«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՌԴ-Արեւմուտք հարաբերությունների լարման համատեքստում դժվար կացության մեջ է հայտնվելու Հայաստանը, որ մի կողմից ԵԱՏՄ անդամ է, մյուս կողմից՝ ԵՄ-ի հետ նախորդ տարի ստորագրեց համաձայնագիր: Ինչպես հայտնի է` արեւմտյան 22 երկրներ, այդ թվում՝ ԵՄ անդամ պետություններ որոշում են կայացրել ռուս դիվանագետների արտաքսելու մասին, իր հերթին ՌԴ-ն է նման որոշում կայացրել նրանց նկատմամբ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը պնդել է, թե այս ամենը Հայաստանի վրա չի անդրադառնա, քանի որ ՀՀ-ն ԵՄ անդամ չէ:
«Ես կարծում եմ, որ դա Հայաստանի հետ որեւէ առնչություն չունի, որովհետեւ խնդիրն ավելի շատ Բրյուսել-Մոսկվա, Վաշինգտոն-Մոսկվա տիրույթում է,- ասել է նա, սակայն հավելել,-կա ռազմաքաղաքական բնույթի վտանգ: ԱՄՆ-ը հիմա սահմանափակումներ է մտցնում որոշ երկրների այն ընկերությունների դեմ, որոնք Ռուսաստանից զենք են գնում»: Նշենք, որ Հայաստանը ՌԴ-ի ռազմավարական գործընկերն է համարվում եւ ՌԴ-ից բավական մեծ քանակությամբ զենք է գնում, ինչպես եւ՝ Ադրբեջանը:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: