Մինչ ՀՀ կառավարությունը մաքսատուրքի գծով արտոնություն է տալիս հայտնի գործարարներին պատկանող ընկերություններին, վերջինների աշխատակիցները թալանում են նրանց` կանգնեցնելով խնդրի առաջ:
Բանն այն է, որ 2017 թվականին կառավարությունը որոշեց մաքսատուրքի գծով արտոնություն տալ «Ֆուրնիվուդ» ընկերությանը: Այս ընկերությունը շուկայում ներկայացված է «Դեկորա» խանութների ցանցով, հիմնադրվել է դեռեւս 1998թ-ին: Սկսելով փայտաթեփային սալերի (ԴՍՊ)-ի ներկրումից` այժմ առաջարկում է կահույքի արտադրության եւ ինտերիերի ձեւավորման համար պահանջվող բոլոր նյութերը:
Ի դեպ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման եւ անցկացման աշխատանքներին ցուցաբերած գործուն աջակցության համար Սերժ Սարգսյանը «Ֆուրնիվուդ» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն Արմեն Մուրադյանին պարգեւատրել է Երախտագիտության մեդալով: Ու մինչ Սերժ Սարգսյանը Երախտագիտության մեդալ է տալիս, իսկ կառավարությունը` մաքսային արտոնություն, վերոնշյալ ընկերության սեփականատիրոջը, մեղմ ասած, թալանում են:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Աշոտ Դանիելյանը 2015թ. մայիսի 14-ին կնքված թիվ 15-73 աշխատանքային պայմանագրով աշխատանքի է անցել «Ֆուրնիվուդ» ՍՊԸ-ում որպես գանձապահ-վաճառող: Արդյունքում, ըստ նախաքննությունը իրականացնող մարմնի, Աշոտ Դանիելյանը 2016թ. մայիսի 11-ից մինչեւ 2017թ. ապրիլի 19-ն ընկած ժամանակահատվածում միասնական հանցավոր դիտավորությամբ յուրացման եղանակով հափշտակել է ՍՊԸ պատկանող առանձնապես խոշոր չափերով գույք` պատճառելով 40 միլիոն 116 հազար 553 դրամի գույքային վնաս:
Այս արարքի համար Աշոտ Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի առաջին կետով՝ յուրացնելը կամ վատնելը խոշոր չափերով պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա: Տեղեկացանք, որ Աշոտ Դանիելյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ երկրից չբացակայելը:
Քնար Մանուկյան