Հյուսիսային պողոտայի «Բուրգեր քինգ» արագ սննդի կետում ապրիլի 2-ին տեղի ունեցած պայթյունի առաջին վարկածը գարեջրի ճնշումն ապահովող գազի բալոնի պայթյունն էր: Այս տեղեկությունը կասկածի տեղիք տվեց, քանի որ քչերն են մտաբերում գարեջրի վաճառք հիշյալ սննդի կետում:
«Արմենպրես»-ի թղթակցի հետաքննությունը պարզեց, որ այս պահին ընկերության՝ «Դալմա» առևտրի կենտրոնում գտնվող մասնաճյուղում գարեջուր չեն մատուցում: Այնտեղ նշել են, որ մենյու չունեն, որը կարող են տրամադրել, իսկ գարեջուրը նշված է միայն վաճառասեղանի մոտ առկա գնացուցակում: Թղթակիցը ցանկացել է գարեջուր պատվիրել, սակայն նրան տեղեկացրել են, որ այլևս չունեն: Այն վերջերս է ներմուծվել մենյու, սակայն արդեն դադարեցրել են վաճառքը:
Ի պատասխան տեղեկության, որ մենյուում գարեջուր չկա, «Բուրգեր քինգ Արմենիա»-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Ինգա Հարությունյանը վստահեցրեց, որ այն առկա է:
«Արմենպրես»-ի հարցերին ի պատասխան Հարությունյանը նշեց, որ տուժածների բժշկական փոխհատուցումն անհրաժեշտության դեպքում կիրականացնի ընկերությունը: «Կազմակերպությունը պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ օգնություն, ինչպես նաև օժանդակել տուժածների հետագա բուժման ծախսերը»,- ընդգծեց Հարությունյանը:
Խոսելով մեղավորների մասին՝ Ինգա Հարությունյանն ասաց, որ իրենք նախաքննություն չեն իրականացրել և չեն էլ կարող, քանի որ այդ հարցով զբաղվում են ոստիկանները և քննիչները:
«Հյուսիսային պողոտայում գտնվող «Բուրգեր քինգ» արագ սննդի կետի գործունեության դադարեցման մասին խոսք չկա և հետագա գործողությունների մասին հավելյալ կտեղեկացնենք»,- եզրափակեց հասարակայնության հետ կապերի պատասխանատուն:
Ապրիլի 2-ին, ժամը 20:44-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայի թիվ 5 հասցեում գտնվող «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը: Կա 8 տուժած՝ Ռուդոլֆ Մարկոսյան (6 տարեկան), Ռուբինա Մարկոսյան (8 տարեկան), Զարուհի Մելիքյան (19 տարեկան), Էրիկ Աշուղյան (24 տարեկան, ԻԻՀ քաղաքացի), Ալյոնա Ագապովա (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Լիզա Աբրահամովա (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Յարոսլավ Լյուբենկո (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Զեյնա Հուսեինի (24 տարեկան, ԻԻՀ քաղաքացի), ովքեր տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
Պարզվել է, որ «Բուրգեր Քինգ»-ի խոհանոցում տեղի է ունեցել ածխաթթու գազի (CO2) 20 կգ-անոց բալոնի պայթյուն: