Խախտումներով աշխատած հիմնադրամը փողերի մսխման հերթական փո՞րձն է անում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բագրատ Ենգիբարյանի ղեկավարած «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը որոշել է աշխարհացունց նորամուծություն անել. նրանք բջջային հավելված են ստեղծելու, որով նախատեսվում է կանխել սեռով պայմանավորված բռնությունները: Համաձայնեք` իսկական զավեշտ, որովհետեւ ամենավառ երեւակայության դեպքում անգամ դժվար է պատկերացնել, թե ինչպես կարելի է կանխել սեռով պայմանավորված բռնությունները: Այդ նպատակով Համաշխարհային բանկի խումբը եւ սեռական բռնությունների հետազոտության նախաձեռնությունը տրամադրել են ոչ ավել, ոչ պակաս 95 հազար 500 դոլար: Եվ մեկ տարվա ընթացքում «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամն այս գումարով պետք է ստեղծի այդ հավելվածը:

Միայն թե այս նախաձեռնության բովանդակությունից տպավորություն է, թե գործ ունենք փողերի մսխման հերթական դեպքի հետ: Ի վերջո, հիշեցնենք` «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանի անունը ավելի հայտնի դարձավ նախորդ տարի ՎՊ բացահայտումներից հետո, երբ պարզվեց՝ այդ հիմնադրամում լուրջ գումարների չարաշահումներ են եղել: Ենգիբարյանի դեմ անգամ քրեական գործ է հարուցվել, որը մոտ մեկ տարի է՝ քննվում է: Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ պետական շահերի պաշտպանության վարչության կողմից Վերահսկիչ պալատի` 2016 թվականի ընթացիկ հաշվետվության ուսումնասիրությամբ պարզվեց, որ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի ծառայողների կողմից հիմնադրամի գույքի կառավարման, պետական միջոցների տնօրինման գործընթացներում թույլ են տրվել խախտումներ եւ չարաշահումներ, որոնք առաջացրել են ծանր հետեւանքներ:

Մեկ փաստ եւս. տեւական ժամանակ է անցել, սակայն հարուցված քրեական գործով տեղաշարժ չկա: Փաստորեն Ենգիբարյանին իշխանությունը կարծես թե չի պատրաստվում պատասխանատվության ենթարկել, քանի որ նա «փող աշխատող» անձնավորություն է եւ հավանաբար իր ձեռք բերած գումարներից կիսվում է նաեւ իշխանական օղակների հետ: Սակայն մյուս կողմից իշխանությունը չէր կարող աչք փակել ՎՊ բացահայտած չարաշահումների վրա, քանի որ զեկույցում դրանք հստակ ներկայացված էին:

Այսքանից հետո Ենգիբարյանը հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ: Ինչպես կասեր Օստապ Բենդերը Շուրա Բալագանովին. «Տեսնում եմ՝ անշահախնդրաբար փող եք սիրում»:

Մոռացանք ասել՝ Բենդերը նաեւ պարծենում էր, որ ինքը փող աշխատելու «400 համեմատաբար ազնիվ մեթոդ գիտի»: Հիմա նույնն է նաեւ այս դեպքում:

Մինչ այդ մեկ փոքր հարց. այնուամենայնիվ, պարզ չէ, թե ինչպե՞ս է այս հիմնադրամը հավելվածի միջոցով բռնություն կանխելու: Շատ հետաքրքիր է` մարդն այդ բջջային հավելվածը նայելով պետք է որոշի` որեւէ մեկին սեռական բռնության ենթարկե՞լ, թե՞ ոչ: Օրինակ` եթե որեւէ տղամարդ ցանկանա մի կնոջ սեռական բռնության ենթարկել, նա շտապելու է նախ բջջային հավելվածը ներբեռնե՞լ, նայե՞լ եւ ե՞տ կանգնել այդ մտքից: Ինչեւէ, այս բոլոր հարցերի պատասխանները երեւի թե միայն Բագրատ Ենգիբարյանը կունենա, ում ձեռքում էլ հայտնվելու է գումարը:

ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս