«Ժողովուրդ» օրաթերթը կանանց նվիրված միամսյակի շրջանակում շարունակում է զրուցել շոու-բիզնեսի հայտնի հայ կանանց հետ։ Այս անգամ մեր զրուցակիցը «Միսս Հայաստան 2003», «Վիցե միսս Եվրոպա 2005» Լուսինե Թովմասյանն է։ Նա խոսել է կին լինելու յուրահատկությունների, մոդելային գործունեությամբ զբաղվելու եւ այլ թեմաների շուրջ։
-Լուսինե՛, նախ՝ մեր ավանդական հարցը՝ կին ծնվո՞ւմ են, թե՞ դառնում։ Այսինքն՝ կանացիությունը փոխանցվում է գեներո՞վ, թե՞ կյանքն է կին կոփում։
-Համոզված եմ, որ կանացի հատկանիշները փոխանցվում են գեներով, այսինքն՝ կին ծնվում են։ Խոսքս վերաբերում է կանացի ներքին հատկանիշներին։
-Շատ կանայք խուսափում են «ամուսնու ընկեր» արտահայտությունից։ Ձեր դեպքում ինչպե՞ս է, կարեւորու՞մ եք զույգերի միջեւ ընկերությունը։
-Ես աչքս բացել եմ եւ մեր ընտանիքում տեսել եմ, որ մայրս ու հայրս առաջին հերթին լավ ընկերներ են, հետո նոր կին եւ ամուսին։ Այդ նույնը կարող եմ ասել իմ եւ ամուսնուս պարագայում։ Մենք եղել ենք շատ լավ ընկերներ, հետո արդեն սիրահարվել ենք եւ ամուսնացել։ Այսինքն՝ ընկերություն հասկացողությունը հարաբերություններում շատ էական է։
-Շարունակեք միտքս. «Կինը գեղեցիկ է, երբ…»։
-Երբ սիրված է։
-Հայաստանում կին լինելը հե՞շտ է, թե՞ դժվար։
-Գիտեք` մարդը կին կամ տղամարդ լինել-չլինելուց չէ, որ դժբախտ է լինում։ Ես երջանիկ եմ, որ կին եմ ծնվել եւ եթե եւս մեկ անգամ ընտրության հնարավորություն ունենայի, կրկին կցանկանայի կին ծնվել եւ կրկին իմ երկրում։
-Ամեն դեպքում, եթե թեկուզ մի քանի րոպեով լինեիք տղամարդ, մտնեիք նրա կաշվի մեջ, ի՞նչ կանեիք, ինչպե՞ս կօգտվեիք այդ հնարավորությունից։
-Գիտեք՝ առհասարակ չեմ մտածել դրա շուրջ։ Ես միշտ ինձ լավ եմ զգացել կին լինելով։ Նույնիսկ չգիտեմ՝ ինչ կուզենայի պարզել (ծիծաղում է)։
-Երբ խոսվում է կնոջ ոճային եւ խնամված լինելու մասին, շատերը բերում են ֆինանսների բացակայության փաստարկը։ Դա, ըստ Ձեզ, կարո՞ղ է արդարացում լինել։
-Ոճայինը դեռ դնում եմ մի կողմ, բայց խնամված լինելն ամենակարեւոր բանն է, եւ դա ամենեւին էլ կապված չէ ֆինանսի հետ։ Խնամված ասելով՝ նկատի չունեմ շպարը, սրսկումները կամ բոտեքսները։
-Շատերին կհետաքրքրի՝ Դուք երբեւէ պլաստիկ վիրահատությունների դիմե՞լ եք։
-Ո՛չ, չեմ դիմել։
-Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում նման միջամտություններին։
-Կարծում եմ՝ երբ կինը նայում է հայելու մեջ եւ ինքն իրեն դուր չի գալիս, դրանից վատ բան, դրանից վատ զգացողություն չկա։ Ի վերջո, ավելի լավ է դիմել վիրահատության եւ էսթետիկ տեսք ունենալ։ Բայց եկեք` դա էլ չխառնենք այսօր տարածված միտումի հետ. շատերը դարձել են պլաստիկ վիրահատությունների զոհ։ Դա էլ ուրիշ ծայրահեղություն է։
-Ըստ Ձեզ՝ եթե կինը տղամարդուց շատ է վաստակում, դա կարո՞ղ է բացասաբար ազդել հարաբերությունների վրա։
-Երեւի բարձր վարձատրությունը վստահություն է տալիս կնոջը, բայց դա շատ տղամարդիկ չեն կարողանում ընկալել եւ ընդունել։
-Դուք Ձեզ բիզնես-վուման համարու՞մ եք։ Գիտենք, որ ժամանակին զբաղվել եք բիզնես-գործունեությամբ, իսկ հիմա՞։
-Այնպես չէ, որ բիզնեսում իմ քայլերը հաջողությամբ չեն պսակվել, բայց հիմա արդեն մտածում եմ՝ տվյալ բիզնեսն ինձ գումար կբերի՞, թե՞ ոչ։ Այս պահին չեմ տեսնում այնպիսի ոլորտ, որտեղ կցանկանամ ներդրումներ կատարել, բայց ժամանակին արել եմ։ Հիմա, առհասարակ, բիզնեսի մասին չեմ մտածում։
-Իսկ որպես մոդել՝ շարունակու՞մ եք Ձեր գործունեությունը։ Դա, ըստ էության, Ձեզ համար նախասիրություն է, այո՞։
-Այո՛, դա ինձ համար հոբբի է, որը բերում է հաճելի պահեր։ Հաճույքով եմ որպես մոդել ներկայանում, մասնակցում գովազդային հոլովակների եւ ֆոտոսեսիաների։ Ինձ դուր է գալիս այդ ամենը։
-Իսկ բացի առավոտյան հեռուստածրագրից՝ այլ նախագծի շրջանակում Ձեզ կտեսնե՞նք։
-Դեռ չեմ մտածում այդ մասին։
Զրուցեց ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆԸ
Ո՞ՒՐ Է ԿՈՐԵԼ «ՀԱՅՔԻ» ՀՐԱՆՏԸ
«Հայք» խմբից հայտնի երգիչ Հրանտ Հովսեփյանը տեւական ժամանակ է՝ էկրաններին չի երեւացել։ Նրա մասնակցությամբ վերջին աղմկահարույց հաղորդումը նկարահանել էր ռուսական «ՆՏՎ» հեռուստաալիքը՝ «Ասում են եւ ցուցադրում են» հաղորդաշարի ընթացքում, որի ժամանակ Հրանտն առաջին անգամ ծանոթացավ իր կենսաբանական մոր հետ։ Նաեւ այդ հաղորդաշարից իմացանք, որ նա ապրում եւ ստեղծագործում է Մոսկվայում։ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Հրանտի հետ եւ տեղեկացել նրա պլաններից։ Նա տեղեկացրեց, որ Մոսկվայում մասնակցում է բարեգործական ծրագրերի, որոնց հասույթը ուղղվում է հիվանդ երեխաների բուժմանը։
«Նաեւ աշխատում եմ նոր ձայնասկավառակիս վրա, որտեղ ընդգրկված են հայերեն երգեր։ Թերեւս մյուս տարի այն կհանձնեմ երկրպագուների դատին»,-ասաց մեր զրուցակիցը։
Հարցին, թե արդյո՞ք հայ աստղերի հետ համագործակցելու ծրագրեր ունի, երգիչը պատասխանեց. «Ո՛չ, հայ աստղերի հետ չեմ համագործակցում եւ չեմ էլ պատրաստվում դա անել։ Ես 6 տարեկանից կատարել եմ հայկական ժողովրդական երգեր եւ հիմա էլ շարունակում եմ երգել թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում»։
Երգիչը համագործակցում է Հայ միասնության խաչի, Ռուսաստանի հայերի միության հետ։ Հարցին, թե ցանկություն չունի արդյո՞ք Հայաստանում հաստատվելու եւ աշխատելու, ինչպես նախկինում, Հրանտը պատասխանեց. «Ո՛չ, որովհետեւ Հայաստանում ավելի դժվար է գումար աշխատելը, քան արտերկրում, այդ պատճառով էլ արվեստի մարդկանցից շատերը աշխատում են արտերկրում եւ ավելի լավ արդյունք ունեն, քան Հայաստանում»։
Մենք նաեւ հետաքրքրվեցինք «Քամին փչի» հայտնի հիթի կատարողներից մեկը պատրաստվո՞ւմ է, արդյոք, նոր հիթային ստեղծագործություն ներկայացնել երկրպագուներին։ Հրանտը տվեց լակոնիկ պատասխան. «Շուտով»։ Այլ մանրամասներ նա դեռեւս չհայտնեց։
ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
ՆՈՐ ՇԵՆՔ` ԹԱՏՐՈՆԻՆ
Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը նոր շենք կունենա. այն կկառուցվի Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի հարեւանությամբ գտնվող «Ֆինանսաբանկային քոլեջ» հիմնադրամի վթարային շենքի տեղում: Թատրոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Վիգեն Չալդրանյանն ասել է. «Ամռանը թատրոնի շենքի հարցը կրկին բարձրացվեց: Սեփական շենք ունենալու որոշումը կայացված է, մնում է, որ Ֆինանսաբանկային քոլեջի շենքը հիմնահատակ քանդվի եւ դրա տեղում կառուցվի մեր թատրոնը»: Նա աշխատել է նախագծի վրա եւ խոստովանել, որ միայն երազել կարելի էր նման նախագծի մասին: Թատրոնը կունենա 300 թատերասերի համար նախատեսված գեղեցիկ դահլիճ, վարչական մաս, ճեմասրահ, սրճարան:
«Մեզ խոստացել էին, որ վերը նշված շենքը պետք է քանդեն սեպտեմբերին. առ այսօր չեն արել, հիմա խոստանում են, որ մայիսին կսկսվեն աշխատանքները»-ասել է նա:
ՉԻ ՄԱՍՆԱԿՑԻ
Ապրիլի 5-ից 9-ը ԱՄՆ-ում անցկացվելիք ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկությանը Հայաստանի ազգային հավաքականը չի մասնակցի: Աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցելու հրավիրվում են թիմային վարկանիշով աշխարհի ութ ուժեղագույն երկրները: Հայաստանն այդ ցուցակում իներորդն է: Երբ հայտնի է դարձել, որ երկրներից մեկը չի մասնակցելու, վերջին պահին հրավեր ուղարկվել է Հայաստանին:
Մեր ընտրանին մրցավայր մեկնել չի կարող մի քանի պատճառով: Նախ` կարճ ժամանակահատվածում հարկավոր էր լինելու վիզաների խնդիրը լուծել, ինչը կարող էին չհասցնել: Երկրորդ` Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի ազգային հավաքականը ուսումնամարզական պլանը կազմել է այնպես, որպեսզի ըմբիշները նախապատրաստվեն մայիսին կայանալիք Եվրոպայի առաջնությանը, հետեւաբար մարզումային գրաֆիկը հապշտապ կարգով փոխելն իմաստ չունի:
Եվ երրորդ` մենք չունենք այն քանակությամբ ազատ ոճայիններ, որոնց մի մասը հանդես գա աշխարհի գավաթում, մյուսը` Եվրոպայի առաջնությունում: