Մարտի 31-ին մեկնարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնած «14+4» ձեւաչափով պայքարը: Ազդարարվեց կուսակցության նախաձեռնած «Իմ քայլը» արշավի սկիզբը, որի նպատակն է Սերժ Սարգսյանի իշխանավարման երրորդ ժամկետի կանխումը: Այդ օրն ազդարարվեց Գյումրուց Երեւան 14-օրյա քայլարշավի մեկնարկը: Նախատեսվում է, որ 14 օրերի ընթացքում մասնակիցները շուրջ 200 կմ ճանապարհը կանցնեն միայն քայլելով՝ լինելով Վանաձոր, Դիլիջան, Սեւան, Հրազդան, Աբովյան քաղաքներում, իսկ արդեն ապրիլի 13-ին կլինեն Երեւանի Ազատության հրապարակում, որտեղ էլ կմեկնարկի հանրահավաքը: Երեկ ՔՊ ներկայացուցիչներն արդեն Լոռու մարզի Սպիտակ քաղաքում էին:
Պայքարի ընթացքի եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանի հետ:
-Պարո՛ն Միրզոյան, այս օրերի պայքարի ընթացքից ի՞նչ տպավորություն ունեք, ի՞նչ արդյունքներ կան:
-Գիտե՛ք, նախ երեկ երեկոյան տասնյակ քաղաքացիներ էին եկել հարակից գյուղերից, Երեւանից: Եկել էին ճամբար հյուր, օրվա ընթացքում բազմաթիվ մարդիկ քայլերթին միացան՝ ե՛ւ քաղաքացիական ակտիվիստներ, ե՛ւ ուղղակի մարդիկ, ում ոգեշնչել է քայլերթ: Այսինքն` միայն դրական արձագանքներ ենք ստանում, աջակցության խոսքեր ենք ստանում, եւ շատ դրական են արձագանքները:
-Այսինքն` արդյունավետ համարո՞ւմ եք պայքարի այս մեթոդը:
-Այո՛, մեծ աղմուկը կարող են փաստել նույնիսկ մեր մոտեցումները չկիսողները կամ հակառակ դիրքերում գտնվողները: Նրանք ստիպված են փաստել, որ քայլերթն իր նպատակին մեծ հաշվով հասնում է իրազեկման առումով, եւ ես հավատացած եմ, որ կհասնենք մեր նպատակին նաեւ մարդկանց խրախուսելու առումով:
-Հայտնի է, որ նպատակը Սերժ Սարգսյանի իշխանավարման երրորդ ժամկետի կանխումն է: Այսինքն` ամեն դեպքում անձերի՞ դեմ եք պայքարում:
-Տեսե՛ք, մենք այսպես ենք ձեւակերպում, որ մեր առաքելությունը քաղաքացու հաղթանակն է, մեր նպատակը Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետով իշխանավարումը կանխելն է, որը կբերի ամբողջական իշխանափոխության: Այ, այդ ճանապարհին ունենք լուծվելիք խնդիրներ՝ ոգեշնչել մարդկանց, կոտրել հուսալքությունը, խրախուսել մասնակցությունը եւ այդպես շարունակ:
-Ամեն դեպքում անձի խնդիր եք դնում Ձեր առջեւ:
-Անձի խնդիր, իհարկե, առկա է: Չի կարող չլիներ, որովհետեւ այդ համակարգը հենված է այդ անձի վրա եւ անձի շուրջ: Դուք հանեք Սերժ Սարգսյանին այդ համակարգից եւ պատկերացրեք, որ իրենց ամբողջ բուրգը փլուզվում է: Չկա այլ առանցք, որի շուրջ ՀՀԿ-ի սատելիտները կարող են համախմբվել եւ գործել այն խաղի կանոններով, որով գործում է:
-Եթե, օրինակ, լինի Կարեն Կարապետյանը, Գալուստ Սահակյանը կամ Առաքել Մովսիսյանը, դա Ձեզ կբավարարի՞:
-Չի բավարարի: Նայե՛ք, մենք վստահ ենք՝ եթե Սերժ Սարգսյանը չառաջադրվի, այդ բուրգը եւ այդ կետին հասած քաղաքացիները շարունակելու են պայքարը, եւ արագորեն այդ բուրգը, համակարգը քանդվելու է, եւ ՀՀԿ-ն կհեռանա իշխանությունից: Մենք ուզում ենք ասել, որ պետք չէ ջայլամ լինել եւ չնկատել, որ այդ համակարգը մարմնավորված է այդ անձի մեջ: Այնպես չէ, որ մենք ասում ենք` անձը փոխվի, բայց այդ համակարգը, խաղի կանոնները, հարաբերությունները մնան, եւ մենք կարող ենք դա բավարար համարել: Իհարկե՛, ո՛չ:
-Ձեր ընդդիմախոսները մատնանշում են, թե պետք է դեռ ՔՊ-ն պայքարեր սահմանադրական փոփոխությունների դեմ, եւ հիմա այսպիսի պայքարն անիմաստ է, քանի որ, ի վերջո, ՀՀԿ-ն Սահմանադրություն չի խախտում:
-Մենք էլ ասում ենք, որ ժողովուրդն իրավունք ունի ամեն վայրկյան կամարտահայտության դիմել, դա էլ է սահմանադրական իրավունք: Որեւէ հարցի շուրջ քաղաքացիները կարող են զանգվածաբար կամարտահայտությունն անել եւ փոխել իրավիճակն ու իշխանություններին: Սահմանադրական փոփոխություններով այդ հարցը չի լուծվում:
-Իսկ «Ելք» դաշինքի մաս կազմող «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Հանրապետություն» կուսակցություններից արձագանքներ ստացե՞լ եք:
-Մենք չենք հասցնում հետեւել լուրերին, որովհետեւ քայլում ենք, եւ տեխնիկապես այդքան հարմար չէ: Որքանով գիտեմ` որեւէ փոփոխություն չի եղել նրանց դիրքորոշման մեջ:
-Իսկ «Ելք» խմբակցությունն առաջադրելո՞ւ է վարչապետի թեկնածու: Մինչ Ձեր պայքարը, նշվում էր, թե Նիկոլ Փաշինյանը կարող է լինել դաշինքի վարչապետի թեկնածուն:
-Այս պահին քննարկումներ չկան, բայց դա չի նշանակում, որ առաջիկա օրերին դրանք չեն լինի: Դա պետք է բխի այս շարժման ընդհանուր տրամաբանությունից: Մենք կոնկրետ նույնիսկ այս շարժումը սկսելուց կամ հայտարարելուց առաջ նույնիսկ կոնկրետ թեկնածուներ չենք քննարկել:
Նաիրա Հովհաննիսյան