Ցավոտ հարց. քառօրյա պատերազմի զոհի անունը հիշում են շահարկելու ժամանակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ապրիլյան քառօրյա պատերազմի երկրորդ տարելիցն էր: Այդ պատերազմի զոհերից մեկն էլ Արամայիս Միքայելյանն է: Նա ծնվել է Սյունիքի մարզի Գորայք գյուղում, ապա տասը տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղ։ Սովորել էր «Հայբուսակ» համալսարանում, նաեւ Մայր Աթոռի Հայորդաց տանը, նաեւ ռադիոֆիզիկի մասնագիտություն ձեռք բերել: Պատերազմի դաշտում նա աչքի էր ընկել իր արիությամբ` Ջիբրայիլում ոչնչացնելով հակառակորդի զինվորների, բայց եւ ինքը զոհվել հակառակորդի գնդակից: Հետմահու պարգեւատրվել է ՀՀ «Արիություն» մեդալով։

Պատերազմից երկու տարի անց հերոսի մայրը՝ Լիլիթ Ավագյանը, կարծում է, որ պետական կառույցները քիչ-քիչ մոռացության են մատնում ապրիլյան դեպքերը, ու այդ օրերին զավակներ կորցրած ընտանիքներին հիշում են այն ժամանակ, երբ նրանց անունը օգտագործելու, շահարկելու պահ է գալիս։ «Շատ անհատներ մեզ հետ մեր ցավը ապրում են։ Գալիս են, նստում, զրուցում մեզ հետ, ցանկանում մեզ ինչ-որ փոքրիկ բանով օգնել, աջակցել։ Ես գումարը չեմ կարեւորում, այլ այն, որ իրենք այցելում են մեզ։ Դա ինձ համար շատ կարեւոր է, երբ մարդիկ հիշում են, կարեւորում են։ Իսկ պետական կառույցների վերաբերմունքը քիչ-քիչ սառում է։ Ինձ համար սա ցավ է, վիրավորանք»:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց Լիլիթ Ավագյանը։ Նա հավելեց, որ որպես ծնող իրեն վատ է զգում: «Ես չեմ ցանկանում անընդհատ մատնացույց անել ու իրենց հիշեցնել, որ հերոսի մայր եմ։ Իրենք պետք է պարտավորված լինեն այդ ընտանիքների առաջ։ Այդ ընտանիքները չպետք է գնան իրենց դիմեն որեւէ հարցով։ Կարծում եմ, որ այս հարցի լուծման համար օրենք է անհրաժեշտ, որ մենք իմանանք, թե որն է մեր օրենքի սահմանը, երբ ինչ-որ կառույցի ենք դիմում՝ իմանանք, թե որն է մեր իրավունքը։ Դա կլինի թե՛ առողջական, թե՛ սոցիալական, թե՛ կենցաղային հարցերով,- նշեց նա՝ հավելելով,- ինչքանով է ճիշտ, որ մենք գնում ենք, իրենց դռները թակում ենք, իսկ իրենք մեզ անպատասխան են թողնում։ Ասում են՝ գնացեք, մենք ձեզ պատասխան կուղարկենք, բայց այդ ամենը մնում է պարզապես թղթի վրա գրված»։ Լիլիթ Ավագյանը պատմում է, որ իր մյուս որդին ուզում է ընդունվել պոլիտեխնիկական համալսարան։ «Ես նախօրոք մոտենում եմ, հարցնում՝ թե արդյո՞ք որպես զոհված զինվորի եղբայր որեւէ արտոնության իրավունք ունի իմ տղան, պատասխանում են՝ ոչ։ Ես զարմանք եմ ապրում, հարցնում եմ՝ ինչու՞, պատասխանում են, որ դիմեմ կրթության եւ գիտության նախարարություն։ Չեմ հասկանում՝ ինչո՞ւ ես պետք է դիմեմ նախարարություն: Ու միայն ես չեմ, ինձ նման շատ ծնողներ կան, որ իրենց զոհված զավակները քույր ու եղբայր ունեն։ Սա պետք է լինի մեկ ընդհանուր օրենք բոլորի համար։ Հեշտ չէ ամեն հարցի համար տրամադրվելը ու հերթական պետական կառույցի դուռը թակելը»։

Լյուսի Պողոսյան




Լրահոս