Հայտնի դատավորը դատելու է «զոն նայողին». նոր զարգացումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԱԾ-ի կողմից Գորիսի քրեակատարողական հիմնարկում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի գործով նախաքննությունը ավարտվել է, եւ գործը ուղարկվել է դատարան:

Դեռ ամիսներ առաջ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԱԾ քննչական վարչության պետ Միքայել Համբարձումյանը ասել էր, որ ըստ նախաքննությամբ բացահայտված տվյալների` տեւական ժամանակ «Գորիս» ՔԿՀ թմրամիջոցներ են մտցվել առնվազն 2 եղանակով, որոնցում ներգրավված են եղել ՔԿ աշխատակիցներ, անազատության մեջ պահվող, այսպես կոչված, քրեական հեղինակություններ եւ դրսում գտնվող անձինք, ովքեր հայթայթել են թմրամիջոցները եւ ուղարկել ՔԿՀ: Ներկա դրությամբ նշված քրեական գործի նյութերով հարուցվել են թվով 5 նոր գործեր, որոնցով մեղադրվում են 11 անձինք, նրանցից 2-ը «Գորիս» ՔԿՀ աշխատակիցներ են, 1-ը` «Գորիս» ԲԿ բժիշկ: Եւ ահա դատապարտյալների կողմից թմրանյութի մատակարարման դեպքով 9 մեղադրյալի մասով գործը ուղարկվել է դատարան: Մասնավորապես տեղեկացանք, որ ամբաստանյալի աթոռին է հայտնվել Դավիթ Մովսիսյանը. նա կալանավայրում իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել, իր մոտ պահել եւ փոխադրել զգալի չափի թմրամիջոց, ինչպես նաեւ օժանդակել է ազատազրկված մյուս անձանց իրացնելու թմրամիջոցները:

Գորիսի ՔԿՀ-ի «զոն նայող» Կարապետ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա փորձել է ապօրինի ձեռք բերել խոշոր չափերով թմրամիջոց, ինչպես նաեւ ծառայության գծով թողտվության համար պաշտոնատար անձին տվել է կաշառք:

Դատապարտյալներ Արթուր Պապիկյանին, Արման Հարությունյանին, Անդրանիկ Խաչատուրյանին, Անդրանիկ Մարգարյանին, Էգգար Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք ազատազրկման ընթացքում, առանց իրացնելու նպատակի, փորձել են ապօրինի ձեռք բերել խոշոր չափերով թմրամիջոց:

Բանտապահ Սմբատ Հակոբյանին էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով պաշտոնատար անձ, ծառայության գծով թողտվության դիմաց ստացել է կաշառք:

Հատկանշական է փաստը, որ Գորիսի ՔԿՀ արդեն նախկին պետ Մաքունցը թոշակի գնալով` խուսափեց պատասխանատվությունից: Միայն թե նրան թոշակի ուղարկեցին շատ արագ՝ այդ դեպքերի բացահայտումից հետո:

Հիմա Գորիսի ՔԿՀ-ի թմրանյութերի գործն ուղարկվել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, եւ գործը մակագրվել է դատավոր Նապոլեոն Օհանյանին, որը սովորաբար աղմկահարույց գործեր է քննում:

Քնար Մանուկյան




Լրահոս