Դասեր պետք է քաղեինք պատերազմից առա՛ջ. Ռազմիկ Պետրոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ լրացավ ապրիլյան քառօրյա պատերազմի երկու տարին: Ի՞նչ դասեր քաղեցին իշխանություններն ապրիլյան պատերազմից հետո, եւ ի՞նչ ունենք այսօր: «Ժողովուրդ» օրաթերթի… զրուցակիցն է «Ազատամարտիկների դաշինքի» անդամ, ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանը:

-Պարո՛ն Պետրոսյան, ըստ Ձեզ` իշխանություններն այս պատերազմից հետո դասեր քաղե՞լ են:

-Մենք ապրիլյան պատերազմից առաջ պետք է դասեր քաղած լինեինք: Ապրիլյան պատերազմը մեզ համար վերջնականապես մի խնդիր դրեց, որպեսզի ուշադիր լինենք: Իշխանություններին սա ավելի շատ պետք է ուղերձ լիներ, որպեսզի դեմքով կարողանային թեքվել դեպի ժողովուրդը, իսկ մենք ժողովրդով այդ քննությունը լավ անցանք, միասնական կարողացանք արձագանքել:

-Իսկ հիմա իշխանությունը դեմքով շրջվե՞լ է դեպի ժողովուրդը, թե՞ ոչ:

-Դա չեմ կարող ասել: Հիմա նախարարն ասում է, թե պայքարում է ներքին կոռուպցիայի դեմ: Եթե արդյունքներ լինեին, կտեսնեինք: Ամեն դեպքում քննությունը մարտական գործողությունների ընթացքում կզգացվի: Բանակի քննությունը միշտ նման գործողություններով է փորձարկվում: Տա Աստված, որ իսկապես իշխանությունները հետեւություն արած կլինեն, թե չէ ժողովուրդը հետեւություններ անելու խնդիր չունի, ինքը միշտ պատրաստ է: Դրա ապացույցն էլ հենց ապրիլյան պատերազմն էր, մենք քննությունը նորմալ հանձնեցինք:

-Իսկ Ըստ Ձեզ` ո՞րն էր գլխավոր բացթողումը, որ ունեցանք այդ օրերին:

-Երեւի շատ էինք հանգստացել, ժամանակ շատ էր անցել: Շատերին թվում էր, թե արդեն վերջնականապես ավարտել ենք: Ես եւս մեկ անգամ ուզում եմ կրկնել սպարապետի խոսքը, ասում էր՝ «Եկեք, չհոգնենք, կռիվը մինչեւ վերջ տանենք»: Շատ շատերին թվում էր, թե կռիվն արդեն ավարտվել է, միշտ էլ այդ ժամանակավոր զինադադարը վերջնական խաղաղություն չէ: Մենք պետք է հասնենք վերջնական հաղթանակի եւ այդ ժամանակ էլ կունենանք հաջողություն: Իսկ հիմա ամեն ինչ ժամանակավոր է, մանավանդ, որ քաղաքականությունն է որոշում մարտական գործողությունները: Ավելի շատ քաղաքականությունն է մտել այս դաշտ, իսկ բանակն անկախ ամեն ինչից` պետք է հեռու լինի քաղաքականությունից, իսկ մեզ մոտ այդպես չէ:

-Նշեցիք՝ պետք է հասնել վերջնական հաղթանակի: Ինչպե՞ս եք դա տեսնում:

-Միշտ պետք է պատրաստ լինել պատերազմի: Մենք պետք է հզոր տնտեսություն ունենանք, որը բանակին կմատակարարի ժամանակակից զենքեր, որպեսզի մենք բոլոր մարտահրավերներին պատրաստ լինենք: Եթե մենք պատրաստ լինենք պատերազմի, երբեք պատերազմ չենք էլ ունենա: Եթե լինենք վախկոտ, վախվորած, ասենք՝ վայ, թուրքը կհարձակվի, դա լավ չէ, չպետք է այդպիսին լինել: Պետք է կարողանանք հաղթածի հոգեբանությունը պահենք եւ բանակն էլ մարտունակ վիճակում: Դա կլինի մշտական խաղաղության գրավականը:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս