյա ռեժիմի: Այդ նպատակով ՏՄՊՊՀ-ում անգամ ստեղծվել է աշխատանքային խումբ, որն էլ պարբերաբար դիտանցումներ է իրականացնում Երեւանի մանրածախ խոշոր վաճառակետերում: Ըստ ՏՄՊՊՀ-ի` թույլ չպետք է տրվեն չհիմնավորված գնային փոփոխություններ, ինչը կարող է վնաս պատճառել մի կողմից` սպառողների, իսկ մյուս կողմից` բարեխիղճ տնտեսվարողների շահերին:
Ձկնամթերքի շուկայում եւս գնային վայրիվերումներ չեն լինի: Համենայնդեպս այդպես խոստացավ ձկնաբույծների միության նախագահ Արմեն Բունիաթյանը: «Ինչ թանկացման մասին է խոսքը: Անգամ 100 դրամով իջեցրել ենք ձկան գինը»,- նկատեց Բունիաթյանը: Այսինքն` եթե իշխան ձկնատեսակի մեկ կիլոգրամը վաճառվում էր 1800 դրամ, ապա Սուրբ Զատիկի տոնի կապակցությամբ այն 100 դրամով էժանացել է եւ դարձել 1700 դրամ: Պարզվում է` ձկնաբույծները ձկան գինը Սուրբ Զատիկից հետո կրկին բարձրացնելու են: Ի դեպ, ըստ որոշ տեղեկությունների` հավկիթի գինը եւս տոնից հետո կբարձրանա: Թե որքա՞ն, առայժմ դժվար է կանխատեսել:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՆՈՐ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Մանե Թանդիլյանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ` առաջարկելով եկամտային հարկի վերադարձը կիրառել ոչ միայն նոր կառուցված բնակարաններ գնելիս, այլեւ առկա բնակարանային ֆոնդի ձեռքբերման դեպքում: «Նման կարգավորումը հնարավորություն կստեղծի բնակարանային ապահովման խնդիրը լուծել վարձու աշխատող միջին խավի ավելի լայն հատվածի համար, ինչպես նաեւ մարզերում` նպաստելով մարզերում անշարժ գույքի շուկայի ակտիվացմանը»,-նշել է պատգամավորը:
Նշենք, որ հիփոթեքային վարկ վերցնելիս անձի եկամտային հարկն ուղղվում է տոկոսների մարմանը, սակայն այդ կարգը գործում է միայն նորակառույց բնակարան գնելու դեպքում:
ԽՈՒՍԱՓԵՔ ՀԻՆ ՀԱՎԿԻԹՆԵՐԻՑ
Սուրբ Հարության տոնին ընդառաջ կտրուկ ավելանում են հավկիթի սպառման ծավալները, ինչի կապակցությամբ «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ-ը տեղեկացրել է, որ համաձայն ՀՀ Կառավարության որոշման` չի թույլատրվում այն հավկիթների իրացումը, որոնք չունեն անվտանգությունն ու ծագումը հաստատող փաստաթուղթ, թերի է կա՛մ լրացած պիտանելիության ժամկետը, կա՛մ բացակայում է մակնշումը (բացառությամբ շուկաներում վաճառվող գյուղատնտեսական արտադրանք հանդիսացող հավկիթների, որոնց իրացման համար անհրաժեշտ է միայն անասնաբուժասանիտարական փորձաքննության կտրոն): Կախված հավկիթի տեսակից ու կարգից պիտանելիության ժամկետը տարբեր է. Ա դասի կամ թարմ հավկիթի «Էքստրա» տեսակի պիտանելիության ժամկետը 7 օր է, իսկ 1-ին տեսակի հավկիթներինը` 25 օր:
ՊԱՏԱՐԱԳ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒՄ
Ռուսաստանի Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առեւտրի կենտրոնում մարտի 25-ին տեղի ունեցած հրդեհի հետեւանքով զոհված հայերի հոգիների հանգստության համար տեղի հայկական եկեղեցում մատուցվել է պատարագ: Ներկա են եղել տեղի հայերը, գործընկերներ: Մարդիկ իրենց զորակցությունն են հայտնել:
Տեղի հայերը համախմբված են զոհվածների ընտանիքների շուրջ, հնարավորությունների սահմաններում իրենց աջակցությունն են ցուցաբերում: Ավելի վաղ տեղեկացվել էր, որ ազգությամբ հայ զոհերը հայր եւ որդի են, բայց ռուսական ազգանուններով` Գալանին Դմիտրի Սարգիսի եւ Գալանին Միխայիլ Դմիտրիի:
ԵՂԱՆԱԿՆ ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ
Մարտի 30-ի ցերեկը հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված` հատկապես կեսօրից հետո հանրապետության ողջ տարածքում սպասվում են անձրեւի տեսքով առատ տեղումներ, ամպրոպ, ամպրոպների ժամանակ` քամու ուժգնացում: Անձրեւները հատկապես առատ կլինեն Շիրակում, Լոռիում, Տավուշում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արարատում եւ Երեւանում:
Մարտի 31-ի առավոտյան ժամերից անձրեւներն աստիճանաբար կդադարեն, ապրիլի 1-2-ը հանրապետության ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը մարտի 30-ի ցերեկը կնվազի 5-6 աստիճանով, իսկ ապրիլի 1-2-ը նույնքանով կբարձրանա:
Հանրապետության ողջ տարածքում մարտի 30-31-ը ժամանակ առ ժամանակ, ապրիլի 3-ի երեկոյան ողջ հանրապետությունում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: Ապրիլի 1-ին, 2-ին, 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
ԿԱՐՄՐՈՒԿԻ ԴԵՊՔԵՐ
Տարեսկզբից հանրապետությունում գրանցվել է կարմրուկի 13 բերովի դեպք: Առաջին դեպքերը հավանաբար բերվել են Ռուսաստանի Դաշնությունից: Հիվանդներից 11-ը պատվաստված չեն, իսկ 2-ը` թերի պատվաստված: Նրանցից 7-ը 1-15 տարեկան երեխաներ են, 2-ը` 20-26 տարեկան, 4-ը` 40-44 տարեկան անձինք:
Հայաստանի Հանրապետությունում կարմրուկի եւ կարմրախտի առումով դեռեւս իրավիճակը կայուն է, սակայն տարիների ընթացքում (2007-2018) չպատվաստված կամ թերի պատվաստված անձանց կուտակումը կարող է սպառնալ երկրում հիվանդության հետվերադարձին եւ վարակի տեղական տարածմանը: Իրավիճակի սրացմանը կարող են նպաստել նաեւ բժշկական կազմակերպություններում կարմրուկով հիվանդների շփումները հատկապես առողջական խնդիրներով անձանց հետ, ովքեր առավել խոցելի են: